Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 7-ին` ադրբեջանցի երկու դիվերսանտների թաղման արարողության ժամանակ, անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով. «Մենք բանակցություններ ենք վարելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածքային ամբողջականությունը խաղաղ կերպով վերականգնելու հույս ունենք: Երբ տեսնենք, որ դա անհնար է, այդժամ ադրբեջանական պետությունը, օգտագործելով ռազմական ուղին, կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»: Ալիեւի խոսքով, հողերը ռազմական եղանակով ազատելու համար Ադրբեջանն ունի ինչպես մարտունակ բանակ, այնպես էլ զինծառայողների մարտական ոգի: