Իսկ դեպքը տեղի է ունեցել այսպես. դպրոցական վերջին զանգի օրերին Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ շոկոլադ: Թե մասնավորապես ինչ ֆիրմա կամ անհատ է ներկրել այդ շոկոլադը, մինչ օրս չի բարձրաձայնվել: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, ամենալայն սպառում ունեցող կոնֆետները «Գրանդ քենդին» է արտադրում: Ներկրված շոկոլադի առկայությունը գործարար Հրանտ Վարդանյանին շատ է մտահոգել, քանի որ իր արտադրանքից անհամեմատ ցածր արժեքով շոկոլադի պատճառով «Գրանդ քենդիի» վաճառքը կարող էր նվազել: Վերջին զանգի օրերին հանրապետությունում քաղցրավենիք սովորաբար ավելի շատ է սպառվում, քանի որ դպրոցականները խնջույքների կամ միջոցառումների համար մեծ քանակությամբ գնումներ են կատարում: Մեր աղբյուրների հավաստմամբ, Հ. Վարդանյանը փորձում է խոչընդոտել մեծ քանակությամբ ներկրված շոկոլադի վաճառքը: Ըստ մեր աղբյուրների՝ ներկրված այդ ապրանքը ոչ միայն չի վաճառվում, այլեւ բեռնատար մեքենաներով բերվում է Նուբարաշենի աղբի կայան: Տոննաներով այդ շոկոլադը չի այրվում: 2004թ. այս դեպքը լուսաբանելու համար զրուցեցինք Նուբարաշենի բնակիչների հետ: Որոշ բնակիչների վկայությամբ, կազմակերպիչները նույնիսկ նպատակ են ունեցել թաղված շոկոլադե բոնբոներկաներն ու սալիկները վերջին զանգի օրերից հետո վաճառքի հանել: Նուբարաշենի աղբանոցի աշխատակիցները, բնականաբար, աղբանոցի տնօրենի հրահանգով, մի մեծ տարածք են փորում եւ ներկրված շոկոլադը արկղերով, խնամքով դասավորում փոսի մեջ: Նուբարաշենի աղբանոցում սովորաբար շատ մարդ է լինում: Նրանք գալիս են աղբանոց, որպեսզի շշեր, մետաղ կամ օգտագործման համար պիտանի այլ իրեր հավաքեն: Այդ օրն աղբանոց եկած մարդիկ ականատես են լինում, թե ինչպես է մեծ քանակությամբ շոկոլադը թաղվում մեկ մետրից ավելի խորությամբ եւ բավական մեծ փոսի մեջ: Աղբանոցում այդ պահին ներկա են լինում նաեւ Նուբարաշենի բնակիչներ, ովքեր, վերադառնալով տուն, բնակչության շրջանում խոսակցություններ են տարածում, որ աղբանոցում շոկոլադ են թաքցրել: Նուբարաշենի բնակիչներից շատերը գնում են աղբանոց` իբր մետաղ, շիշ հավաքելու, եւ սկսում են հողը փորելով հանել այդ շոկոլադը: Գալիս են նաեւ ավտոմեքենաներով: Նրանց հաջողվում է արկղերով շոկոլադը հանել, հյուրասիրել հարեւաններին, ծանոթներին:
Գառնիկը մահացավ աղբախառն հողի տակ
Նույն օրը՝ մայիսի 23-ին 30-ամյա Գառնիկ Մարտիրոսյանին ծանոթներն առաջարկում են բահ, քլունգ եւ այլ գործիքներ վերցնել ու գնալ աղբանոցից այդ շոկոլադը հանելու: Թեեւ աղբանոցից շոկոլադ հանելու միտքը Գառնիկին կաշկանդում է, նա այնուամենայնիվ, համաձայնում է: Նույն օրը ժամը 24.00-ին Գառնիկն իր արտաշատցի ընկերոջ հետ գնում է աղբանոց: Մուտքի մոտ ոմն երիտասարդ, որը ներկայանում է որպես աղբանոցի տնօրենի որդի, Գառնիկին ասում է, որ ինքը չի կարող շոկոլադ վերցնել, քանի որ դրա վրա թունավոր նյութ են լցրել: Մինչդեռ Գառնիկը նկատում է, որ նույն մարդու՝ տնօրենի որդու մեքենայի մեջ արկղերով շոկոլադ են տեղավորում: Հասկանում է, որ տնօրենի որդին խաբում է: Գառնիկն, այնուամենայնիվ, մտնում է աղբանոցի շոկոլադների թաղված հատվածը եւ ուրիշների հետ սկսում է բահով հողը փորել: Նույն գիշերն, ականատեսների վկայությամբ՝ Գառնիկից բացի այնտեղ է եղել մոտ 70-80 մարդ՝ Նուբարաշենից, Արարատից եւ Երեւանի տարբեր համայնքների բնակիչներ: Ինչեւէ, հողը փորելով Գառնիկը մտնում է փոսի մեջ, հասնում է շոկոլադե արկղերին: Նա փոսի միջից շոկոլադը հանում, տալիս է վերեւում կանգնած ընկերոջը: Նշենք, որ կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում սոսկալի մութ է, իսկ հարակից տարածքում ոչ մի կառույց չկա: Գառնիկի կանգնած հատվածում հանկարծ հողը շարժվում է, ոտքերը մնում են հողի տակ, մեջքի վրա ընկնում է, իսկ աղբախառն հողը լցվում է վրան: Ընկերն այդ պահին հեռու է լինում եւ չի նկատում: Աղբանոցում աղմուկ է բարձրանում, թե հողի տակ մարդ է մնացել, բայց մթությունից տեղն ու ով լինելը չեն կարողանում ճշտել: 70-80 հոգու աղմուկ-աղաղակից վախեցած` Գառնիկի եղբայրը, որը նույնպես աղբանոցում է լինում, շտապում է օգնել, բայց մտքով անգամ չի անցնում, որ հողի տակ իր եղբայրն է մնացել: «Երբ գոռում էին, որ հողի տակ մարդ է մնացել, բոլորը վախեցած փախնում էին աղբանոցից, դե պատկերացրեք 70-80 հոգու աղմուկը էդ տեսակ մթի մեջ, չես տեսնում, թե դիմացդ ինչ է կատարվում: Բոլորը վազում էին դուրս, բայց ես ընկերներիս ասացի` գնում եմ օգնեմ, ու վազեցի փոսի մոտ: Բայց մտքիս ծայրով չէր անցել, որ կարող է եղբայրս լիներ: Հասա փոսի մոտ, հողի վրա հազիվ տեսա միայն ոտքեր, քաշում եմ, հողից հազիվ ուզում եմ հանեմ, հանում եմ, տեսնեմ՝ եղբայրս է: Ընկերոջս հետ արագ-արագ խառնվում ենք իրար, ասում եմ՝ դու օդ տուր, ես դոշը թափ տամ: Ինքը օդ է տալիս, ես դոշն եմ թափ տալիս: Չի օգնում: Օդ եմ տալիս` նորից չի օգնում: Հասկացա, որ մահացել է»,- պատմում է Գառնիկի եղբայր Սամվելը:
Վախից սիրտը ճաքել է
Դիահերձարանում Գառնիկի մահվան պատճառը մեկնաբանվել է, թե վախից նրա սիրտը ճաքել է: Գառնիկի եղբայր Սամվելը չէր ուզում խոսել այս մասին, նրան այս թեման կրկին անգամ ցավ էր պատճառում, նա նաեւ ամաչում էր, որ եղբայրն այդ ողբերգական պատմության զոհն է դարձել: «Ախր նույնիսկ ամաչում եմ, էսքան տարի Սովետաշենում ենք ապրել, բայց երբեք աղբանոց չենք գնացել: Թե ո՞նց ստացվեց, չգիտեմ, ամոթ էլ է, ի՞նչ պատմեմ: Ախր Գառնիկը շատ ազնիվ էր, ամուսնացած էլ չէր, երիտասարդ, ի՞նչ պատմեմ, չգիտեմ…»,- կարկամում է եղբայրը: Հարեւանները պատմում են, որ Գառնիկը մասնագիտությամբ շինարար էր եւ թաղամասի գրեթե բոլոր բնակիչների բնակարաններում մի բարի գործ արել է:
Փորձեցինք ճշտել, թե այս պատմության մասին ի՞նչ փաստեր ունի դատախազությունը: Էրեբունու դատախազությունից մեզ տեղեկացրին, որ գործը ոչ թե նախաքննության փուլում է, այլ ավարտված է: Գործը քննիչ Կարեն Թորոսյանի վարույթում էր, որն էլ այս օրերին մեկամսյա արձակուրդում է: Գործն ավարտված է, իսկ Գառնիկի եղբայրը մինչ օրս դատախազություն չի գնացել եւ ցուցմունք չի տվել: Մաքսային պետական կոմիտեին խնդրեցինք տեղեկություն տալ մեծ քանակությամբ շոկոլադ ներկրած այդ ընկերության մասին: Կոմիտեից մեզ միայն ասացին, որ իրենք չեն հրապարակում ապրանքը ներկրող անհատի կամ ընկերության անունը: Ինչեւէ, կասկածելի է, թե այնուամենայնիվ, ԱԱԾ-ն եւ Մաքսային կոմիտեն հսկայական այդ ապրանքն ինչո՞ւ են համարել ոչ պիտանի եւ, եթե անգամ դա անպետք շոկոլադ էր, ինչո՞ւ աղբանոցում չի ոչնչացվել, այլ թաղվել է: