Սիրելի հայրենակիցներ,
Քանի որ այսօրվա հանրահավաքը հրավիրվել է «Եվրոմիություն–Հայաստան երկխոսության» շրջանակներում Երեւանում ընթացող մարդու իրավունքներին նվիրված սեմինարի առիթով, բնականաբար, իմ ելույթի գլխավոր թեման կրկին լինելու է քաղբանտարկյալների հարցը: Թերեւս սա ամենահարմար առիթն է այդ հարցի առնչությամբ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը համակողմանիորեն ու վերջնականապես պարզաբանելու համար:
Ոմանց թվում է, թե Կոնգրեսի ողջ ջանքերն ուղղված են եվրոչինովնիկների շուրթերից Հայաստանի ընդդիմության զնդանված ներկայացուցիչների վերաբերյալ «քաղբանտարկյալ» բառը կորզելուն: Հարկ եմ համարում միանգամից հակադարձել, որ սա լիակատար անհեթեթություն է: Կոնգրեսն իր առջեւ երբեք այդպիսի խնդիր չի դրել, քանի որ միջազգային հանրությունն իրականում վաղուց ի վեր մեր ընկերներին քաղբանտարկյալ է ճանաչել, թեպետ տերմինի փոխարեն «նրբանկատորեն» օգտագործելով նրա սահմանումը: Այսպես, Եվրոմիության նախագահության երեք հայտարարություններում (4.03.2008, 12.03.2008, 10.03.2010) նրանք կոչված են «քաղաքական գործունեության առնչությամբ կալանավորվածներ» (detained in connection with their political activities), իսկ Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Թ. 1609 եւ 1620 բանաձեւերում՝ «արհեստական ու քաղաքական շարժառիթ պարունակող մեղադրանքների հիման վրա կալանավորվածներ» (detained on artificial and politically motivated charges): Ավելին, ԵԽԽՎ-ի Թ. 1609 բանաձեւը Հայաստանի իշխանությունների սանձազերծած հալածանքները բնութագրում է ոչ այլ կերպ, քան «ընդդիմության փաստացի ջախջախում» (a de-facto crackdown on the opposition by the authorities), իսկ Եւրոխորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը՝ «քաղաքական հաշվեհարդար» (political vendetta. Ժամանակ. 26.11.2008): Այս ամենը Եւրոպայի Լիբերալ-Դեմոկրատական եւ Բարեփոխումների կուսակցության վերջերս կայացած համագումարին իրավացիորեն հիմք է տվել հատուկ բանաձեւում պնդելու, որ «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հաստատված փաստ է, ինչն իր արտացոլումն է գտել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, զեկույցներում եւ հայտարարություններում» (15.10.2010):
Այս առումով ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Եվրոմիության նախագահության եւ Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բոլոր վերոհիշյալ փաստաթղթերում պահանջվում կամ կոչ է արվում ազատ արձակել Հայաստանի ընդդիմության բանտարկված ներկայացուցիչներին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստան կատարած իր այցելության ժամանակ նույն պահանջով հանդես է եկել նաեւ այդ երկրի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ «արտահայտելով ԱՄՆ կառավարության համոզմունքը, որ դեռեւս անազատության մեջ գտնվող տասներեք հոգու հարցը պահանջում է շուտափույթ լուծում» (ՀԺ, 13.07.2010): Հարց է ծագում. եթե այդ տասներեք անձնավորությունները քաղբանտարկյալ չհամարվեին, ապա ինչու միջազգային հանրությունը պիտի պահանջեր անհապաղ ազատ արձակել նրանց: Համենայն դեպս, ինձ հայտնի չէ որեւէ դեպք, երբ աշխարհն, օրինակ, ինչ-որ երկրից պահանջեր ազատ արձակել քրեական հանցագործների: Այնպես որ, Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը բազմաթիվ միջազգային փաստաթղթերով, զեկույցներով ու հայտարարություններով հիրավի հաստատված փաստ է, որը լրացուցիչ ապացույցների ու հիմնավորումների կարիք չունի: Հետեւաբար, «քաղբանտարկյալ» բառը երբեւէ կարտասանեն, թե ոչ, մեզ բացարձակապես չի հետաքրքրում:
Քաղբանտարկյալների առկայության փաստի արձանագրումը, սակայն, խնդրի միայն մի մասն է: Մյուս, ավելի կարեւոր մասը նրանց ազատ արձակման գործում միջազգային հանրության կողմից անհրաժեշտ ջանքերի ներդրումն է, ինչում, դժբախտաբար, վերջինս դեռեւս աններելիորեն թերանում է: Գլխավոր պատճառն, անշուշտ, ինչպես բազմիցս նշվել է, աշխարհաքաղաքական նկատառումներն են, ավելի կոնկրետ, հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզելու ակնկալիքը: Թեեւ պետք է ընդունել, որ կան նաեւ կորպորատիվ շահեր: Ես նկատի ունեմ այն, որ Եվրոխորհրդի կամ ԵԱՀԿ-ի նման կառույցները ոչ այնքան պետությունների, որքան կառավարությունների կամ իշխանությունների ակումբ են, որովհետեւ նրանց անդամ-երկրների պատվիրակությունները, հիմնականում կազմված լինելով իշխող մեծամասնությունների ներկայացուցիչներից, կամա թե ակամա, հակված են առաջնորդվելու փոխաջակցության բնազդով ու միմյանց համար բարդություններ չստեղծելու էթիկետով: Չպետք է անտեսել նաեւ միջազգային կազմակերպություններում բյուրոկրատական շահերի առկայության գործոնը, ասինքն՝ անդամ-երկրների իշխանությունների հետ լավ հարաբերություններ հաստատելու միջոցով ավելորդ գլխացավանքներից ազատվելու եւ իրենց տաքուկ տեղերը պահպանելու չինովնիկական կենսափիլիսոփայությունը, որի տիպական կրողներն են, մասնավորապես, Հայաստանում գործող ԵՄ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունների ղեկավարները: Եւրոպաշտոնյաներն, անշուշտ, ամենեւին հակամետ չեն խոստովանելու ո՛չ վերը նշված աշխարհաքաղաքական նկատառումները, ո՛չ էլ իրենց ներկայացրած կազմակերպությունների կորպորատիվ ու բյուրոկրատական շահագրգռությունները: Դրա փոխարեն, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հաստատման բնագավառներում իրենց ակնհայտ թերացումները նրանք փորձում են արդարացնել բոլորովին այլ, հաճախ մտացածին ու բռնազբոսիկ, պատճառաբանություններով՝ մեր պահանջներին ու հարցադրումներին սովորաբար տալով հետեւյալ անորոշ պատասխանները.
1. «Ժողովրդավարության կայացումը երկարատեւ գործընթաց է, եւ չի կարելի այդ բնագավառում միանգամից իդեալական վիճակ ակնկալել: Արեւմտյան ժողովրդավարությունը, որն ավելի քան 200 տարվա զարգացման պատմություն ունի, նույնպես զերծ չէ արատներից ու թերություններից»: Խոստովանում եմ՝ հեշտ չէ հակաճառել այս անխոցելի ճշմարտաբանությանը, որը՝ սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնկրետ հարցադրումից խուսափելու էժանագին հնարք: Բայցեւայնպես, պետք է շնորհակալ լինենք այդ խորաթափանց միտքն արտահայտողներին, քանի որ եթե նրանք մեզ նման բան չասեին, մենք այդպես էլ պիտի խարխափեինք խավարի մեջ:
2. «Ժողովրդավարության տեսակետից Հայաստանը ավելի բարվոք վիճակում է քան, ասենք, Աֆղանստանը, Սոմալին, Զիմբաբվեն եւ այլն»: Համաձայն եմ՝ այդ երկրներում ոչ մի անկախ թերթ չկա, իսկ Հայաստանում, համենայնդեպս, մեկ-երկուսը կան: Այդ երկրներում ընտրությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ են սպանվում, իսկ Հայաստանում՝ ընդամենը տասը: Ինչպես մի առիթով նշել եմ, նման փաստարկ բերողների պարագայում մենք գործ ունենք ենթագիտակցական ռասիզմի դրսեւորման հետ, որի էությունն է. «Դուք մեզ հետ, այսինքն զարգացած ժողովրդավարությունների հետ չափվելու արժանի չեք, չափվեք ձեզանից ավելի հետամնաց երկրների ու ժողովուրդների հետ եւ մխիթարվեք, որ նրանց վիճակը վատթար է ձեր վիճակից:
3. «Անարդյունավետ ու վնասակար է ավտորիտար ռեժիմներին վանելու ու նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը: Ընդհակառակը, նրանց պետք է սիրաշահել ու աստիճանաբար ներքաշել բարեփոխումների դաշտ: Պատժամիջոցների կիրառման, առավել եւս օրինախախտ երկրներին միջազգային կազմակերպությունների անդամակցությունից զրկելու պարագայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակը նրանցում ավելի կվատանա»: Այս դատողությունները եւս, նախորդների նման, չափազանց տրամաբանական ու համոզիչ են թվում, միայն անհասկանալի է մնում, թե ինչի համար են այդ պարագայում Եւրոխորհրդի կանոնադրությամբ պատժամիջոցներ նախատեսված:
4. «Միջազգային կազմակերպությունները չեն կարող անմիջականորեն միջամտել իրենց անդամ-երկրների ներքին գործերին, առավել եւս զբաղվել ռեժիմ փոխելու անշնորհակալ գործով»: Նախ՝ երբ նրանց պետք է եղել, շատ լավ էլ ներքին գործերին միջամտել ու ռեժիմ փոխելով զբաղվել են, ինչպես Հարավսլավիայում, Աֆղանստանում, Իրաքում եւ այլուր: Եւ երկրորդ, մեզանից ոչ ոք այդ կազմակերպություններից նման բան չի պահանջել ու չի էլ պատրաստվում պահանջել: Մեր միակ պահանջն այն է, որ այդ կազմակերպությունները խստորեն վերահսկեն իրենց անդամ-երկրների, տվյալ դեպքում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը եւ իրացնեն դրանից բխող իրենց իրավասությունները:
5. «Միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Եւրոխորհրդի գործունեությունից դժգոհում են թե՛ Հայաստանի իշխանությունները, եւ թե՛ ընդդիմությունը՝ փաստ, որն, ըստ այդ կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչների, վկայում է իրենց անկողմնակալության ու սկզբունքայնության մասին»: Բայց այդ փաստը կարող է լինել նաեւ ճիշտ հակառակի ապացույցը, քանի որ եթե երկու կողմն էլ դժգոհում են, ապա դրանից դեռեւս ինքնաբերաբար չի բխում, թե որեւէ դատ անաչառ է կամ արդար:
Ինչեւիցե, պարադոքսն այն է, որ հայաստանյան բռնատիրության դեմ պայքարելուց բացի, մենք ստիպված ենք հաղթահարել նաեւ ժողովրդավարության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված միջազգային կազմակերպությունների իներտությունը, ինչը թեեւ բավականին դժվարացնում է մեր գործը, բայց ոչ մի պարագայում պատճառ չպետք է հանդիսանա թուլացնելու ազատության, արդարության ու բարօրության համար մղվող համաժողովրդական պայքարը, որը, հակառակ բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին, վերջիվերջո պսակվելու է հաջողությամբ:
* * *
Պարզելուց հետո միջազգային կազմակերպությունների, ավելի կոնկրետ, Եւրոխորհրդի եւ ԵԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչների, մեղմ ասած, երկիմաստ դիրքորոշումը քաղբանտարկյալների ու ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության գործում, արժե անդրադառնալ նաեւ, թե ինչպես են այդ հարցերին վերաբերվում ի պաշտոնե դրանց համար պատասխանատու հայաստանյան բյուրոկրատները, մասնավորապես, Ազգային Ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Առաջինի պարագան հստակ է: Լինելով իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը եւ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը, նա փայլուն կերպով լուծել է իր ներկայացրած բռնատիրական ռեժիմի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը խափանելու խնդիրը եւ դրանով հանգուցային դեր կատարել մեր երկրում ժողովրդավարության սահմանափակումների ու մարդու իրավունքների խախտումների խորացման, ինչպես նաեւ քաղբանտարկյալների հարցի լուծումը վիժեցնելու գործում: Խնդիր չկա. մարդը հավատարմորեն կատարել է իր պարտականությունները թե՛ հարազատ կուսակցության, թե՛ կառավարական կոալիցիայի հանդեպ, ինչի համար միանգամայն արժանի է իր կուսակիցների ու պայծառափայլ կուսակցապետի անհուն երախտագիտությանը: Ավելի մեծ ծառայություն Սերժ Սարգսյանին ոչ ոք չի մատուցել, ինչը, վստահ ենք, հավուր պատշաճի կգնահատվի վերջինիս կողմից: Եթե ռեժիմը, այսքան խայտառակություններից ու ձախողումներից հետո, դեռեւս շարունակում է քարշ տալ իր ողորմելի գոյությունը, ապա դրա համար, առաջին հերթին, պարտական է Դավիթ Հարությունյանին:
Բոլորովին այլ է, սակայն, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պարագան: Որեւէ օրենքով կամ պարտավորությամբ կապված չլինելով ո՛չ ռեժիմի, ո՛չ էլ կառավարող կուսակցությունների հետ, նա, մարդու իրավունքների պաշտպանության հարցում գործադիր իշխանության անզիջում ընդդիմախոսը հանդիսանալու փոխարեն, կամովին ստանձնել է վերջինիս ամենաջերմեռանդ փաստաբանի դերը՝ արդարացնելով նրա գրեթե բոլոր օրինազանցություններն ու հանցագործությունները: Խոսք չունենք. նա բավականին գրագետ է եւ քերականորեն բացարձակ ճիշտ է հասկացել իր տիտղոսի իմաստը՝ համարելով, որ եթե ինքը մարդու, այլ ոչ թե մարդկանց, իրավունքների պաշտպան է, ապա այդ միակ մարդը Սերժ Սարգսյանն է: Սարգսյանին ու ընդհանրապես ռեժիմին մատուցած ամենամեծ ծառայությունն, անշուշտ, քաղբանտարկյալների հարցում Արմեն Հարությունյանի դրսեւորած տարօրինակ, եթե չասենք դատապարտելի պահվածքն է: Եթե հիշում եք, երբ մեկ-երկու տարի առաջ նրան հարցնում էին, թե իր կարծիքով քաղբանտարկյա՞լ են, արդյոք, զնդաններում հայտնված ընդդիմության ներկայացուցիչները, թե ոչ, նա պատասխանում էր. «Այդ հարցին առայժմ չեմ կարող պատասխանել, քանի որ դատավարությունները դեռ ընթանում են, եւ ես սիստեմատիկ մոնիտորինգ եմ անցկացնում: Այ, երբ դրանք ավարտվեն, ես կարտահայտեմ իմ հստակ կարծիքը»: Դատավարություններն ավարտվեցին, մոնիտորինգը վերջացավ, բայց այդպես էլ մինչ օրս նա չբարեհաճեց հասարակությանը ներկայացնել իր խոստացած հստակ կարծիքը:
Ավելին, հարցի վերաբերյալ միեւնույն խուսափողական պատասխանն է նա տվել նաեւ վերջերս անցկացրած իր մամլո ասուլիսում: Մեկնաբանելով Եւրոխորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի Երեւանում արած հայտարարությունները, Արմեն Հարությունյանն, առանց հոգեկան տվայտանքների, ասել է բառացիորեն հետեւյալը. «Յագլանդը չի կոնկրետացրել, թե ովքե՞ր են քաղբանտարկյալ եւ ի՞նչ չափանիշներով է որոշվում՝ մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Իհարկե, ո՞վ է դեմ, բոլորս համաձայն ենք, որ քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է կալանավորվեն: Մնում է ապացուցել՝ տվյալ դեպքում մարդը քաղաքական հայացքների համա՞ր է կալանավորված, թե՞ ոչ» (Ժամանակ, 23.10.2010): Հարց է ծագում՝ իսկ ո՞վ պետք է այդ բանն ապացուցի: Մեծարգո պարոն Մարդու իրավունքների պաշտպան, մինչեւ հիմա չե՞ս հասկացել, որ դա հենց քո անմիջական գործն է, որ հենց դրա համար ես դու հարկատուներից փող ստանում, եւ որ ինքդ պետք է դա ապացուցես: Ինչո՞վ ես մինչ այժմ զբաղվել, ինչո՞ւ չես կատարել քո սուրբ պարտականությունը: Ի՞նչն է քեզ խանգարում հաստատել կամ կտրականապես հերքել քաղբանտարկյալների առկայության փաստը: Եթե ինչ-ինչ պատճառներով չես կարողանում կողմնորոշվել, դիմիր հոգեբանի օգնությանը կամ գոնե օրինակ վերցրու անզուգական Գալուստ Սահակյանից, ով այս հարցում շատ ավելի ազնիվ ու խիզախ է, քան դու, որովհետեւ չի վախենում բացեիբաց հայտարարել, որ «Սասունն ու Նիկոլը քրեական հանցագործներ են, եւ վերջ»:
Արմեն Հարությունյանի իրավապաշտպանական ձեռնածությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն քաղբանտարկյալների հարցով: Այդ ունակությունները նա դրսեւորում է նաեւ հանրահավաքների արգելման Հայաստանում սովորական դարձած երեւույթը գնահատելիս: Որպես դրա ամենաթարմ ապացույց, տեսնենք, թե ինչպես է նա միեւնույն ասուլիսում մեկնաբանում Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու դիմումների մերժման փաստը. «Ընդդիմության իրավունքները,– ասում է նա,– որեւէ կերպ չեն խախտվում: Եթե նրանց մերժեին եւ ասեին՝ գնացեք Բանգլադեշ, գնացեք Երրորդ մասիվի զանգվածում հանրահավաք արեք, ես կհամարեի, որ դա իրոք խախտում է, որովհետեւ համաչափ տեղ չի առաջարկված: Եւրոպական կոնվենցիայով եւ Մարդու իրավունքների եւրոպական դատարանի նախադեպով հետեւյալն է ասվում՝ երկիրը, իշխանությունները կարող են մերժել ընդդիմությանը, եթե ինչ-որ պատճառներ կան, բայց պարտադիր պետք է հանրահավաքը լինի ոչ հեռու, մոտավորապես նույն տեղում, իսկ Մատենադարանը շատ մոտ է Ազատության հրապարակին» (Հրապարակ, 9.10.2010): Նույն փաստարկն, ի դեպ, համարյա բառացիորեն կրկնել է նաեւ Դավիթ Հարությունյանը. «Դատապարտելի չէ, որ քաղաքապետարանը, մերժելով մասնավորապես ընդդիմության իրազեկման հայտերը Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու մասին, մեկ այլ տարածք է առաջարկում: … Երբ առաջարկվում են այնպիսի տարածքներ, որոնք նախատեսված չեն մասսայական ակցիա անցկացնելու համար, դա արդեն օրենքի խախտում է: Նման պրակտիկա կա այլ երկրներում: Դա զուտ հայկական երեւույթ չէ, շատ տարածված է: Որոշակի վայրերի փոխարեն համապատասխան մարմինները կարող են առաջարկել այլ վայր» (Ժամանակ, 15.10.2010): Փաստաբանական այս աճպարարությունները նպատակ են հետապնդում մի կողմից՝ խեղաթյուրելու խնդրի էությունը, մյուս կողմից՝ արդարացնելու իշխանությունների կամայականությունները, ինչն ակնհայտ է դառնում, մասնավորապես, հետեւյալ պարզագույն իրողությունները նկատի ունենալիս: Նախ՝ Եւրոպական կոնվենցիան եւ միջազգային պրակտիկան վերաբերում են նշված հիմունքներով հանրահավաքների արգելման բացառիկ դեպքերի, մինչդեռ Հայաստանում դա տեղի է ունենում սիստեմատիկաբար, այսինքն՝ տասնյակ անգամներ: Եւ երկրորդ՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, պատկան մարմինները «պարտավոր են» կազմակերպչին առաջարկել միջոցառման անցկացման այլ օրեր, այն էլ «նույն վայրում», ինչը նրանք համառորեն չեն ուզում կատարել: Հետեւաբար, իրենց կարկառուն իրավաբաններ համարող հիշյալ անձնավորությունները կա՛մ տեղյակ չեն այս տարրական ճշմարտություններին, ինչն անհավատալի է, կա՛մ էլ, որ ավելի հաստատ է, պարզապես ստում ու մոլորեցնում են ժողովրդին՝ վերջնականապես արատավորելով թե՛ իրենց անունը, եւ թե՛ իրենց մասնագիտությունն ու ղեկավարած կարեւորագույն պետա-իրավական հաստատությունները: Առիթ էր պետք գոնե մեկ անգամ այդ պարոնների մասին ասելու ողջ ճշմարտությունը: Ներողամիտ կգտնվեք, որ չդիմացա գայթակղությանը եւ օգտագործեցի այդ առիթը, թեեւ նրանք գուցե այդքան ուշադրության արժանի չէին: Մարդիկ կամովին ընտրել են ախքության ճանապարհը, եւ մենք, ցավոք սրտի, ոչ մի բանով չենք կարող նրանց օգնել:
* * *
Շեղվելով այսօրվա թեմայից, չեմ կարող դիմադրել նաեւ մի ուրիշ գայթակղության, որի առիթը Սերժ Սարգսյանի վերջին ուշագրավ ելույթներն են, որոնցից մեկը կայացել է սփյուռքահայ լրագրողների, մյուսը՝ Շիրակի ճակնդեղագործների հետ հանդիպման ժամանակ (16.10.2010 եւ 23.10.2010): Առաջին ելույթում նա արժանի հակահարված է տալիս Ադրբեջանի պետական քարոզչությանը եւ «փայլուն կերպով» ապացուցում, որ այդ երկրում ակնհայտ հակահայկական ֆաշիզմ է տիրում, որ ադրբեջանցիներն ազգ չեն, իրենք էլ չգիտեն՝ մար են, աղվան, թե՞ թուրք, չգիտեն նաեւ քրիստոնյա են, մահմեդական, թե՞ հեթանոս, մինչդեռ հայերն ութ հազար տարվա պատմություն ունեն, քանի որ ինչպես վերջերս պարզել է օտար գենետիկներից ու լեզվաբաններից կազմված փորձագիտական խումբը, հայոց լեզվի տարիքը հենց այդքան է, հետեւաբար երբ մենք վաղուց ի վեր կայացած ազգ էինք, երբ Տիգրան Մեծի պես աշխարհակալ ունեինք, կամ երբ «Բաքոսուհիներ» էինք բեմադրում, ադրբեջանցիները ծառից-ծառ էին թռչում։ Ինչ խոսք, սա կարեւորագույն նպաստ է հայ–ադրբեջանական հաշտության կայացման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին։ Ուստի հուսանք, որ ճարտասանական այս գլուխգործոցն ըստ արժանվույն կգնահատվի միջազգային հանրության կողմից, ինչպես ժամանակին գնահատվեց Ռոբերտ Քոչարյանի դարակազմիկ հայտարարությունն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիներն էթնիկապես անհամատեղելի ժողովուրդներ են։ Այնուամենայնիվ, ինչպես էլ վերաբերվենք Սարգսյանի ելույթին, հարկ է արժանին մատուցել նրա հեղինակին, որը լինելով արդի նժդեհականության հայրը, առաջին անգամ այսպես հստակ ներկայացրեց իր կուսակցության ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը։ Միայն թե ի գիտություն անտեղյակների նշենք, որ ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը։ Հետեւությունները թողնում եմ ձեզ։
Իր երկրորդ ելույթում, կամ ավելի ճիշտ մամլո ասուլիսում, Սարգսյանն անդրադառնալով բանակում տիրող արատավոր երեւույթներին, մասնավորապես, սպանությունների, ինքնասպանությունների, խոշտանգումների հաճախացած դեպքերին, փոխանակ խոսելու այդ արատներն արմատախիլ անելու անհրաժեշտության եւ կատարված հանցագործությունների պատասխանատուներին պատժի ենթարկելու մասին, հարկ է համարել իր խորագույն զզվանքն արտահայտել հիշյալ երեւույթները բացահայտողների ու քննադատողների նկատմամբ։ Մարդկայնորեն նրա ջղաձիգ արձագանքն ինձ համար լիովին հասկանալի է։ Երբ մի ամբողջ ազգ զզվում է քեզանից, դու էլ, բնականաբար, իրավունք ունես զզվելու գոնե մի քանիսից։ Բայց քաղաքական տեսակետից մենք գործ ունենք չափազանց վտանգավոր մի իրողության հետ, քանի որ Սերժ Սարգսյանն այդպիսով փաստորեն պարտակում է բանակում տեղի ունեցող հրեշավոր հանցագործությունները եւ խրախուսում դրանց շարունակումը՝ սպայակազմին հասկացնել տալով, թե ինչ ուզում եք արեք, ես ձեր թիկունքին եմ։
Չեմ ուզում հատուկ կանգ առնել մի այլ խայտառակության՝ փոխնախագահ Ջո Բայդենի կատարած աղմկահարույց բացահայտման վրա, որի համաձայն՝ Սերժ Սարգսյանը ժամանակին իրեն զանգահարել ու խնդրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կասեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ–թուրքական մերձեցման բանակցություններին չվնասելու համար։ Դրա շուրջ առանձնապես ծավալվելու կարիք չկա, որովհետեւ մի կողմից՝ մարդու հավատ չի գալիս, որ Սարգսյանը կարող էր այդքան հեռուն գնալ, իսկ մյուս կողմից՝ եթե դա ճշմարտություն է, ապա, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին Աստրախան քաղաքում կայացած Մեդվեդեւ–Սարգսյան–Ալիեւ հերթական, արդեն յոթերորդ հանդիպմանը, ապա այդ փաստը միայն հաստատում է իմ այն պնդումը, որ Մինսկի խմբի առկայությամբ հանդերձ, Ղարաբաղյան կարգավորման բուն գործընթացները տեղի են ունենում բոլորովին այլ ձեւաչափում:
Շնորհակալություն ուշադրության համար եւ բարի երթ։