Ռուսական «Պրավդա» թերթը ծավալուն հոդված է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նոյեմբերի 7-ին հնչեցրած ռազմատենչ ելույթի վերաբերյալ: Հոդվածի հեղինակներ Սերգեյ Բալմասովն ու Վադիմ Տրուխաչովը փորձել են տրամաբանություն գտնել Ալիեւի ռազմատենչ ելույթի մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդամենն օրեր առաջ էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Աստրախանում ստորագրվել ռազմագերիների ու աճյունների փոխանակման մասին եռակողմ հայտարարությունը: «Ինչո՞վ էր պայմանավորված Ադրբեջանի ղեկավարի նմանատիպ հռետորությունը: Հնարավոր է, նա փորձում էր անել ամեն ինչ, որպեսզի կողմնակիցները ինչքան հնարավոր է ձայներ հավաքեին խորհրդարանական ընտրություններին»,- գրում է թերթը: Նրանք անդրադարձել են նաեւ Ալիեւի դիտարկումներին, թե՝ ներկայիս Հայաստանը «բնիկ ադրբեջանական հողերի վրա է ստեղծվել», եւ, որ «Երեւանի խանությունը, Զանգեզուրի մահալը պատմական ադրբեջանական հողերն են»: «Ալիեւն ակնհայտորեն գլխից բարձր է թռնում: Հայկական պետությունը ստեղծվել է մոտ 2 հազարամյակ առաջ եւ իր գոյության ամենածաղկուն շրջանում տարածվել է Կասպից ծովից մինչ Միջերկրականը: Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, ստեղծել է իր գիրը: Այնպես որ` համարել հայկական հողերն ադրբեջանական` ամենաքիչը ոչ կոռեկտ է»,- գրում է թերթը: Մեկնաբանելով ռազմական գործողությունների սկսման ադրբեջանական սպառնալիքները, հոդվածի հեղինակները նկատել են. «Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ փորձում են նմանվել այն անեկդոտի կովբոյին, ով երկու անգամ փորձում է մտնել նույն գետը»: Նաեւ հավելել են. «Բաքուն պետք է հիշի, որ թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը չեն տրամադրի նրան նույնիսկ այն նվազագույն օժանդակությունը, որը ստացել է Վրաստանը 2008թ.: Ինչպես հայտնի է, Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ տեղակայված են ռուսական ռազմական բազաներ, ու ինչպես եւ Հարավային Օսեթիայի պարագայում, Ռուսաստանն անմասնակից չի մնա իր դաշնակցի վրա հարձակման դեպքում»: