Մենք՝ հայերս, շատ ենք ոգեւորվում, երբ միջազգային լրահոսում հայկական ազգանուն ենք տեսնում։ Ընդ որում՝ այդ ոգեւորության հարցում ամենեւին կապ չունի, թե հայկական արմատների հիշատակումը դրակա՞ն ասպեկտով է ներկայացված, թե՞ բացասական։ Եթե անգամ գործ ունենք բացասական երեւույթի հետ, միեւնույն է՝ հետաքրքրվում ենք, փորձում արդարացնել, ասում-խոսում ենք այդ թեմայով։
Ցավով պետք է նշել, որ Հայաստանի եւ հայերի մասին միջազգային մամուլն առիթից առիթ է հիշում։ Տնտեսական եւ քաղաքական հիշատակումների դեպքերում Հայաստանի անունը հիշատակվում է հիմնականում Ռուսաստանի կողքին, երբ արեւմտյան վերլուծաբաններն ու հոդվածագիրները ներկայացնում են մեր ռազմավարական դաշնակցի կայսերապաշտական նկրտումները։ Նման հոդվածներում, որպես կանոն, մեր երկիրը հիշատակվում է որպես Ռուսաստանից կախված երկրի վառ օրինակ։
Թերեւս, հենց դրանով է պայմանավորված, որ նման կոնտեքստից փոքր-ինչ տարբերվող ցանկացած հիշատակման մենք մեծագույն հետաքրքրությամբ ենք վերաբերվում։ Վերջին շրջանի ամենավառ օրինակը ԱՄՆ-ում ձերբակալված օրենքով գող Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի» ձերբակալությունն էր։ Իհարկե, զուտ երկրի իմիջի առումով նման հնչեղություն ստացած գործը բացասական կարելի է ընկալել։ Սակայն մեզանում շատերն անթաքույց հիացմունքով էին խոսում այն սխեմայի մասին, որով մեր հայրենակիցները Medicare-ից միլիոնավոր դոլարներ էին տարել։
Թարմ օրինակներից մեկն էլ, որին կրկին անդրադարձել են արեւմտյան ԶԼՄ-ները, պակաս տպավորիչ չէ, սակայն այս դեպքում ոգեւորվելու եւ արդարացնելու տեղ ընդհանրապես չկա։ Խոսքը վերաբերում է Հայաստանի երկու քաղաքացիներին, ովքեր Վրաստանում փորձել էին հարստացված ուրան վաճառել։ Դեպքը տեղի էր ունեցել ամիսներ առաջ՝ ապրիլի 14-ին, սակայն շուտով ավարտին է մոտենալու երկու հայաստանցիների դատավարությունը, եւ վերջին երկու օրերին միջազգային լրահոսը կրկին ուշադրության է արժանացրել այս գործը։ Երեկ այս թեմային անդրադարձել է անգլիական ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ «The Guardian»-ը։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այս հատուկ գործողության մասին խոսել էր դեռ ապրիլին՝ Վաշինգտոնում տեղի ունեցած 15-րդ միջուկային գագաթաժողովի ժամանակ, սակայն մանրամասները չէին հրապարակվել։ Գործընթացն ընթանում էր փակ դռների ետեւում՝ ատոմային զենքի տարածման դեմ պայքարի վրացական ստորաբաժանման աշխատանքի գաղտնիությունը ապահովելու համար։ Սակայն քննչականն մարմնի ներկայացուցիչները «The Guardian»-ին բացառիկ ինֆորմացիա են տրամադրել այս գործի մասին։
«Քննության ընթացքում բացահայտվել է, որ ատոմային մարտագլխիկի առանցքային էլեմենտ հանդիսացող ուրանը կարելի է գտնել սեւ շուկայում եւ հեշտությամբ անցկացնել սահմանով՝ շրջանցելով ԱՄՆ-ի փողերով տեղադրված ռադիացիայի դետեկտորները»,- գրում է թերթը՝ ավելացնելով, որ դեռ պարզ չէ, թե ինչ քանակի ռադիոակտիվ նյութեր են շրջանառվում սեւ շուկայում, եւ ծայրահեղական խմբերը հասցրե՞լ են արդյոք ձեռք գցել դրանք։
«Վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ են ծախսվել միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման վրա, այդ թվում՝ Ռուսաստանում գտնվող։ Սակայն պարզ չէ, թե որքան ռադիոակտիվ նյութեր են նախկինում գողացվել։ Ենթադրվում է, որ ուրանը, որը փորձում էին վաճառել Սումբատ Տոնոյանն ու Հրանտ Օհանյանը, գողացվել է մի քանի տարի առաջ։ ԱՄՆ-ում անցկացված փորձաքննության արդյունքներով՝ ուրանը հարստացվել էր մինչեւ 89.4%, ինչը բավարար է միջուկային մարտագլխիկ պատրաստելու համար։ Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ընդամենը 18 գրամ ռադիոակտիվ նյութ, սակայն Հայաստանում գտնվող մատակարարը նրանց ասել է, որ կարող է դրանից ավելի մատակարարել։ 63-ամյա նախկին ֆերմեր Տոնոյանը եւ 59-ամյա գիտնական Օհանյանը ուրանը տեղափոխել են Երեւան-Թբիլիսի գնացքով՝ արճիճով պարուրված ծխախոտի տուփի մեջ։ Գնորդի հետ հանդիպումը պետք է տեղի ունենար Թբիլիսիում մարտի
11-ին. հայերը ենթադրում էին, որ ուրանը վաճառում էին իսլամիստական խմբավորման ներկայացուցչին, որն իրականում ծպտված ոստիկան էր»,- գրում է թերթը։ Հայաստանի եւ հայերի մասին անտեղյակ որեւէ մեկը, կարդալով այս տեղեկատվությունը, կմտածի, որ Հայաստանն ահաբեկչության նպաստող երկիր է։
Ցավալին այն է, որ ինչպես արդեն նշվեց, վերջին շրջանում Հայաստանի եւ հայերի անունները շոշափվում են հիմնականում քրեական պատմությունների համատեքստում։ «Դեդ Հասանի» դեմ իրականացված մահափորձ, «Պզոյի» գործի բացահայտում, Վրաստանում ձերբակալված լրտեսներ։ Հիշեցնենք, որ լրտեսության մեջ մեղադրվող անձանցից երկուսը հայ էին՝ Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը։ Երեկ «Վզգլյադ» թերթը կարծիք էր հայտնել, որ նրանք, հնարավոր է, աշխատում էին հայկական հետախուզության համար։ Ճիշտ է դա, թե ոչ՝ ոչ ոք չի կարող ասել։ Սակայն մի բան հստակ է. շատ վատ է, երբ մեր անմիջական հարեւան երկրում, թեկուզ լուրերի մակարդակով, լրտեսական պատմության մեջ շրջանառվում են հայկական անուններ։
Ռուսաստանը, իհարկե, շտապեց այս ամենը որակել որպես քաղաքական ֆարս։ Սակայն մեր հայրենակիցներին, որոնք հայկական կրիմինալի դեմ ծավալված արշավը փորձում են պայմանավորել աշխարհաքաղաքական գործոններով (ասենք՝ հայ-ռուսական բարեկամությամբ, եւ դրա նկատմամբ ամերիկա-վրացական խանդով), ստիպված ենք հիասթափեցնել։ Ամենավառ օրինակը ՌԴ Պետդումայի պատգամավոր, մեծահարուստ Աշոտ Եղիազարյանի դեմ հարուցված գործն է։ Վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախությունների մեջ եւ փախել է Լոնդոն։ Այսինքն, հայկական կրիմինալի դեմ պայքարը թեժացրել է նաեւ Ռուսաստանը։ Եթե այս ամենին էլ գումարենք համարյա ամեն շաբաթ հայերի մասնակցությամբ տեղի ունեցող «մանր-մունր» միջադեպերը, ապա կարող ենք փաստել, որ Հայաստանի եւ հայերի շուրջ միջազգային լրահոսում ձեւավորվել է բացասական, կրիմինալ երկրի կերպար։
Ահա այսպես, մինչ մեր կառավարությունը հարյուր-հազարավոր դոլարներ է ծախսում՝ Հայաստանը գովազդելով CNN-ով եւ այլ միջազգային հեռուստաալիքներով, եւ մինչ մերոնք անթաքույց հպարտությամբ Շանհայի ցուցահանդեսում ներկայացնում են «Աշխարհի քաղաքը»՝ մենք աշխարհին ներկայանում ենք լրիվ ուրիշ տեսանկյունից։ Իհարկե, ամենահեշտը հայտարարելն է, որ դա կազմակերպված է «մութ ուժերի» կողմից։
Հ.Գ. Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ ընթացիկ տարվա մարտ ամսին Վրաստանի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ, որոնք փորձել են Վրաստանի տարածքում գերհարստացված ուրան իրացնել: Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում, ս.թ. ապրիլին, ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների կողմից վերոնշյալ գործարքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանը: Ներկայումս վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 215 հոդվածի 2-րդ մասով` ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն հատկանիշով: Վերոհիշյալ հանցագործության բացահայտման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների միջեւ իրականացվել է սերտ համագործակցություն»: