Հայաստանում ձերբակալված, Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսը կալանավորված է, նրա հանդեպ գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ինչը ենթադրում է ներգրավվածություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության մեջ: Այս մասին երեկ տեղեկացրել են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ այդ հոդվածը նախատեսում է 7-15 տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Ա. Մալխասյանի ասելով` էքստրադիցիայի հարց չկա, քանի որ Սանչեսը Հայաստանում է կատարել հանցագործությունը, իսկ քրեական գործը հարուցվում է հանցագործության կատարման վայրում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մարզահամերգային համալիրի մոտից բերման էին ենթարկել Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսին: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իտալիայի ոստիկանության գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն` Սանչեսը նախորդ օրը Մոսկվայի չվերթով Իսպանիայից ժամանել էր Երեւան, որտեղ օտարերկրյա մի քաղաքացուց պետք է ձեռք բերեր թմրամիջոց եւ մաքսանենգ ճանապարհով տեղափոխեր Իսպանիա:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Խոսե Սանչեսի ճամպրուկի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ մեկ կիլոգրամ սպիտակ գույնի, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական գլխավոր վարչություն: