Ձախողել են

09/11/2010

Հետխորհրդային տարածքի ամերիկյան փորձագետ Արիել Քոենը գործնականում ձախողված է անվանել ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում: Ըստ Քոենի` հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները մնացել են նույն մակարդակին, ինչ եղել են առնվազն երեք տարի առաջ: «ԱՄՆ-ին չհաջողվեց հասնել նրան, որ կողմերը հրաժարվեն նախապայմաններից, որոնք խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը: Թուրք պաշտոնյաները մշտապես զուգահեռներ են տարել հայ-թուրքական գործընթացի եւ ղարաբաղյան հակամարտության հետ` միանշանակ հայտարարելով, թե այդ գործընթացները կապված են եւ առանձին լուծել հնարավոր չէ»,- «Caucasus Times»-ին տված հարցազրույցում ասել է Քոենը` հավելելով, թե Վաշինգտոնն էլ հեռացվածություն ցուցաբերեց Ադրբեջանից` երկար ժամանակ ԱՄՆ դեսպան չնշանակելով այդ երկրում։ «Ընդ որում, Բաքվին վրդովեցրել էր Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի աջակցությունը»,- նշել է քաղաքագետը: Քոենի կարծիքով, ձգտելով խաղաղարարության, Սպիտակ տունը պարզապես աչք փակեց Բաքու-Անկարա-Երեւան առանցքի բարդ փոխհարաբերությունների վրա: