Ջիվանցիներն ապրում են հարմարավետ բնակարաններում, յուրաքանչյուրն ունի իր բաժին հողամասը։ Ինչպես ասում է գյուղի բնակիչ Սերգեյ Մանուչարյանը, «աշխատող մարդն այստեղ սոված չի մնա»: Մանուչարյանների ընտանիքը 1989-ի դեպքերից հետո Բաքվից տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ` 2000 թվականին բնակություն հաստատել նորակառույց Ջիվանի գյուղում: «Տեղափոխվել ենք Ղարաբաղ, որովհետեւ մեր պապական հողն է: Ինչպես ասում են, հայրենի հողում ավելի հանգիստ ես: Աշխատում եմ տեղի դպրոցում: Միաժամանակ զբաղվում ենք հողագործությամբ, ունենք հողամաս, որտեղ ցորեն ենք ցանում: Ճիշտ է, եղանակային պայմանները ոչ միշտ են թույլ տալիս շահույթ ստանալ, բայց, ընդհանուր առմամբ, բավարարվում ենք»,- նշում է զրուցակիցս:
Գյուղի բնակիչները ակտիվ մասնակցություն են ունենում մոտակա բնակավայրերի գյուղատնտեսական աշխատանքներին եւ, իրենց ասելով, նորմալ վարձատրվում են: Մարդիկ այստեղ ձգտում են հետ չմնալ ժամանակակից զարգացումներից: Ասում են, այս փոքր գյուղի համարյա բոլոր տներում կան ժամանակակից հեռուստացույցներ ու տարբեր տեսակի տեխնիկա:
Աբել Աբելյանի ընտանիքը Ջիվանիում ապրում է 2001 թվականից: Նույն տարում Ա.Աբելյանը նշանակվել է գյուղի դպրոցի տնօրեն: Նա գոհունակությամբ է խոսում այն մասին, որ գյուղի ուսումնական հաստատությունը միշտ էլ գտնվում է հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այն գործում է 1999 թվականից. սկզբնական շրջանում տեղակայված էր բնակարաններից մեկում, այնուհետեւ՝ 2001-ին, կառուցվեց դպրոցի շենքը, ձեռք բերվեց նոր կահույք, նույնիսկ` համակարգիչ: 17 աշակերտ ունեցող դպրոցն ապահովված է անհրաժեշտ մասնագետներով, բացառությամբ` քիմիայի, կենսաբանության եւ օտար լեզվի մասնագետների:
«Կարծում եմ, գյուղը տարիների ընթացքում էլ ավելի կբարգավաճի: Ուղղակի դրա համար անհրաժեշտ է մի փոքր սրտացավություն` գյուղի ապագայի հանդեպ, ինչպես նաեւ` վերաբնակեցման այլ քաղաքականություն: Իմ կարծիքով, գյուղը պետք է վերաբնակեցնել հիմնականում բազմազավակ ընտանիքներով: Ասեմ, որ դպրոցականները հիմնականում 4-5 ընտանիքից են, իսկ ճիշտ քաղաքականության դեպքում` կունենանք առավել մեծ թվով աշակերտներ, որը հիմք կհանդիսանա գյուղի բարգավաճման համար»,- նկատում է պարոն Աբելյանը:
Խոսելով գյուղի հետագա ծրագրերի մասին, Աբել Աբելյանը նշում է, որ նախատեսում են գյուղի 10-15 ընտանիքներով ստեղծել կոլեկտիվ տնտեսություն, որը կբացի նոր աշխատատեղեր: Կոլտնտեսականները կզբաղվեն հիմնականում խաղողագործությամբ, կստեղծեն ջերմոցներ, որտեղ կցանեն տարբեր տեսակի կանաչեղեն: «Գարնանը նախատեսում ենք 5-10 հեկտարի վրա խաղող աճեցնել, իսկ հետագայում կաճեցնենք նաեւ ձմերուկ»,- փաստել է ջիվանցի Ա.Աբելյանը:
Գյուղաբնակներն ասում են, որ համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերին հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերում տարածքի պատգամավոր Օլեգ Գրիգորյանը: «Նա մեզ օգնում է ոչ միայն ֆինանսապես, այլեւ` տարաբնույթ խորհուրդներով»,- մեր զրույցի ժամանակ նշեց բնակիչներից մեկը:
Գյուղում բնակիչները դիտում են թվով հինգ հեռուստաալիք` Ռուսաստանի 1-ին, 2-րդ, Հայաստանի 1-ին, 2-րդ եւ «Արմենիա» ալիքները: Աշխարհում կատարվող իրադարձությունների մասին ջիվանցիները տեղեկանում են հեռուստատեսությունից, սակայն գտնում են, որ արտաքին աշխարհի հետ կապն այնքան էլ լիարժեք չէ: Օրինակ` հեռախոսով զանգելու համար նրանք ստիպված են անցնել մոտ 1,5-2 կմ ճանապարհ, ինչն այնքան էլ հարմար չէ, հատկապես ձմռանը: Նրանց մտահոգում է նաեւ տրանսպորտային խնդիրը. շրջկենտրոն կամ մայրաքաղաք հասնելու համար ստիպված են լինում պատահական ավտոմեքենաներով կամ ոտքով մինչեւ մոտակա Կարմիր Շուկա գյուղ հասնել: Ասում են, միառժամանակ «գյուղն ավտոբուս էին գցել», բայց չարդարացրեց: Խնդիրը գյուղաբնակների համար ներկայումս առաջնահերթ է: Մտահոգիչ է նաեւ այն, որ գյուղում բժիշկ չկա, իսկ բուժքույրը լինում է շաբաթական մեկ կամ երկու անգամ:
«Տարիներ հետո Ջիվանին կլինի շրջանի հարուստ գյուղերից մեկը»,- այս լավատեսական կարգախոսով են ապրում ու աշխատում ջիվանցիները`այս փոքր երկրում ունենալով իրենց երկիրը` Ջիվանին: