– ՀՀ անկախացումից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը (ՏՏ) հռչակվեց որպես տնտեսության զարգացման հեռանկարային ճյուղ: Փոքր-ինչ անիրատեսական չէ՞:
– Կարծում եմ՝ բնավ էլ անիրատեսական չէ: Դա կարող են փաստել հաջողություններ ունեցած այն օրինակները, որոնք ստեղծվել են մեր երկրում: Որպես դրա հավաստիք՝ կարող եմ նշել «Սինոփսիս Արմենիա» ընկերության օրինակը, թեեւ, ինչ խոսք, միգուցե շատերին անհամեստություն թվա: Հնարավոր չէ համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող ընկերությունները լուրջ զարգացումներ ունենան ինչ-որ երկրի թերի զարգացած ենթակառուցվածքների պայմաններում: Ու, բնականաբար, հնարավոր չէր, որ «Սինոփսիս» ընկերությունը մուտք գործեր Հայաստան, եթե գլխամասային գրասենյակը համոզված չլիներ, որ այստեղ կան ենթակառուցվածքներ ու համապատասխան բիզնես միջավայր: Խնդիրն այն է, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ավելի հավակնոտ են, քան մեր հասարակությունը: Հասարակությանը մշտապես ասում են, որ մեր երկրի խնդիրներից մեկը տեղեկատվական հասարակության ստեղծումն է, ՏՏ ոլորտի զարգացումը եւ այլն, իսկ վերջինս էլ սպասում է դրա, այսպես ասած՝ իրականացմանը: Մինչդեռ ՏՏ ոլորտի մարդիկ առավել տեղեկացված են, գիտեն ոչ միայն տարածաշրջանում, այլեւ՝ աշխարհում կատարվող տեղեկատվական իրադարձությունները: Դա է պատճառը, որ ՏՏ ոլորտի մարդկանց սպասելիքներն ավելի շատ են պետությունից, քան՝ տնտեսության մյուս ոլորտների ներկայացուցիչներինը: Իհարկե, այս իմաստով որոշակի աշխատանքներ տարվում են, բայց, ցավոք, զարգացումն ընթանում է շատ դանդաղ տեմպերով: Այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում մենք պարզապես իրավունք չունենք դանդաղ «քայլելու»՝ հաշվի առնելով, որ այս ոլորտի զարգացումը միանշանակ նպաստում է տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը: Սա է խնդիրը:
– Իսկ մրցակցության խնդիր չկա՞:
– Հայաստանի ՏՏ ոլորտի գլոբալ մրցակցության իմաստով հարցադրումը ոչ այնքան կոռեկտ է հնչում, քանի որ բիզնեսի տեսանկյունից այս ոլորտում մրցակցության գործակիցը բավական ցածր է: Մենք արտադրանք չենք իրացնում եւ ծառայություն չենք մատուցում ՀՀ-ում: Բայց միեւնույն ժամանակ՝ մեզ համար լուրջ մրցակցություն է ծավալվում որակյալ կադրերի համար: Բավական մեծ մրցակցություն կա նաեւ ՀՀ ՏՏ ոլորտի հեռահաղորդակցության ճյուղում: Պատահական չէ, որ Դավոսի տնտեսական ֆորումի վերջին զեկույցում Հայաստանը 72 կետով առաջխաղացում ունեցավ՝ բջջային հեռախոսների բաժանորդների թվաքանակով: Իսկ դա պայմանավորված էր մրցակցության գործոնով, երբ Հայաստան մուտք գործեց երրորդ բջջային օպերատորը: Մեր երկրի ՏՏ ոլորտի մրցունակության մասին խոսելիս պետք է ընդլայնենք մեր հավակնությունները՝ ներառելով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Մերձավոր Արեւելքի երկրները:
– Ի՞նչ անել մրցունակության հասնելու համար:
– Մեր երկրի ՏՏ ոլորտի հիմնական խնդիրը շուկաների հասանելիությունն է: Այն մարդիկ, ովքեր ստեղծում են ինտելեկտուալ արտադրանք եւ հնարավորություն չունեն ներկայացնելու շուկայում, մրցունակ լինել չեն կարող: Եվ նրանց արտադրանքը մնում է չճանաչված: Մինչդեռ այն կարող էր մրցունակ լինել տարբեր երկրների ընկերությունների միջին կամ ցածր որակ ունեցող արտադրանքին, քանի որ բրենդային ընկերությունների կողմից արտադրված որակյալ արտադրանքին մրցունակ լինելը բավական բարդ ու անիրատեսական կլինի: Եվ նրանք իրենց լոբբինգային հսկա մեքենաներով ուղղակի կտրորեն այլ երկրների ընկերություններին: Իսկ շուկաների հասանելիության խնդիրը առկա է ոչ միայն ՏՏ ոլորտում, այլեւ տնտեսության մյուս ոլորտներում: Սա լուրջ խոչընդոտ է:
– Զարմանալի չէ՞ր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ տնտեսության մեջ միայն ՏՏ ոլորտում արձագրվեց տնտեսական աճ, այն էլ՝ 17%-ով:
– Ինչո՞ւ է զարմանալի, վերջին տարիներին այս ոլորտում արձանագրվել էր տարեկան 24-25% տնտեսական աճ: Իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ ցուցանիշը նվազեց՝ դառնալով 18%: Խնդիրն այն է, որ ճգնաժամի պայմաններում մեր երկրի տնտեսությունը 14-15% անկում ապրեց, այդ ֆոնի վրա 17%-ի աճը ֆենոմենալ արդյունք էր: Կոնկրետ մեր ընկերությունը բավական լավ հաղթահարեց տնտեսական ճգնաժամը: Մեր առաջխաղացումը կանխատեսելի էր՝ անկախ ճգնաժամից: Այդ ընթացքում մեր մրցակիցները բավական զիջեցին: Տնտեսական ճգնաժամի ժամանակ տուժեցին այն ոլորտները, որոնք անմիջական ձեւով կապված են բանկային համակարգի հետ: Իսկ ՏՏ ոլորտի ընկերությունները սովորաբար քիչ են վարկեր վերցնում:
– Այնուհանդերձ, մեր երկրում որքան էլ խոսվում է ՏՏ ոլորտի մասին, շատ դեպքերում այն մնում է վիրտուալ, անիրական, հասարակական ընկալումից դուրս: Ինչո՞ւ է այդպես:
– Իրականում մեր հասարակությունը հաճախ չի ընկալում այս ոլորտի նրբությունները: Եթե ամեն օր մարդն օգտագործում է հեռախոս, էլեկտրոնիկա, նա չի մտածում, որ այդ էլեկտրոնիկայի մեջ կան միլիոնավոր միկրոսխեմաներ, տարրեր եւ այլն, որոնք մեծ աշխատանքի արդյունք են: Նա ընդունում է դա՝ որպես հաղորդակցության միջոց: Այսօր հասարակությունն իրազեկված չէ ՏՏ ոլորտի մասին, հետեւաբար պատրաստ չէ ընկալել նաեւ ՏՏ ոլորտի ողջ էությունը: Մեր Կառավարության, հասարակական ինստիտուտների խնդիրներից մեկը պետք է լինի հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը եւ տեղեկատվական հասարակության ձեւավորումը:
– Որպես օրինակ՝ կնշե՞ք, թե Ձեր ընկերությունն այդ ուղղությամբ ինչ է անում:
– Երբ 2004թ. «Սինոփսիս» ընկերությունը մուտք գործեց Հայաստան, իր առջեւ դրեց տեղեկատվական հասարակություն ստեղծելու խնդիրը: Այդ ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ ցուցադրական շոուներ կազմակերպեցինք: Հեռուստալսարանին հանրամատչելի ձեւով տրվում էր հետեւյալ տեղեկատվությունը՝ ի՞նչ է նշանակում միկրոսխեմա, ինտեգրալ սխեմա, ռեզիստոր, տրանզիստոր եւ այլն: Իհարկե, մեր խնդիրը շոուներ կազմակերպելը չէր, այլ հասարակությանը ՏՏ ոլորտի մասին նվազագույն գիտելիքներ փոխանցելն էր:
– Բայց այդ նույն հասարակությունը նաեւ մի տեսակ կարոտախտով է հիշում 1955-56թթ., երբ Խորհրդային Հայաստանում մեծ զարգացում ունեցավ միկրոէլեկտրոնային արտադրությունը: Ի՞նչը փոխվեց:
– Խորհրդային տարիներին շուրջ 100 հազար մարդ էր աշխատում ինովացիոն գիտակրթական ոլորտում: Իսկ այդ արտադրանքի պատվիրատուն հզոր Խորհրդային Միության հզոր ռազմական համակարգն էր: Հայաստանն ամբողջ տարածաշրջանում հայտնի էր իբրեւ որակյալ, ինտելեկտուալ արտադրանք տվող երկիր: Խորհրդային կայսրության փլուզումից հետո պատվիրատուն վերացավ: Իսկ եթե չկա պատվեր, ապա անիմաստ է խոսել որակյալ մասնագետների մասին: 1990-ական թթ. որոշ սփյուռքահայեր իրենց արտադրության ճյուղերը հիմնեցին ՀՀ-ում, որոնք ուսումնասիրել էին տեղի դաշտը, կանխատեսում էին ռիսկային բոլոր գործոնները: Հայաստանի ՏՏ ոլորտը, կարելի է ասել, նոր զարգացում ապրեց, երբ ՏՏ ոլորտով սկսեցին հետաքրքրվել ոչ միայն հայկական, այլեւ օտարերկրյա ընկերությունները: Դա 2000թ. սկիզբն էր:
– Իսկ դժվար լուծելի չէ՞ արդյոք կադրերի խնդիրը:
– Կադրային խնդիր մշտապես եղել է: Այսօր «Սինոփսիսն» ունի 530 աշխատակից: Սա ահռելի թիվ է: Ընդ որում, մեզ մոտ շատ են նաեւ երիտասարդ կադրերը: Քանի որ ՏՏ ոլորտը մշտական զարգացման մեջ է, ուստի, որոշ ժամանակ անց մենք կրկին ունենալու ենք նոր կադրերի խնդիր: «Սինոփսիսը» բավական մեծ գումարներ է ծախսում կրթական համակարգի համար` որակյալ կադրեր ստեղծելու նպատակով: Մինչդեռ կան ընկերություններ, որոնք դա տեսնելով՝ մտածում են՝ կարելի է ավելորդ գումար չվատնել կադրերի ստեղծման համար, այլ օգտվել «Սինոփսիսի» մատուցած կադրերից: Իսկ «Սինոփսիսը» նպատակահարմար չի գտնում բուհն ավարտած ուսանողին տալ այնքան գումար, որ նա չգայթակղվի այլ ընկերությունների առաջարկներից: Եվ ստացվում է այնպես, որ տվյալ ընկերությունները մեր պատրաստած կադրերին իրենց մոտ աշխատելու համար մեծ գումարներ են վճարում: Այս պահին չեմ թվարկի այդ ընկերությունների անունները: Ամեն դեպքում կրթության ոլորտում բիզնես ներդրումների մասին կարող են խոսել այն ընկերությունները, որոնք ռեալ անում են այդ գործը, եւ ոչ թե միայն օգտվում են դրանից: Մենք գովազդի խնդիր չունենք, որովհետեւ որեւէ արտադրանք չենք իրացնում ՀՀ-ում: Մենք պարզապես գովազդվում ենք իմիջային տեսանկյունից, որպեսզի մեր երկիրը գովազդվի: Ամեն դեպքում պատահական չէր այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարությունը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը հայտարարեց որպես աշխարհի ամերիկյան 12 լավագույն ընկերություններից մեկը: Ես ուրախ եմ միայն այն բանի համար, որ իմ երկիրը ներկայացվում է որպես օտարերկրյա կապիտալի արդյունավետ օգտագործման օրինակ, որպեսզի հետագայում օտարերկրյա այլ ինվեստորներ հետաքրքրվեն մեր երկրով:
– Մինչ տարեվերջ ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական կենտրոններից մեկում՝ Սիլիկոնային հովտում, նախատեսված է ՀՀ մշտական ներկայացուցչության բացումը: Ի՞նչ է տալու մեզ այդ ներկայացուցչությունը:
– Մեր երկիրը վերջին 3 տարիների ընթացքում երկու անգամ տեխնոլոգիական ֆորում է իրականացրել Սիլիկոնային հովտում, եւ, ուրեմն, տրամաբանական է այդ երկրի ներկայացուցչությունն այդտեղ: Կարծում եմ՝ այդ գրասենյակի արդյունավետ աշխատանքը կնպաստի նոր ինվեստորների եւ իրացման շուկաներ գտնելու գործին:
– Ի վերջո, ի՞նչ անել, որ ՀՀ ՏՏ ոլորտը զարգանա:
– ՏՏ ոլորտը խթանելու համար առաջնահերթ պետք է խթանել բարձրակարգ տեխնոլոգիական կրթություն ստանալու պահանջը, որպեսզի տեխնիկական ուղղվածությամբ համալսարաններն ավարտողները պահանջարկված մասնագետներ լինեն: Եթե եւս մի քանի ընկերություններ համագործակցեն բուհերի հետ, ապա մոտ ապագայում կարող ենք տեսնել որակյալ կադրերի քանակական աճ: Այսօր նաեւ 2 լուրջ խնդիրներ կան՝ Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի գործարարությանը եւ արտագաղթը: Կարծում եմ՝ մենք պետք է խոսենք ոչ թե ուղեղների արտահոսքի, այլ ուղեղների շրջանառության մասին: Երիտասարդի առջեւ պատնեշներ դնելով՝ մենք ստեղծում ենք երկրորդ շրջափակումը: Այդ երիտասարդներից շատերը վերադառնում են Հայաստան եւ բավական հաջող ձեւով ստեղծում են իրենց բիզնեսը: Իրավիճակը պետք չէ դրամատիզացնել: Ոմանք գնում են, շատերն էլ գալիս են:
– Միգուցե հակառա՞կն է, պարոն Մուսայելյան:
– Չինաստանում արտագաղթողների 20%-ն է վերադառնում: Իսկ դա նշանակում է, որ մի քանի միլիոն մարդ վերադառնում են այդ երկիր: Իսկ մեր երկրի 3 միլիոն բնակչության 20%-ի վերադարձի դեպքում այդ թիվը կլինի բավական ցածր: Բնականաբար, դա պետք է անհանգստացնի մեզ: Մեկ այլ խնդիր է Սփյուռքը, որի ներդրումային չբացահայտված պոտենցիալը կազմում է 20-30 միլիարդ դոլար: Իսկ այսօր մեր երկիր հիմնականում գալիս են օտարերկրացի ներդրողները, քան սփյուռքահայերը:
– Ինչո՞ւ:
– Չեմ կարող հստակ պատասխանել, միգուցե վստահության պակա՞սն է: Օտարերկրացիները մեզ սկսել են ավելի շատ վստահել, քան սփյուռքահայերը: Պատրաստի դեղատոմս չունեմ, թե ինչո՞ւ է այդպես: Շատ հաճախ գալով հայրենիք՝ սփյուռքահայի երազները փշրվում են: Մենք պետք է մտածենք նաեւ այս մասին, որ ստեղծենք այնպիսի դպրոց, որ սփյուռքից եկած երեխան աստիճանաբար ինտեգրվի մեր իրականության մեջ: Եթե մեզ հաջողվի դա անել, ապա մոտ ապագայում մենք կխոսենք ոչ թե ուղեղների արտահոսքի, այլ հակառակը՝ ներհոսքի մասին: Եթե ավելի ճշգրիտ շեշտադրում անեմ, ապա մենք կունենանք ուղեղների շրջանառություն, որը լրջագույն պետական անվտանգության խնդիր է: