Արդեն մեկ տարի ՄԱԿ Զարգացման ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Մարդասիրական ականազերծում» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվում է ականապատ տարածքներում ականների ազդեցությունը շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Արարատի, Տաուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի շուրջ 60 համայնքներ մինչեւ այսօր էլ կրում են ականների ազդեցությունը: Ամենաուժեղ ազդեցությունը կրում են Տաուշի ու Սյունիքի մարզի համայնքները: Ականների ազդեցության ենթակա մարդկանց ընդհանուր թիվը 70.000 է: Կասկածելի եւ աղտոտ տարածքները կազմում են 322 ք/կմ: «Փոքր երկրի համար սա բավականին մեծ թիվ է,- ասում է «Մարդասիրական ականազերծում» ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը,- փաստորեն մեր երկրի ամբողջ տարածքի շուրջ մեկ տոկոսը վտանգավոր է»: Ականների պայթյունի հետեւանքով Հայաստանում տուժել է 354 մարդ: Այս դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել 1995-1998 թվականներին: 2001 թվականին ՀՀ կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ականապատում չի իրականացնում, ականապատ բոլոր տարածքները թեեւ այժմ քարտեզագրված են, սակայն դժբախտ պատահարները շարունակվում են: Վերջին երկու տարիներին ականների պայթյունից տուժել է 14 հոգի, մեկը մահացել է: «Վերջին տարիների այս 14 տուժածները տղամարդիկ են, նրանք բոլորն էլ ականապատ տարածքներում են եղել զուտ աշխատանքի բերումով, 14-ից երկուսը զինվորական են եղել»,- տեղեկացնում է Ա.Գրիգորյանը: Հոկտեմբերի 13-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի ականազերծման խնդիրներով: Հանձնաժողովին անդամակցում են ներկայացուցիչներ Պաշտպանության, Տարածքային կառավարման, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Քաղաքաշինության, Գյուղատնտեսության նախարարություններից, ինչպես նաեւ` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Արտակարգ իրավիճակների վարչությունն ու Գեղարքունիքի, Սյունիքի, Տաուշի մարզպետարանները, «Մարդասիրական ականազերծում» ծրագիրը: «Վարչապետի այս որոշման եւ մեր ծրագրի նպատակների հիման վրա մենք կփորձենք ականազերծման ազգային ռազմավարություն մշակել»,- ասում է Ա.Գրիգորյանը: Հանձնաժողովը պարտավորվել է նաեւ ականազերծման համար անհրաժեշտ գումարներ հայթայթել: Եկող տարի «Մարդասիրական ականազերծում» ծրագիրը կանցկացնի նաեւ տեխնիկական հետազոտություններ՝ կճշգրտվեն ականների տեսակները, քանակը, ականազերծմանն անհրաժեշտ միջոցների չափը. «Եթե հետազոտություններից պարզվի, որ կան ականադաշտեր, որտեղ գոնե 5 տարին մեկ մարդ ոտք չի դնում (դա կարող է լինել ինչ-որ բարձր սարի գագաթ), այդ տարածքները պարզապես կնշվեն ցուցանակներով եւ անանցանելի արգելապատնեշներով կառանձնացվեն, քանի որ ականազերծումը բավականին թանկարժեք աշխատանք է, աշխարհում ընդունված է նման տարածքների վրա ավելորդ միջոցներ չվատնել»:
Հայաստանի տարածքում օգտագործված ականները սովետական արտադրության հակատանկային եւ հակահետեւակային ականներ են: Հակատանկային ականները պայթյունավտանգ են` 250-300 կգ, իսկ հակահետեւակային ականները` 25 կգ ծանրության դեպքում: Ականազերծման աշխատանքները սեզոնային բնույթ են կրում, աշնանն այդ աշխատանքները անձրեւային եղանակների սկսվելուն պես դադարեցվում են: Այս շաբաթվա վերջում սակրավորները կավարտեն Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի շրջակայքի ականազերծման աշխատանքները: Հուսով ենք, որ մեր թերթի 39-րդ համարում տպագրված «Առանձին ու թեթեւ» հոդվածի հերոս շուռնուխցի Առնոլդն ու իր էշը մինչեւ շաբաթվա վերջ հակահետեւակային ոչ մի ական չեն տրորի: