Մարդկանց մեծամասնությունը երբեք չի նկատում ամբողջ եղածը։ Կյանքից անցնում են` միշտ ուրիշ բան փնտրելով, գոյությունից անցնում են՝ համոզված, որ իրենց նպատակը, իրենց ուզածը մի հեռավոր տեղ է՝ չնայած, որ իրենց շուրջն է այն ամենը, ինչի կարիքն ունեն նպատակին հասնելու համար։
Չինական հեքիաթից
«Մեղրի 1» բարեգործական հասարակական կազմակերպությունը Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հատկացրած դրամաշնորհով եւ Միգրացիայի միջազգային վարչության համագործակցությամբ իրականացնում է «Շվանիձոր գյուղի վերակենդանացում, ջրային համակարգի (քյահրեզների) վերականգնում» ծրագիրը։
Սյունիքի մարզի Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղը գտնվում է Հայաստանի ծայր հարավում, մայրաքաղաք Երեւանից 400 կիլոմետր հեռավորության վրա։ Այն զբաղեցնում է 4222 հեկտար տարածք, ունի 362 բնակիչ։ Գյուղը թաղված է մրգատու այգիների մեջ:
Շվանիձորի ջրամատակարարման հիմնական աղբյուրը 4 քյահրեզներն են, որոնք մեզ են հասել միջնադարից։ Քյահրեզը պարսկերեն բառ է։ Հոր զարկելու միջոցով քյահրեզ հանելն արեւելյան մշակույթ է: Քյահրեզը ջրօգտագործման գոյություն ունեցող միջոցներից ամենահնագույնն է։ Հայաստանի տարածքում դրանք հիշատակվում են Ք.Ծ.Ա 721-705 թվականներին։ Քյահրեզներ կան նաեւ Պարսկաստանում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Չինաստանում եւ այլուր։ Մեղրու տարածաշրջանում քյահրեզներով են սնվում Արաքսի հովտի հարավային շրջանի բնակավայրերը՝ Մեղրի քաղաքը, Շվանիձոր, Աղվանք, Նռնավան գյուղերը:
Քյահրեզի կառուցվածքը շատ պարզ է: Ստորերկրյա ջրերի համեմատաբար ոչ խոր վայրում փորվում է առաջին հորը` նեղ ու խոր մի ջրհոր, որը հասնում է ջրի շերտին: Առաջին հորից 8-10 մետր հեռավորությամբ փորվում է ճիշտ այդպիսի երկրորդ հորը, այնուհետեւ` երրորդը, չորրորդը, հարյուրերորդը, մինչեւ այդ հորերի խորությունը հասնի երկու մետրի: Այնուհետեւ հորերը՝ սկսած վերջինից, որից սկիզբ է առնում առուն, ստորերկրյա գետնուղով միացվում են իրար՝ հասնելով առաջինին։
«Քայլես, մտնես մի տարածք, չես իմանա, որ այդտեղ նման բան կա։ Հմայիչ ոչ մի բան չունի, ոչ մի տեսք չունի, բայց ամբողջ բնակավայրը կարող է ջրով ապահովել»,- ասում է «Մեղրի 1» կազմակերպության ղեկավար, ճարտարապետ Արմինե Պետրոսյանը։ Նա գտնում է, որ քյահրեզները շատ կայուն միջոց են եւ, մեծ ծախս չպահանջելով, կարող են ջրամատակարարում ապահովել։
Շվանիձորի քյահրեզների մի մասը գործում էր, սակայն ոչ բավարար արդյունավետությամբ։ Կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանցից ոչ մեկը վերջին 100 տարում ոչ մի անգամ չի նորոգվել, ավելին՝ ժամանակի ընթացքում ոչ մասնագետների միջամտության հետեւանքով ստորգետնյա այդ կառույցները լուրջ վնասներ են կրել։ Գյուղի բնակիչների ասելով` նույնիսկ 90-ն անց, ծեր մարդիկ չեն հիշում, թե քյահրեզները վերջին անգամ երբ են մաքրվել։
Քյահրեզների նորոգման ծրագիրն իրականացնում է Հայաստանում միակ մասնագետ Յուրի Գրիգորյանը։ Նա գլխավոր քանքանն է։ Պարսկերեն «քանքան» բառը նշանակում է «հոր քանդող»: Քանքանները համայնքում հարգված մարդիկ են։ Նրանք չեն օգտագործում բարդ գործիքներ, չունեն երկրաչափական գիտելիք, աշխատում են բնության ու տեղանքի զգացողությամբ։
«Այստեղ ամեն մետրի վրա մի գաղտնիք կա։ Յուրաքանչյուր գծամետր մի գաղտնիք է պարունակում։ Ցավոք, ես չեմ կարողանում էդ գաղտնիքին տիրապետել, այս գործի մեջ ես ինձ դեռ լրիվ վարպետ չեմ համարում»,- ասում է Յուրի Գրիգորյանը, ով քյահրեզներ բացելու եւ մաքրելու երեսուն տարվա փորձ ունի։
Մոռացված այս արհեստը նա սովորել է բացառապես իր հետաքրքրասիրության եւ համառության շնորհիվ, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, քանքաններն օտար մարդու գիտելիք չեն փոխանցում, ժառանգում են իրենց զավակներին։ Ժամանակին որպես օգնական աշխատելով «դեմոկրատ պարսիկների» մոտ, ովքեր Իրանի հեղափոխությունից հետո գաղթել էին Ադրբեջան, Յուրին կարողացել է յուրացնել ստորերկրյա այս արհեստի գաղտնիքները։ «Կարեւոր պահերին, ասենք՝ հորը հորին միացնելիս, պատճառ էին գտնում ինձ ինչ-որ տեղ ուղարկելու, որ ես չտեսնեմ` ինչն ինչպես է արվում,- հիշում է Յուրին,- բայց ես հետո գիշերով մտնում էի հորերն ու նայում»։
Հազարամյակներ շարունակ քյահրեզները եղել են մարդու կենսապահովման հիմնական աղբյուրը։ Անցած հարյուրամյակում, տեխնիկայի զարգացմանը զուգահեռ, դրանք կորցրել են իրենց նշանակությունը, սակայն ժամանակի ընթացքում կրկին արժեւորվել են, քանի որ մարդիկ սկսել են գիտակցել, որ հիդրավլիկ այս կառույցները հավերժական են, աշխատում են անընդհատ, առանց ծախս ու ներդրումներ պահանջելու։
«Ոչ ոք չի կարող ասել, թե քյահրեզը քանի տարվա պատմություն ունի, բայց վստահաբար կարելի է պնդել, որ այն ավելի հին է, քան տվյալ բնակավայրը, որովհետեւ նախ ջուրն է լինում, հետո են մարդիկ գալիս»,- ասում է Յուրի Գրիգորյանը։ Նա քյահրեզները համեմատում է մեր ճարտարապետության հնագույն կառույցների հետ. «Մենք գիտենք հայկական ճարտարապետությունը, բայց չգիտենք, որ մի ճարտարապետություն էլ հողի տակ կա։ Դրսից բան չի երեւում, բայց որ արդեն մաքրում ես, փորում ես ու հասնում ես հիմնական տեղերին, դառնում է մի չտեսնված ճարտարապետական կառույց, որը ջուր է տալիս տարին 12 ամիս»։
Քյահրեզները մեծ խնամք են պահանջում: Հարկավոր է ամեն տարի գարնանը մաքրել ջրատար առուները, հմուտ ձեռքով շարունակ հետեւել հորերի ու գետնուղու վիճակին: Հորդ անձրեւներից հետո անհրաժեշտ է ստուգել գետնուղին, վերացնել առաջացած խոչընդոտները։ Այս ամենը նկատի ունենալով՝ գլխավոր քանքան Յուրի Գրիգորյանն աշխատանքին զուգահեռ նաեւ աշակերտներ է պատրաստել, որ իր գնալուց հետո հետեւեն քյահրեզների վիճակին։
Շվանիձոր գյուղի համար մեծ կարեւորություն ունեցող այս ծրագրին մասնակից են դարձել նաեւ գյուղի բնակիչները։ 67-ամյա թոշակառու Միշա Անանյանը ժամանակին պատշար է աշխատել։ Յուրի Գրիգորյանի խնդրանքով նա վերացրել է քյահրեզի պատերի փլվածքները։ «Մի օր Յուրան խնդրեց, ասաց` մի տեղ փլվածք կա, արի դու շարի։ Ասի, որ մեր գյուղի համար ա, եթե ուրիշները մեր գյուղի համար մտածում են, իմ ձեռքովս էլ գալիս ա, իմ շնորհքս էլ ունեմ պատ շարելու, գնացի»,- ասում է Միշա Անանյանը։
Քյահրեզները պահպանելու, խնամելու, նորոգելու, ստացվող ջուրը ճիշտ բաշխելու, ջրի էկոլոգիական վիճակը կարգավորելու եւ գյուղին վերաբերող այլ ծրագրեր իրագործելու նպատակով ստեղծվել է «Շվանիձոր ջուր» ջրօգտագործողների միություն» հասարակական կազմակերպությունը։
ՀԿ-ի խորհրդի նախագահ Հմայակ Վարդանյանը ծրագրի արդյունքներից գոհ է. «Եթե սկզբնական շրջանում վայրկյանում գալիս էր 10-15 լիտր ջուր, մաքրելուց հետո մինչեւ 30-35 լիտր է գալիս։ Հիմա եթե այստեղ ջուր չլինի, ժողովուրդ չի մնա»։ ՀԿ-ի խորհրդի նախագահն ասում է, որ իրենց հաջորդ քայլը քյահրեզներից ստացված ջուրը տներին հասցնելն է լինելու։
Այս ակնարկին որպես բնաբան բերված չինական հեքիաթի իմաստունն իր արքային սովորեցնում էր հրաշք չփնտրել։ «Օգտագործիր այն, ինչ որ կա»,- հորդորում էր իմաստունը։ Այսինքն՝ օգտագործիր քո ունեցածը եւ քո կարեցածը։ «Մեղրի 1» կազմակերպության եւ գործընկերների այս ծրագիրն էլ նույն պատգամն ունի՝ կարողանալ անել անկարելին՝ բնության ու մարդու շնորհներն օգտագործելով։ Եվ այդ դեպքում մարդիկ իրենք էլ զարմանքով կամ հիացմունքով կարձանագրեն, որ կյանքը բարելավվում է։
www.hetq.am