140 դեպք

09/11/2010

Այս տարվա ընթացքում արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման շուրջ 140 դեպք. նշանակված տուգանքի ընդհանուր չափն էլ 25 մլն դրամից ավելի է: Այս մասին նշել է Պետեկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, արձանագրված խախտումներից 115-ի դեպքում խախտումն արձանագրվել է առաջին անգամ եւ կիրառվել է օրենքով սահմանված տուգանք` 150.000 դրամի չափով: 24 դեպքում խախտումներն արձանագրվել են նաեւ տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում 2-րդ եւ ավելի անգամ. կիրառվել է համապատասխանաբար 300.000 եւ 600.000 դրամի տուգանք եւ օրենքով սահմանված կարգով գործունեության կասեցում` 5 եւ 10 օրով: ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդմամբ` ՊԵԿ-ի հսկողական աշխատանքների արդյունքում ֆիսկալային հասույթների աճ եւ ներդրված ՀԴՄ-ների քանակի ավելացում է արձանագրվել: ՊԵԿ-ի տեսչության աշխատակիցներն արձանագրել են, որ որոշ տնտեսվարողներ օրենքի պահանջն անտեսում են հատկապես ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին, այդ օրերին գնորդներին չտրամադրելով ՀԴՄ կտրոններ: Դրա համար էլ, ՊԵԿ նախագահի հրամանով հանձնարարվել է որոշ հարկային ծառայողների համար ոչ աշխատանքային օրերն ու ժամերը հայտարարել աշխատանքային, կատարել լրացուցիչ ստուգայցեր: