Բաց նամակ

11/11/2010

Ուրանի հանքերի շահագործման դեմ նախաձեռնող խումբը երեկ նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որտեղ ասված է. «Հավանաբար տեղեկացված եք Լեռնաձորի համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ սյունեցիների կոշտ ու բացասական դիրքորոշման մասին, որը հիմք հանդիսացավ տեղական hասարակական կառույցների համար նախաձեռնել ստորագրահավաք` հանրության եւ հասարակական կառույցների դիրքորոշումը կառավարությանը ներկայացնելու նպատակով: Հանրության դիրքորոշումը հստակ պատկերացնելու համար ստորագրահավաքի մասնակիցներին հնարավորություն է տրվել վերոնշյալ խնդրի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել՝ կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաներով: Տեղեկացնում ենք Ձեզ, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ ստորագրահավաքին մասնակցել են առնվազն 11.000 քաղաքացիներ, եւ մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Լեռնաձորի համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Մենք ողջունում ենք տարածաշրջանում տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը, բայց անհամատեղելի ենք համարում միեւնույն տարածաշրջանում տուրիզմի եւ հանքարդյունաբերության զուգահեռ զարգացման քաղաքականությունը, որը որդեգրվել է ՀՀ կառավարության կողմից: Ուրանի հանքի շահագործումը կստիպի սոցիալական ծանր վիճակում գտնվող սյունեցուն, անելանելիությունից դրդված, լքել սեփական բնօրրանը եւ փնտրել իր հարազատների ու սերունդների համար առավել ապահով միջավայր: Մեզ մտահոգում եւ իշխանությունների հանդեպ անվստահության մթնոլորտ է ստեղծում այն հանգամանքը, որ նման զգայուն հարցի վերաբերյալ որոշումներ են կայացվել առանց հանրային քննարկումներ կազմակերպելու` թողնելով հանրությանն ու հասարակական կառույցներին պասիվ դիտորդի կարգավիճակում: Հաշվի առնելով խնդրի չափազանց զգայուն լինելը, մենք անհրաժեշտ ենք համարում հանրության մասնակցությունը որոշում կայացնելու գործընթացներում, եւ նախքան կառավարության եւ միջկառավարական որոշումների ընդունելը, իշխանությունները պետք է հաշվի առնեն Սյունիքի մարզի բնակչության դիրքորոշումը: Մենք հաշվի ենք առնում համաշխարհային մասշտաբով էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն հաշվի առնելով ՀՀ փոքր չափերը, տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրները, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա` անթույլատրելի ենք համարում ուրանի հանքի շահագործումը Հայաստանում: Մենք չենք վստահում ոլորտում շահագրգիռ այն պրոֆեսորներին ու ակադեմիկոսներին, որոնք փորձում են համոզել հանրությանը նոր տեխնոլոգիաներով ուրանի հանքի անվտանգ շահագործման մասին, քանի որ ուրանի հանքերի հարակից բնակավայրերի բնակիչների առողջության վերաբերյալ անցյալ ու ներկա արձանագրությունները վկայում են, որ զանազան մահացու հիվանդությունները բազմակի շատ են` համեմատ այլ բնակավայրերի բնակչության: Հստակ գիտակցելով Սյունիքի մարզում ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի եւ կյանքի բնականոն զարգացման վրա` մենք համոզված ենք, որ այս գործընթացի կասեցումը այլընտրանք չունի: Հիմք համարելով մարդու կյանքի եւ առողջության հիմնարար իրավունքները` ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները, հանրության մեջ տիրող լարված մթնոլորտը` մենք պահանջում ենք չեղյալ համարել վերոնշյալ խնդրին առնչվող բոլոր իրավական ակտերը եւ հանդես գալ գործընթացը կասեցնելու որոշումներով: Հիշեցնենք, որ այսօր Կապանում հանրահավաք է անցկացվելու` այս պահանջով»: