armversion կայքէջը մի դրվագ է ներկայացրել այսօրվա իրականությունից, որի մասին բազմիցս ահազանգել են մեր համաքաղաքացիները: «Այսօր (երեկ.- խմբ.) գնացել էի ինքնաթիռի տոմսեր գնելու եւ շատ հետաքրքիր անակնկալի հանդիպեցի այն գործակալությունում, որտեղից պատրաստվում էի գնել տոմսերը: Պարզվում է, որ բոլոր օտարերկրյա ավիաընկերությունները` Ավստրիական, Չեխական, «Աերոֆլոտ», «Սիբիր-Ավիա» եւ այլն, որոնք աշխատում են Հայաստանում, ինքնաթիռի տոմսերը հաշվարկում են` նկատի ունենալով ՀՀ Կենտրոնական բանկի տվյալ օրվա տարադրամի փոխարժեքը: Բացառություն է հայրենի «Արմավիան», որը որպես փոխարժեք սահմանել է, հավանաբար, իր սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի կողմից հատուկ սահմանված «անձնական կուրսը»: Օրինակ` «Սիբիր-ավիա» ավիաընկերությունը 1 եվրոն հաշվարկում է 500 դրամ փոխարժեքով: Իսկ «Արմավիայի» տոմսերում` որպես 1 եվրոյի փոխարժեք, ընտրված է 528 դրամը: Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ մաթեմատիկական եւ տնտեսագիտական հաշվարկներից ելնելով է պարոն Բաղդասարովը սահմանել նշված կուրսը: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ, թե մեր պետությունը հոգում է մեր մասին, երբ գրեթե յուրաքանչյուր քայլափոխի թույլ է տալիս գռփել եւ թալանել սեփական ժողովրդին: Եվ ինչո՞ւ գնել, օրինակ, Երեւան-Մոսկվա ուղղությամբ տոմսը 132.000 դրամով «Արմավիայից», երբ «Սիբիր-Ավիա»-ից (ի դեպ, ավելի որակյալ սպասարկմամբ) նույն ուղղությամբ տոմսը կարելի է գնել 126.000 դրամով»,- գրված է կայքում: