Հարցազրույց Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի (California state University, Northridge` CSUN) դասախոս, «ARPA» ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանի հետ
«ARPA» (Analysis, Research and Planning for Armenia, ARPA) ինստիտուտը հիմնվել է Լոս Անջելեսում 1992թ.: Անգլերենից թարգմանաբար նշանակում է՝ hետազոտություն, ուսումնասիրություն, ծրագրավորում Հայաստանի համար: Դեռեւս 1992թ. Հայաստանի էներգետիկ ճգնաժամի տարիներին ինստիտուտը գիտաժողով կազմակերպեց, որին հրավիրված 28 գիտնականները եկան այն համոզման, որ Մեծամորի ատոմակայանը պետք էր բացել: Հրավիրված մասնագետների մի մասն էլ մեկնեց Ջաջուռ՝ նոր ածխահանքի ուսումնասիրության համար: Դրան զուգահեռ՝ Երեւանի Էրեբունի հիվանդանոցում եւ Գյումրիում բացվեցին արյան մատակարարման կենտրոններ, իսկ Կալիֆոռնիայի USLA համալսարանի դասախոսներից մեկը մինչ օրս անվճար հիմունքներով վիրահատություններ է կատարում խուլ երեխաների համար: Ինստիտուտի առաջիկա նախաձեռնություններից մեկը ամենաարդիական գենետիկայի լաբորատորիայի բացումն ու էլեկտրոնիկ հնէաբանության (e-Archaeology) կազմակերպումն է Հայաստանում: 1995թ. «ARPA»-ն սկսել է նաեւ մի շարք կրթական ծրագրեր իրականացնել: Վերջին 3 տարիներին ինստիտուտը կազմակերպում է գիտության ոլորտի նորարարության մրցույթ, որին մասնակցում են Հայաստանի ուսանողները: Այս տարի մրցանակի արժանացավ նանոմետր սարքի նորարարությունը, որը հնարավորություն է տալիս չափել մակերեսի անհավասարությունները:
– 1992թ.-ից մինչ օրս անմիջական առնչություն ունեք Հայաստանի գիտակրթական բնագավառի հետ: Ինչպիսի՞ն է Հայաստանի գիտության վիճակն այսօր:
– Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի գիտության ներկա վիճակում զարգացում չեմ տեսնում, ավելին՝ այն բավական հետընթաց է ապրում: Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում որոշակի առաջխաղացում նկատվում է, բայց, այնուհանդերձ, գիտության մյուս ճյուղերն այս տարիների ընթացքում բավական տուժել են: Այնպիսի տպավորություն է, կարծես, Հայաստանի լավագույն մասնագետները նեղացել են երկրից: Այսօր մեր երկրի գիտության ոլորտը մրցունակ չէ, գիտնականների գործունեության համար բավարար միջոցներ չեն ստեղծվել: Դրանով էլ պայմանավորված է գիտնականների արտահոսքը Հայաստանից, որոնք մեծ նպաստ են բերում օտար երկրների գիտության զարգացմանը: Սա շատ վտանգավոր է մեր երկրի համար: Իրականում Հայաստանը ամենամեծ նպաստատուն է աշխարհում: ԱՄՆ-ում հայ գիտնականների ուղեղների շնորհիվ պետությունը միլիոնավոր դոլարների եկամուտ է ձեռք բերում: Մինչդեռ այդ նպաստը նրանք կարող են բերել մեր պետությանը:
– Բայց ՀՀ Կառավարությունը բազմիցս նշում է, որ գիտությունը պետք է առարկայական, շոշափելի օգուտ բերի, որպեսզի պետությունը հովանավորի գիտնականին: Ինչպե՞ս հասկանալ:
– Ի տարբերություն արեւմտյան երկրների, Հայաստանում բացակայում է այն մտածելակերպը, որ գիտությունը կարող է շահավետ բիզնես դառնալ: Մենք դեռ ուղղորդվում ենք սովետական կարգերից եկած հոգեբանությամբ, երբ գիտնականի նոր տեսությունը համարվում էր նորարարություն: Այսօրվա աշխարհում դա բավարար չէ: Գիտությունը միայն տեսության վրա չի հիմնվում: Պետք է փաստարկել նաեւ տեսությունը: Այսինքն՝ երեւան է գալիս գյուտարարության, նորարարության խնդիրը, եւ բազմաթիվ հարցեր են ծագում, օրինակ, ինչպե՞ս նորարարությունը վերածել գյուտարարության, ինչպե՞ս այդ նորարարությունից արտադրանք ստանալ, եւ այլն: Տվյալ պարագայում գիտությունը նպաստում է նաեւ տնտեսության զարգացմանը: Այս մտածելակերպը հասկանալու, բացատրելու, որդեգրելու համար անհրաժեշտ կլինի նվազագույնը մեկ սերունդ: Դժբախտաբար, այս մասին չի դասավանդվում հայաստանյան բուհերում:
– Ովքե՞ր բացատրեն, երբ, ինչպես բոլորիս հայտնի է, մեր երկրի գիտական հիմնական պոտենցիալը հեռացել եւ մինչ օրս հեռանում է Հայաստանից:
– Չեմ կարող ասել, թե մեր գիտական պոտենցիալը իսպառ վերացել է մեր երկրից: Գիտնականներ ունենք, բայց նրանք մեծ թիվ չեն կազմում: Որոշ իմաստով մեր գիտությունը դեռ բավարար ուժ ունի: Խորհրդային տարիների գիտական ներուժի կեսը դեռ կա Հայաստանում: Ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ճյուղերում հրաշալի գիտնականներ կան, ովքեր գիտական մեծ պաշար ունեն: Այլ բան է, որ նրանք չունեն գիտության մեջ արտադրանք ստանալու մտածելակերպ: Միեւնույն ժամանակ՝ միջոցներ չկան, որոնք պետք է տրամադրի ՀՀ Կառավարությունը: Վերջինս, կարծես, ավելի մեծ ուշադրություն է դարձնում Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին, քան գիտության մյուս ճյուղերին: Իհարկե, ուրախալի է նման ուշադրությունը, բայց անհրաժեշտ է նաեւ գիտության մյուս ճյուղերի զարգացումը, որոնք կարող են նպաստել տնտեսության զարգացմանը: Կարծում եմ՝ այսօր ծրագրավորման պակաս կա: Նախեւառաջ կառավարությունը պետք է ուսումնասիրի երկիրը, դիտարկի պահանջները, եւ ըստ այդմ՝ ուսանողներ պատրաստի: Ուսանողների՝ գիտության նկատմամբ փափագը պակասում է: Սա բավական վտանգավոր երեւույթ է:
– Միգուցե պատճառն այն է, որ մեր երկրում գիտնականը ամենաքիչ պահանջարկված մասնագետն է, եւ ստանում է լավագույն դեպքում 45.000 դրամ: Եվ կամ, զբաղված են տարբեր երկրների գրանտային` դրամաշնորհային ծրագրերով:
– Իհարկե, այդ հանգամանքը եւս կա, բայց միեւնույն ժամանակ՝ երիտասարդը պետք է գիտակցի, որ գիտությունը հեշտությամբ կարելի է վերածել բիզնեսի: Ամեն դեպքում մեր երիտասարդները ծանր աշխատելու ցանկություն չունեն: Մեր իրականությունում տակավին տիրում է սովետական հոգեբանությունը, երբ մարդիկ չունեն երկրի նկատմամբ սեփականատիրական ձգտումներ: Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մի երկաթե ջարդված դուռ կա, որը մի կողմ են նետել: Հավանաբար, այն մնացել է Խորհրդային Միության տարիներից: Ամեն տարի Հայաստան գալով՝ տեսնում եմ, որ այդ դուռը շարունակում է իր «տեղում» մնալ, եւ որեւէ մեկը պարզապես ցանկություն չունի այն շտկելու: Պատճառն այն է, որ մենք շարունակում ենք մտածել, որ այս երկիրը ոչ թե մեզ, այլ կառավարությանն է պատկանում: Սովետական տարիներին մարդիկ սովոր էին գողանալ պետությունից: Այդ ժամանակ կար այսպիսի հոգեբանության դրսեւորում՝ այն, ինչ պետությանն է` կարելի է գողանալ: Բայց չԷ՞ որ հիմա մենք անկախ ենք, եւ այն, ինչ կա այս երկրում, այլեւս մերն է:
– Իսկ չէ՞ որ նույն ԳԱԱ-ն հիմնականում համալրված է սովետական հոգեբանությամբ հին մարդկանցով: Մի տեսակ ձեւական կառույց է դարձել, ուրեմն ի՞նչ սպասել ձեւական կառույցից:
– Կարծում եմ՝ ԳԱԱ-ն դեռեւս ունի իր ուժը: Կառույցի վերակազմակերպման, վերանորոգման աշխատանքներն արդեն տարվում են:
– Մեր բուհերի տեխնիկական հագեցվածության պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել գիտության զարգացման մասին:
– Անշուշտ, շատ դժվար, բայց դա եւս լուծելի խնդիր է: Այդ ուղղությամբ պետք է աշխատեն թե՛ իշխանությունները, թե՛ համալսարանի ղեկավարները: Ամերիկյան կառավարությունը համալսարանների ոչ բոլոր խնդիրներն է հոգում: Համալսարանի ղեկավարներն իրենց խնդիրների լուծման համար ներգրավում են իրենց շրջանավարտներին, բարերարներ են փնտրում, եւ այլն: Իսկ այդ համալսարանների եկամտի ուղիղ կեսը գալիս է դրսից: Այն ժամանակ, երբ մեր համալսարանների պրոֆեսորներն ու ղեկավարներն ունենան սեփական երկրի նկատմամբ պարտքի զգացում, ինչի մասին վերը նշեցի, խնդիրները կլուծվեն:
– Այնուամենայնիվ, ի՞նչ անել գիտության նկատմամբ հետաքրքրություն ձեւավորելու համար:
– Կան երկրներ, որոնց կառավարությունները բավական մեծ կրթաթոշակ են տալիս այն ուսանողներին, որոնք հետաքրքրվում են գիտությամբ: Շատ դեպքերում կազմակերպում են գիտական մրցույթներ, մրցանակներով ու պարգեւատրումներով են խրախուսում: Ուսանողն ավարտելուց հետո պետք է համոզված լինի, որ ստացած գիտելիքները պահանջարկ ունեն այդ երկրում: Կառավարությունը պետք է ծրագիր ունենա, եւ ներկայացնի, թե յուրաքանչյուր բնագավառում քանի մասնագետի կարիք ունի: Հակառակ դեպքում բուհն ավարտում են տասնյակ անգամ ավելի մասնագետներ, քան պետության ներսում այդ անհրաժեշտությունը կա, եւ շրջանավարտների մի մասը հարկադրված մեկնում է երկրից: Փոխարենը՝ պակասել են արհեստագործական ուսումնարանները, որոնք շատ դեպքերում ուսանողներ չունենալով՝ ստիպված փակվում են: Չեմ կարող ասել, թե ի՞նչն է պատճառը, բայց մեր երկրում երիտասարդներին ավելի շատ սկսել է հուզել դրամը, բիզնեսն ու արագ հարստանալու մոլուցքը:
– Իսկ հնարավո՞ր է` մի երկրի գիտությունը զարգանա, երբ իշխանությունները կոնկրետ քայլերով չեն խրախուսում դրա զարգացումը:
– Մենք հսկայական ներուժ ունենք Սփյուռքում, որից Հայաստանը բավարար ձեւով չի օգտվում: Այսօր ՀՀ Կառավարությունում Սփյուռքից ներկայացուցիչ չկա, անգամ Սփյուռքի նախարարությունում: Դա նշանակում է, որ Սփյուռքը ներկայացված չէ Հայաստանում՝ Սփյուռքի նախարարությամբ հանդերձ: Այդ պարագայում, ներեցեք խնդրում եմ, ինչո՞ւ է անհրաժեշտ Սփյուռքի նախարարությունը: Ի՞նչ օգտակարություն կարող է այն ունենալ, երբ Սփյուռքն այդ ամենի մաս չի կազմում, եւ հետեւաբար՝ չի կարող նպաստել այս երկրի բարգավաճմանը:
– Բայց Սփյուռքի նախարարությունն ամեն տարի երիտասարդ սփյուռքահայերին կանչում է՝ «Արի տուն»:
– Ի՞նչ նշանակություն ունի «Արի տունը», երբ դու չես ուզում, որ ես գամ քո տուն: Ի՞նչ օգուտ ունի տուն գալը: Տվյալ պարագայում քո տան մեջ տեղ տուր նաեւ սփյուռքահային, քեզ օգնելու համար դիմիր նրան: Հակառակ դեպքում սկսում ենք հավատալ, որ ՀՀ Կառավարությունը լուրջ չի վերաբերվում Սփյուռքի ներուժն օգտագործելու գաղափարին:
– Փոխարենը` Սփյուռքի ներուժը գնահատվում է դրամահավաքների, հանգանակությունների, բարեգործական ծրագրերի` տելետոնների, «Եվրատեսիլ» եւ այլ մրցույթների ժամանակ: Այդպե՞ս է:
– Այո, շատ ճշմարիտ է, ու նաեւ՝ բավական վիրավորական: Հայաստանն ընդունեց երկքաղաքացիության մասին օրենքը: Մեր երկրի իշխանությունները սփյուռքահայերին հորդորում են երկքաղաքացիություն ձեռք բերել, աջակցել Հայաստանին: Իհարկե, մի կողմից՝ ճիշտ է, սակայն մյուս կողմից էլ՝ մինչեւ սփյուռքահայը չզգա, որ ինքն ընդունվում է իր հայրենիքում, չի կարող այդ երկրի քաղաքացի դառնալ:
– Այսինքն՝ Հայաստան-Սփյուռք կամուրջը չկա՞:
– Ոչ, չկա:
– Բայց Դուք շարունակում եք օգնել Հայաստանին: Ինչո՞ւ:
– Սա մեր երկիրն է, եւ բոլորիս նպատակն այն հզորացնելն է, մի օր Հայաստանը զարգացած երկրների շարքում տեսնելը: Անկախ իմ նշած հանգամանքներից, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին, քանի որ այս երկիրը պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ՝ ժողովրդին:
– Ժողովրդի՞ն, թե՞ մի քանի օլիգարխների:
– Դա ժամանակավոր է: Մեր երկրի դժբախտությունն այն է, որ մեր կապիտալիստներն իրենց կապիտալը չեն օգտագործում ի նպաստ երկրի: Այն ժամանակ, երբ վերջիններս կսովորեն, որ իրենց պատկանող դրամը կարող են դնել ի նպաստ երկրի զարգացման, Հայաստանը կբարգավաճի:
– Դա՞ է ելքը:
– Այո, ելքը դա է, եւ ես մեծ հույսեր եմ կապում ներկա սերնդի հետ:
– Լավատես եք:
– Այո (ժպտում է.- Մ.Մ.):