Գեղեցիկ խոսքեր

11/11/2010

«Հայաստանում արձանագրված գնաճի ցուցանիշը բարձր եւ լուրջ մարտահրավեր է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Եվ կառավարությունը, եւ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, եւ Կենտրոնական բանկը գնաճի զսպման ուղղությամբ աշխատանքներ են տանում: Թե ինչ արդյունքներ կունենանք տարեվերջին, ցույց կտա ժամանակը»,- ասել է նա: Անդրադառնալով պանրի գների բարձրացմանը` Մինասյանն անհավանական է համարել այն լուրերը, թե այս շուկայում փորձում են մենաշնորհ ձեւավորել: Ըստ նրա, Հայաստանում կան պանրի արտադրությամբ զբաղվող բազմաթիվ, այդ թվում` մանր ընկերություններ: Պանրի գների բարձրացման պատճառը պարզելու համար, ըստ Մինասյանի, պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացվեն: Անդրադառնալով հաջորդ տարվա պետբյուջեին` Մինասյանն ասել է, որ այն առանձնանում է դեֆիցիտի կրճատման գաղափարախոսությամբ: «Պետք է ավելի խիստ քաղաքականություն վարվի խոշոր բիզնեսի նկատմամբ: Այս դիրքորոշումն իրականացվում է, եւ հաջորդ տարի կտա իր արդյունքը»,- ասել է նա, բնականաբար, չմասնավորեցնելով, թե հատկապես որ խոշոր բիզնեսի նկատմամբ է խիստ քաղաքականություն վարվելու: