«news.am»-ի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին Ադրբեջանը Հայաստանին է հանձնելու ՀՀ մի քաղաքացու, ով տեւական ժամանակ անհետ կորած էր համարվում: Այս կապակցությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը կայքի թղթակցի հետ զրույցում նշել է, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանություններից տեղեկություն է ստացել հայ քաղաքացիական անձի մասին, ով գտնվում է Ադրբեջանում: ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են նրան:
Հարցին՝ երբ է նախատեսված նրա հանձնումը հայկական կողմին, Աստաբացյանը պատասխանել է, թե Կարմիր Խաչին առայժմ չեն դիմել նման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ, եւ եթե դիմում լինի, իրենք պատրաստակամությամբ կաջակցեն անձի տեղափոխմանը Հայաստան: