Հայաստանում պաշտոնական վիճակագրության ներկայացրած ցուցանիշներին բոլորը, մեղմ ասած, վերապահումներով են վերաբերվում։ Ոմանք դա անում են բացահայտ՝ Ազգային վիճակագրական ծառայությանը ուղղակիորեն մեղադրելով թվանկարչության մեջ, ոմանք էլ՝ թերահավատություն են հայտնում մասնավոր զրույցներում։ Այս վերջին խմբին դասվում են հիմնականում իշխանության մեջ եւ իշխանությանը մոտ գտնվողները։
Եթե փորձենք իրավիճակին նայել ԱՎԾ-ի տեսանկյունից, ապա այս կառույցի վիճակն էլ նախանձելի չէ։ Երբ քննադատում են ընդդիմադիրները, դա ինչ-որ կերպ տանելի է։ Սակայն, երբ ԱՎԾ-ից դժգոհում են պաշտոնյաները, մեղմ ասած, այնքան էլ սիրուն բան չէ, քանի որ հենց վերջիններս են կեղծ ինֆորմացիայի պատվիրատուն ու սպառողը։ ՈՒ ստացվում է, որ երկրի խայտառակ վիճակի համար թուքումուրի հիմնական մասնաբաժինը հասնում է ոչ թե այդ խայտառակ վիճակի պատասխանատուներին, այլ այն կառույցին, որը փորձում է «դզել-փչել» այդ վիճակի պատկերը։
Իհարկե, վիճակագիրները չեն կարող բացահայտ պատասխանել նման մեղադրանքներին՝ ոմանց երեսին ասելով ողջ ճշմարտությունը։ Բայցեւ մտադիր էլ չեն հանդուրժել, եւ հակաքայլի մի հետաքրքիր ձեւ ունեն՝ ճիշտ ինֆորմացիա հրապարակելը։ Այսպես, ժամանակ առ ժամանակ ԱՎԾ-ի բազմաթիվ զեկույցների ու հրապարակումների միջից դուրս է սպրդում մի այնպիսի ցուցանիշ, որը դիմակազերծում է որոշ ոգեւորված ելույթների անհիմն բնույթը։ Դա լինում է, որպես կանոն, որոշ ժամանակ անց, «ձեռքի հետ», մեկ տողովգ բայց լինում է։ Օրինակ՝ մի քանի տասնյակ էջանոց զեկույցում կարելի է գտնել ընդամենը մեկ ցուցանիշ, որով կարելի է ապացուցել, որ այս կամ այն պաշտոնյան կամ կառույցը պարզապես ջուր էր ծեծում։
Հերթական այդ «փայլատակումը» եղավ 2 օր առաջ. ԱՎԾ-ն հրապարակեց 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը (գնաճի ցուցանիշները)։ Այս ժամանակահատվածի համար ԱՎԾ-ն արդեն հրապարակել էր նախնական ցուցանիշները, պարզապես այս անգամ հրապարակվել է ամբողջական զեկույցը՝ ըստ 470 անուն առանձին ապրանքատեսակների։ Ընթերցողները թերեւս արդեն գիտեն, որ 12-ամսյա գնաճը (այս տարվա հոկտեմբերը՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ) կազմում է 9.1%, պարենային ապրանքների դեպքում՝ 13.7%։ Շատերն, իհարկե, կարծում են, որ գնաճի ցուցանիշն իրականում ավելի բարձր է, սակայն հիմա այդ մասին չէ, որ ուզում ենք խոսել։
Ավելի հետաքրքիր է գնաճի տեսանկյունից վերջին շրջանի թիվ մեկ թեման՝ պանրի գների թանկացումը։ Գնաճի համար ԱՎԾ-ն հաշվարկում է տեղական պանրի երեք տեսակ՝ «Չանախ», «Լոռի» եւ կովի կաթից պատրաստված տնական պանիր։ Չանախը, ըստ մեր վիճակագիրների, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ թանկացել է 6.8%-ով, «Լոռին»՝ 15.7%-ով, տնական պանիրը՝ 8.7%-ով։ Տեղական պանիրը թանկացավ մեկ օրվա մեջ, եւ եթե համեմատենք յուրաքանչյուր ամիսը նախորդ ամսի հետ, ապա պանրի գինը տարվա ընթացքում չնչին փոփոխություններ է կրել, իսկ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ թռիչք է ապրել։ Օրինակ՝ «Լոռիի» գինը (նախորդ ամսվա համեմատ) հունիսին անփոփոխ է մնացել, հուլիսին՝ թանկացել 0.4%-ով, օգոստոսին՝ նվազել 0.3%-ով, սեպտեմբերին՝ աճել 1.9%-ով, իսկ հոկտեմբերին գնաճը կազմել է 13%։ Կոնկրետ պանրի դեպքում նույնպես շատերը կպնդեն, որ թանկացումն ավելի շատ է, սակայն տվյալ դեպքում դա եւս կարեւոր չէ։ Հիշո՞ւմ եք, պաշտոնապես ինչպես հիմնավորվեց պանրի թանկացումը։ Եթե ոչ, ապա ուշադիր կարդացեք հետեւյալ տեքստը. «Տնտեսվարողների ներկայացրած պարզաբանման համաձայն, գնի բարձրացման հիմնական գործոնը կաթի մթերման գնի ավելացումն է: Այսպես, պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները նշում են, որ 1 կիլոգրամ պանրի ստացման համար պահանջվում է միջինը 9 լիտր կաթ (բազիսային յուղայնությամբ): Կաթը ձեռք է բերվում գյուղացիական տնտեսություններից: Կախված սեզոնայնության գործոնից, կերի գնի բարձրացումից, ինչպես նաեւ կաթի ծավալների կրճատումից՝ գյուղացիական տնտեսությունների կողմից վերջին շրջանում առաջարկվող կաթի գինը ավելացել է: Այսպես, եթե հունիս-հուլիս ամիսներին իրենք 1 լիտր կաթի դիմաց վճարել են 110 դրամ, ապա հոկտեմբերի 15-ից կաթը ձեռք են բերել 145 դրամով»։ Այս տեքստը հոկտեմբերի 22-ին հրապարակել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը` նախապես դժգոհելով, որ իրենք գների կարգավորման գործառույթ չունեն, սակայն «ձեւավորված ոչ ճիշտ ավանդույթի համաձայն, լրատվամիջոցները շուկայում ցանկացած ապրանքատեսակի գնի փոփոխության վերաբերյալ պարզաբանման համար դիմում են Հանձնաժողովին»։ Դժգոհել էին, բայց այնուամենայնիվ, «հաշվի առնելով պանրի` որպես սոցիալական ապրանքատեսակի կարեւորությունը հայ սպառողի համար, Հանձնաժողովն իր կողմից փորձել է պարզել, թե ինչ հիմնավոր պատճառ կա պանրի գնի բարձրացման համար»:
Հետո այս հիմնավորման շուրջ սկսեցին տարբեր մեկնաբանություններ հնչել։ Ոմանք նշում էին, որ ժամանակային լագ գոյություն ունի, եւ այսօր կաթի գնի բարձրացումը չէր կարող միանգամից ազդել պանրի գնի վրա։ Ոմանք էլ հաշվարկներ էին արել ու պարզել՝ որ կաթի թանկացումը 35 դրամով կարող էր պանրի գնի վրա ազդել առավելագույնը 180-200 դրամով։ Այսինքն՝ բոլորը որպես փաստ ընդունեցին, որ կաթն ու կաթի փոշին իսկապես թանկացել են, եւ մեկնաբանությունները կառուցեցին հենց դրա հիմքի վրա։
Հիմա տեսնենք՝ գների ի՞նչ փոփոխություն է արձանագրել պաշտոնական վիճակագրությունը՝ կաթնամթերքի շուկայում։
Աղյուսակի տվյալները վերցված են ԱՎԾ սպառողական գների ինդեքսից։ Ինչպես տեսնում եք, թե՛ թարմ կաթի, թե՛ կաթի փոշու գները գրեթե փոփոխություն չեն կրել։ Ինչ վերաբերում է 12-ամսյա ցուցանիշին, ապա կաթի գինը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ թանկացել է ընդամենը 1%-ով, իսկ կաթի փոշու գինը՝ 1.5%-ով։ Աղյուսակում նշել ենք նաեւ թթվասերի գնի փոփոխությունը, ավելի ճիշտ՝ անփոփոխությունը։ Թթվասերը, որը նույնպես կաթից է պատրաստվում, պարզվում է, նախանձելի անտարբերությամբ է արձագանքել կաթի թանկացմանը։
Ինչեւէ, ստացվում է՝ պետական մի կառույցը խոսում է կաթի 35% թանկացումից, մյուսը հերքում է այդ իրողությունը։ Մեկին հավատալու դեպքում՝ ստացվում է՝ մյուսը խաբում է։ Իսկ անկախ նրանից, թե ով է ավելի ճիշտ, հետեւությունը մեկն է՝ կորում է վստահությունը ողջ պետական համակարգի նկատմամբ։ Չնայած` չեղած բանը դժվար է կորցնել: