Պետք է զրկել կոչումներից

09/11/2010

Հայկական բանակում խնդիրների լուծման ուղիներից մեկը ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն է: Երեկ նման առաջարկով հանդես է եկել ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Ըստ նրա` այսօր բանակում կան սպաներ, ովքեր արժանի չեն իրենց կոչումներին, զբաղվում են կոռուպցիայով, նվաստացնում զինվորներին: «Անկախ հայրենիքի առջեւ իրենց նախկին արժանիքներից, այդ սպաները պետք է զրկվեն իրենց կոչումներից: Ովքեր պատերազմել են Լեռնային Ղարաբաղի համար, չպետք է մտածեն, թե իրենց ամեն ինչ թույլատրված է: Կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե պատերազմին մասնակցել են, իրենց ամեն ինչ կարելի է: Սակայն նրանք պետք է օրինակ ծառայեն մյուսներին»,- ասել է Կարապետյանը: Նաեւ հավելել է, թե բանակում վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական միջադեպերից եւ Ադրբեջանի հետ սահմանին լարված իրավիճակից հետո «մարդիկ սկսել են հնարավորություններ որոնել իրենց երեխաներին բանակ չուղարկելու համար»: