Հարսանեկան արարողություն եւ թաղման ծես: Կյանքի այս երկու իրադարձությունները որեւէ կերպ հնարավոր չէ պատկերացնել առանց երաժշտության: Թաթա Սիմոնյան, ռաբիս այլ երգիչներ, հազվադեպ` ազգագրական երգեր. սա մեր հարսանիքների այցեքարտն է: Դուդուկ, Շոպենի «Մահվան քայլերգը», Մոցարտի կամ Վերդիի «Ռեքվիեմ»: Սա մարդուն մյուս աշխարհ ճանապարհելու երաժշտությունն է: Ի՞նչ են, առհասարակ, ուրախությունն ու ողբերգությունը:
Այս հարցերը կոնկրետ պատասխաններ չունեն, սակայն կան երաժիշտներ, ում երաժշտությունը ստիպում է սովորական մարդկանց` ծիծաղել` արտասվելիս, եւ ուրախությունից լաց լինել:
Ինչի՞ է պետք այս ծեծված ճշմարտությունը: Դե, որովհետեւ մի քանի օրից Երեւանում տեղի կունենա մշակութային աննախադեպ իրադարձություններից հերթականը. Երեւան է ժամանելու Գորան Բրեգովիչն (Goran Bregoviգ)` իր հարսանիքի եւ թաղման նվագախմբով (Wedding and funeral band): Նրա երաժշտության սիրահարների համար նրա համերգը իսկական տոն է: Նույն տոնն էր, երբ այստեղ` Երեւանում էր սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան եւ The No Smoking Orchestra-ն: Կամ՝ երբ համերգ էին տալիս Յան Գիլանը, Ջո Կոկերը, Բորիս Գրեբենշչիկովը, համաշխարհային մեծության այլ աստղեր:
Պարզապես Գորան Բրեգովիչի երաժշտությունն այնքան է արդարացնում նվագախմբի անվանումը` հարսանիքի եւ թաղման նվագախումբ: Կյանքի ողջ փիլիսոփայությունը կա նրա անհոգ թվացող, բայց այնքան խոր երաժշտության մեջ: Ուշադիր լսեք նրա երաժշտությունը. այն, իրո՛ք, կարող է հարություն տալ մահացածներին եւ ստիպել ողջերին` ողջ էությամբ զգալ տիեզերական տրտմությունը, թախիծը:
Ռիթմ եւ բլյուզ (R&B), ռոք, էթնիկ երաժշտություն: Նրա մասին ասում են, թե բալկանյան երաժշտության համար արել է այն, ինչ ժամանակին «Բիթըլզը»` բրիտանական երաժշտության համար: Նրա կատարումներին երաժշտական քննադատները տվել են «հովվական ռոք» անվանումը: Բրեգովիչը ներկայացնում է բալկանյան ֆոլկլորը` կիթառի ծանր ռիթմերի ուղեկցությամբ: Այդ ոճի հեղինակն ինքն է` «Bijelo Dugme» (ճերմակ կոճակ) ռոք խմբի հետ համատեղ: Հետո նրանց համատեղ աշխատանքը դադարեց, բայց Բրեգովիչը պահպանեց այդ ոճը:
Նրա երաժշտության տակ կարելի է մտահոգ լռել, անհոգ թռվռալ, պարել: Բրեգովիչի երաժշտությունն անծանոթ մարդկանց վրա առաջին պահին թողնում է տարօրինակ, աղմկոտ տպավորություն, սակայն բավական է մեկ-երկու երգ լսել, եւ դու արդեն նրա երկրպագուն ես:
Բրեգովիչի մայրը սերբ է, հայրը` խորվաթ, կինը՝ բոսնիացի մահմեդական, բնակվում է Ֆրանսիայում` երեք դուստրերի հետ: Իր հայրենիքն է համարում երկրագնդի երեսից անհետացած Հարավսլավիան:
Կուստուրիցայի հետ Բրեգովիչը ծանոթացել է 70-ականներին: Նրանք երկար տարիներ ոչ միայն ընկերություն են արել, այլեւ համագործակցել են: Ի՞նչ է հաջորդել այդ բարեկամությանը, չգիտեն միայն ծույլերը. երեք հանճարեղ ֆիլմ, իսկ հետո` մեծ աղմուկ: Նախ` երաժշտական քննադատները հարձակվեցին Բրեգովիչի վրա` նրան մեղադրելով ժողովրդական երգերի պլագիատի մեջ, իբր Բրեգովիչն անպատկառորեն իրեն է վերագրում ժողովրդական երգերի մոտիվները: Բրեգովիչը դիմեց Կուստուրիցային, իբր, կլինի՞ «հեղինակ» բառի դիմաց գրենք՝ «ժողովրդական մեղեդիների մոտիվներով»: Այստեղ կատաղեց արդեն Կուստուրիցան` ասելով, որ եթե Բրեգովիչն այդքան կախված է քննադատների կարծիքից` նրանց վրա թքած ունենալու փոխարեն, ապա դուռն այն կողմում է: Իսկ հարցին, թե չի՞ վախենում արդյոք մնալ առանց կոմպոզիտորի, Կուստուրիցան պատասխանել է, թե ինքն էլ կոնսերվատորիաներ չի ավարտել, սակայն կիթառի ստեղների տեղը գիտի եւ, ամենակարեւորը, ինքն էլ է Բալկաններից: Բանն այն է, որ Բրեգովիչը երաժշտական կրթություն չունի. երաժշտական դպրոցի ջութակի դասարանից տղային հեռացրել են «տաղանդ չունենալու» հիմնավորմամբ (այդպես ժամանակին Պյոտր Չայկովսկուն չեն ընդունել կոնսերվատորիա: Այն կոնսերվատորիան, որն այսօր կրում է նրա անունը): Հետո Բրեգովիչն ընդունվում է արվեստի դպրոց, սակայն դա նույնպես չի ավարտում, քանի որ մայրն այդ ժամանակ մտահոգված էր, թե դպրոցում արվամոլությունն աստիճանաբար ավելի ու ավելի է տարածվում:
Այսպիսով` Կուստուրիցայի հետ կապերը խզելուց հետո Բրեգովիչը գնաց երաժշտություն գրելու արդեն այլ ռեժիսորների ֆիլմերի համար, իսկ Կուստուրիցան իր ֆիլմերում օգտագործեց The No Smoking Orchestra-ի երգացանկը: Սակայն եղավ այն, ինչ պիտի լիներ. այն ֆիլմերը, որոնց համար երաժշտություն գրեց Բրեգովիչը, չունեին այն նույն հետաքրքրությունն ու հաջողությունը, ինչ ուներ, օրինակ, «Արիզոնյան երազանքը»: Ի դեպ, Գորան Բրեգովիչը հեղինակն է Էմիր Կուստուրիցայի «Արիզոնյան երազանք», «Ընդհատակ», «Սեւ կատու, սպիտակ փիսիկ», «Գնչուների ժամանակը» ֆիլմերի, որոնք հաջողություն ունեցան Կաննի կինոփառատոնին` արժանանալով «Ֆիլմի լավագույն երաժշտություն» մրցանակին:
Իսկ Կուստուրիցայի այն ֆիլմերը, որոնց երաժշտության հեղինակն արդեն Բրեգովիչը չէ, ինչպես, օրինակ, «Պատգամը», տապալվեցին Կաննի կինոփառատոնում: Դրանից հետո Կուստուրիցան հայտարարեց, թե ռեժիսուրան իր միակ մասնագիտությունը չէ, եւ ինքը ցանկանում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ:
Սակայն, միեւնույն է, Բրեգովիչի համերգների «մեխը» շարունակում են մնալ Կուստուրիցայի ֆիլմերի համար գրված երգերը, մեղեդիները:
Ի՞նչն է դարձնում երաժշտի արվեստն արժեքավոր: Բրեգովիչը ժամանակին փիլիսոփայություն է ուսումնասիրել, ինչը հաճելի չափաբաժնով առկա է նրա երաժշտության մեջ: Այն, որ Բրեգովիչը 60 տարեկան է, կարելի է իմանալ միայն նրա կենսագրությունն ընթերցելուց: Իսկ այն, որ նրա երաժշտության հիմքում բալկանյան ժողովրդական երաժշտությունն է, ամենեւին չի նսեմացնում երաժշտին: Եթե չեմ սխալվում, Գլինկան է ասել, որ երաժշտությունը հորինում է ժողովուրդը, իսկ կոմպոզիտորները դրանք գործիքավորում են: