«Սինոփսիսը»` լավագույնը

11/11/2010

Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտի ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերությանը (Nasdaq: SNPS) ԱՄՆ Պետդեպարտամենտը ճանաչել է ԱՄՆ Պետքարտուղարության 2010թ. Կորպորատիվ Գերազանցության ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում իրականացրած գործունեության համար: Ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից: Կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է բիզնես լիդերներին, որոնք որպես գերազանց կորպորատիվ քաղաքացիներ՝ ԱՄՆ սահմաններից դուրս ունեն զգալի դերակատարություն: Պետքարտուղարի կողմից կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը եւ ժողովրդավարական սկզբունքները: «Սինոփսիսը» ճանաչվել է լավագույնը՝ որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը «խթանում է ԱՄՆ եւ օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ կրթական ծրագրերով եւ աշխատում է Հայաստանում աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ` տնկելով հազարավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետեւանքները կանխելու համար»: Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը «Սինոփսիս Արմենիայի» Երեւանի գիտաարտադրական կենտրոնում հանձնեց պատվո հատուկ մրցանակը: Մրցանակը ստորագրված է ԱՄՆ էկոնոմիկայի, Էներգետիկայի եւ գյուղատնտեսական հարաբերությունների քարտուղար Ռոբերտ Հորմաթսի կողմից: Ցուցանակին գրված է՝ Կորպորատիվ գերազանցության մրցանակ «Սինոփսիսին»՝ «Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության եւ հաջողված բիզնեսի իրականացման համար»: Մրցանակակիրների շարքում են «Ալտա Վենչըրսը»՝ Մեքսիկայում, «Սիսկոն»՝ Իսրայելում, «Կոկա-Կոլան»՝ Սվազիլենդում, «Դենիմաթրիքսը»՝ Գվատեմալայում, «Ֆիջի Ուոթերը»՝ Ֆիջիում, «Ջի Ին»՝ Հնդկաստանում, «Ինթելը»՝ Կոստա Ռիկայում, «Մարս Ինք.-ը»՝ Գանայում, «ՊեպսիԿոն» Հնդկաստանում, «Քուալկոմը»՝ Չինաստանում եւ «Թանգ Էներջին»՝ Չինաստանում: