«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով Արթիկի տարածաշրջանից է, «7 օր» կայքին ասել է, թե Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ՕԵԿ-ականացվում է: «Հանրապետությունը քվոտայով բաժանել են իրար մեջ, եւ Արթիկի տարածաշրջանը տվել են Արթուրիկին: Ես Արթիկից եմ, անընդհատ առնչվում եմ այդ տարածաշրջանի հետ: Վերջերս տեղի միլպետ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՕԵԿ-ի քվոտայով, իսկ Արթիկի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղապետերը ՕԵԿ-ական են դարձել»,- ասել է նա: Ըստ նրա, գյուղապետերը մեղքի զգացումից ելնելով՝ իրենց արարքն արդարացնում են հանրային շահով: «Որպեսզի արդարանան, որ անդամակցել են այդ աղբ, փչացած կառույցին, ասում են, թե գյուղի համար են արել, որպեսզի մի օգուտ կարողանան գյուղին տալ: Տեղյակ եմ, «ախքանալու» համար Հոռոմ գյուղին կոմբայն են տվել, Մեղրաշենում հակակարկտային կայան են կառուցել, Փանիկին խոստացել են, որ մի հատ էլ էդպես կայան իրենց համար կկառուցեն»,- ասել է Պ. Մակեյանը: Նա նաեւ նշել է, որ Արթիկի տարածաշրջանի ՕԵԿ-ականացման գործընթացին հատկապես ջանասիրաբար լծված է Արթիկի միլպետ Տիգրան Պետրոսյանը, ով դա անում է «ուժի զոռով, պարտադրանքներով, բռնի»: