Ռուսաստանը կարտոֆիլ է ներմուծելու

11/11/2010

«Ռուսաստանն այս տարի որոշել է կարտոֆիլ ներմուծել: Հավանական մատակարարների թվում նշվում են Հոլանդիան, Ադրբեջանը եւ Չինաստանը»,- երեկ նման տեղեկություն է հրապարակել «Ռոսիյսկայա գազետան»` պարզաբանելով. «Խնդիրն այն է, որ երաշտն ազդել է նաեւ կարտոֆիլի բերքի վրա: Ագրարային շուկայի իրավիճակի ինստիտուտի (ԼԽԸՀ) տվյալներով` Ռուսաստանում կարտոֆիլի բերքահավաքն այս տարի կկազմի 22 մլն տոննա` անցյալ տարվա 31 մլն տոննայի դիմաց: Տարեկան Ռուսաստանը սպառում է մոտ 27 մլն տոննա կարտոֆիլ: Վերջին մեկ ամսում Ռուսաստանի հարավում կարտոֆիլը թանկացել է գրեթե 1,5 անգամ: Եթե անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում կարտոֆիլի մեծածախ գինը կազմում էր 1 կգ-ի համար 8 ռուբլի (մոտ 95 դրամ.- խմբ.), ապա ներկայումս` մոտ 20 ռուբլի (մոտ 235 դրամ): Սովորաբար, տարվա այս սեզոնին կարտոֆիլի գները Ռուսաստանի հարավում նվազում են, սակայն հիմա տեղի է ունենում ճիշտ հակառակը: Մեծածախ գների աճը ազդել է նաեւ մանրածախ գների վրա: Այսպես` Ստավրոպոլի երկրամասում կարտոֆիլի 1 կգ-ի գինը 18,6 ռուբլուց (220 դրամ.- խմբ.) հասել է 29,5 ռուբլու (մոտ 350 դրամ): Ամենաբարձր գինը գրանցվել է Չեչնիայում` 30 ռուբլի (355 դրամ)»: Նշենք, որ Հայաստանում եւս այս տարի կարտոֆիլի անսովոր բարձր գներ են: Նախորդ տարվա համեմատ երեւանյան շուկաներում կարտոֆիլի գներն աճել են մոտ 2,5 անգամ: Կարտոֆիլն այս օրերին Երեւանում վաճառվում է կգ-ն՝ 210-250 դրամով, անցյալ տարվա 80-100 դրամի համեմատ: Սակայն հայաստանյան գների վրա ազդել է ոչ թե երաշտը, այլ գյուղացիների մտավախությունը, որ առատ բերքի պայմաններում 100 տոկոսով իրացում չի լինում: Հատկանշական է, որ անցյալ տարի գյուղացիական տնտեսությունների պահեստներում փչացել եւ թափվել է մոտ 50 հազար տոննա կարտոֆիլ: