Եղեռնը վերապրած երրորդ ու չորրորդ սերնդի համար անակնկալ բացվեց Արեւմտյան Հայաստան այցելելու հնարավորությունը: Հնարավորություն, որից զրկված էին առաջին երկու սերունդները: Իմ պարագային` պապս ու հայրս: Նրանք Կարսի մասին շատ էին խոսում: Պապս Կարսում էր ծնվել: Իսկ հայրս Կարսն այդպես էլ չտեսավ: Հարկավ նկատել եք, որ Արեւմտյան Հայաստան այցելած հայն անպայման պատմում է իր ճանապարհորդության մասին: Այդ գայթակղությունը ես էլ չկարողացա հաղթահարել: Ճիշտ այնպես, ինչպես չկարողացա հաղթահարել ու մերժել երկրորդ անգամ Արեւմտյան Հայաստան այցելելու առաջարկը: Չնայած արդեն գիտեի, որ մեր պատմական հայրենիքում մեր հետքը համարյա չկա: Այդ տարածքում հիմնականում քրդեր ու քրդական ցեղեր են ապրում: Արեւմտյան Հայաստանը Թուրքիայի ամենաթերզարգացած շրջանն է: Թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը այդ տարածաշրջանի նկատմամբ խիստ ակնհայտ է: Մինչեւ վերջին ժամանակներս քիչ թե շատ ներդրումներ կատարվել են Արեւմտյան Հայաստանի այն քաղաքներում, որտեղ թուրքական բնակչություն կա: Օրինակ` Էրզրումում, որ խնամված հին ու ժամանակակից ճարտարապետական գեղեցիկ շինությունների քաղաք է: Ի տարբերություն հիմնականում քրդաբնակ` Կարս, Մուշ, Իգդիր, Բայազետ, Բիթլիս ու այլ քաղաքների: Պաշտոնապես մոտ 80 հազար բնակչություն (հիմնականում՝ քուրդ եւ ադրբեջանցի) ունեցող Կարսում միայն վերջերս են նոր շինություններ կառուցվում: Քաղաքում արդեն երկու բարձրակարգ հյուրանոց կա: Ռուսական կայսրության օրոք կառուցված շինությունները հիմնականում պահպանվել են: Կարսի մասին գրված երկրորդ հայտնի` «Ձյունը» վեպում, Օրհան Փամուկը նկարագրել էր այս քաղաքի պետերբուրգյան կայսերական ճարտարապետության ոճով կառուցված շինությունները: Իր սան Եղիշե Չարենցով հայտնի Ռեալական դպրոցի շենքում այսօր բժիշկների վերապատրաստման հիմնարկություն է գործում: Օրիորդաց երբեմնի գիմնազիան հիմա դպրոց է: Առաջին շենքը նորոգման լուրջ կարիք ունի, երկրորդը վերջերս է նորոգվել: Փամուկը ճիշտ է նկատել: Կարսի այսօրվա բնակիչները չկարողացան օգտագործել ռուսական վառարանները: Ժամանակին դրանք քանդել են ու հիմա շենքերը ջեռուցում են քարածխի վառարաններով: Երեկոյան Կարսում զբոսնելն անհնար է: Քաղաքը պատվում է վատորակ քարածխի այրումից առաջացած թանձր ծխով: Քարածխի վառարաններով են ջեռուցվում նաեւ բազմահարկ շենքերի բնակարանները: Նույն թանձր ծուխն է նստած նաեւ մյուս քաղաքների վրա: Բայց մենք` հայերս, այցելում ենք այդ քաղաքներ: Ինչո՞ւ: Պարզ չէ: Շատ ու շատ վայրերում մեր հետքն այլեւս չկա: Կիսավեր Վարագավանքը տեսնելուց հետո հայ մարդն անբացատրելի համառությամբ բարձրանում է Մշո Սուրբ Տան Սուրբ Կարապետ վանք: Չնայած գիտի, որ Սուրբ Կարապետը պայթեցվել է 1962թ.-ին: Վանքը պայթեցնելուց հետո թուրքական իշխանությունները քրդական զազա ցեղի մի քանի տասնյակ ընտանիք են վերաբնակեցրել վանքի տարածքում: Վերաբնակիչները վանքի քարերով տներ ու գոմեր են կառուցել: Նրանք լեռնային տարածքում բնակարանաշինության փորձ ակնհայտ չունեն: Որովհետեւ տների մեծ մասը ճաք է տվել: Ու ճաք տված տների շուրջը պտտվելով՝ հայ մարդը մեկիկ-մեկիկ շոյում է խաչքարերի ու զարդանախշերի բեկորները: Քուրդ տեղաբնակները բարյացակամ են: Նրանցից ոմանք բացում են իրենց փոքրիկ տների դռներն ու ցույց տալիս, որ իրենց անսվաղ տների ներքին պատերին էլ խաչքարի բեկոր ու զարդանախշ կա: Թույլատրում են լուսանկարել: Կամ մտնել իրենց գոմ: Գոմ, որ սրբատաշ ու կամարակապ պատեր ունի: Իսկ սրբատաշ կամարներից մետրանոց սարդոստայններ են կախված: Տեսարանն ավելի ազդեցիկ է, քան հոլիվուդյան սարսափ ֆիլմի ցանկացած դրվագ: Տեղացիները ոչինչ չեն հասկանում: Ես, օրինակ, այսպիսի երկխոսություն լսեցի: Քուրդ ծերուկը նայելով ծուռումուռ գյուղական խրճիթների արանքում պտտվողներիս՝ կողքի կանգնած քրդին հարցրեց՝ «Տուրի՞ստ են»: Հարցրեց ու ստացավ «Չէ, հայեր են» պատասխանը: Հավանաբար նրանք էլ գիտեն, որ նման ավերակները տուրիստներին չեն կարող հետաքրքրել: «Իսկ ովքեր ենք մենք Արեւմտյան Հայաստանում» հարցին միանշանակ պատասխան տալը դժվար է: Գոմաբույր Վարագավանքում շարական երգողներին ու նրանց լուռ ունկնդիրներին տուրիստ չես անվանի: «Ես չեմ ուզում դրախտում լինել/ փախստականի կարգավիճակով»,- գրել է Արմեն Շեկոյանը: Եթե պատմական իներցիայով Արեւմտյան Հայաստանը համարենք երկիր-դրախտավայր, մեր կարգավիճակն ավելի անհասկանալի կդառնա: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրվեց: Տարեկան առնվազն մեկ անգամ Ս. Պատարագ մատուցելու իրավունք ստացանք: Բայց Վանի ամրոցից հին քաղաքին նայելը սարսափելի է: Հռչակավոր Այգեստանի տեղ՝ դաշտ է, քանդված տների փոսորակներով: Բայց Հայրենիքից քշվածների ժառանգներս գնում ենք Արեւմտյան Հայաստան, փորձում աղոթել մեր պապերի կանգուն կամ խոնարհված աղոթատներում: Հետո պլշած նայում ենք մեր հին քաղաքների լքված ու կիսավեր տներին: Գտնում ենք Չարենցի կիսավեր տունը` «շինված անտաշ քարով», կարդում թուրքերեն գրված «Վաճառվում է» ցուցանակը: Նայում, կարդում ու վերադառնում ենք: Վերադառնում ենք՝ պատասխանելու «Ճի՞շտ է, որ Արարատը մյուս կողմից սիրուն չէ» պարտադիր հարցին: Երեւի այս վիճակն էր Կարսի մասին գրված առաջին վեպում անվանվում «Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»: