Աշխատանքի բերումով հետեւելով ԱԺ ներկայացված օրենքի նախագծերին (ինչն անում եմ առկա զարգացման միտումներին տեղյակ լինելու համար)` ծանոթացա Աուդիտորական գործունեության մասին ՀՀ Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ Օրենքի նախագծին:
Ուսումնասիրելով այն, կարելի է գալ հետաքրքիր եզրակացությունների, որոնք գուցե եւ անակնկալ չեն տնտեսական միտումների համատեքստում, սակայն բացարձակ անընդունելի են դրանց արդյունավետության տեսանկյունից: Եթե փորձենք մեկ նախադասությամբ ներկայացնել նախագծի փիլիսոփայությունը, ապա ենթատեքստում այն թերեւս ավելի շատ ուղղված է ոչ թե ոլորտի բարեփոխմանը, այլ մրցակցության սահմանափակմանը եւ պետական ուղղակի վերահսկողության սահմանմանը: Նաեւ, օրենքի որոշ դրույթներ սահմանափակում են աուդիտորի անկախության սկզբունքը, ինչ թերեւս պահպանելուն կոչված պետք է լինի օրենսդրությունը: Ներկայում Հայաստանի տնտեսության մեջ մնացել են բավական քիչ ոլորտներ, որտեղ առկա է նկատելի մրցակցություն: Դրանցից մեկն էլ հենց աուդիտորական գործունեությունն ու ընդհանրապես բիզնես-իրավական խորհրդատվության ծառայությունների մատուցման ոլորտն է: Դրա պատճառը թերեւս այն է, որ ոլորտում գործունեություն ծավալելու հիմնական ռեսուրսը մարդ-մասնագետն է, որը ներկրվող ապրանք չէ, արտադրանք չէ, եւ այդ պարագայում մի քիչ դժվար է ուժային, հարկային լծակների, մենաշնորհայնացման հայկական ավանդական եղանակների միջոցով սահմանափակել տվյալ ոլորտում գործունեության հնարավորությունները: Այժմ փաստորեն փորձ է արվում այդ հարցը լուծել օրենսդրական ճանապարհով: Օրենքի նախագծով առաջարկվում է էականորեն մեծացնել հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի իրավասությունները եւ նոր պահանջների առաջադրմամբ բարդացնել լիցենզավորման գործընթացը: Մասնավորապես, լիազոր մարմնին իրավասություն է վերապահվում ինքնուրույն որոշում կայացնել լիցենզիայից զրկելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ: Ներկայում, դրա համար առկա է դատարանի վճռի պահանջ: Ակնհայտ է, որ օրինագծով նախատեսվող նոր իրավասությունը էական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում իր մեջ: Մասնավորապես նման պրակտիկա առկա է հարկային համակարգում, երբ տնտեսվարող սուբյեկտները ստուգման արդյունքները բողոքարկում են արդեն ստուգման ակտի կազմումից հետո, որից եւ հաճախ օգտվում են հարկային տեսուչները` օգտագործելով այն որպես «շանտաժի» միջոց. չես տա՝ ինչքան ես եմ ուզում, կգրեմ այնքան, որ դատարաններում ավելին կծախսես: Մյուս կողմից, լրացուցիչ պահանջներ են ներկայացվում լիցենզավորման գործընթացի համար` կառավարության կողմից որակավորված աուդիտոր աշխատակիցներ ունենալու նվազագույն քանակ սահմանելը, ինտերնետային կայք ունենալը, ղեկավար անձնակազմի համապատասխանությունը կառավարության սահմանած չափանիշներին եւ ղեկավար անձնակազմի փոփոխության համաձայնեցումը լիազոր մարմնի հետ: Ավելին, ներկայացված պայմաններում ակնհայտ անհասկանալի պահանջներ եւս կան: Օրինակ, աուդիտորական կազմակերպության ղեկավարը չի կարող լինել անձ, որը լիցենզիա ստանալու օրվա դրությամբ որեւէ քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, կամ չի համապատասխանում ինչ-որ հավուր պատշաճության չափանիշների, աուդիտորական կազմակերպությանն առաջադրվում է ստուգումների իրականացման ընթացքում պետական լիազոր մարմնի համար ապահովել նպաստավոր պայմաններ եւ այլն: Անհասկանալի է՝ օրինակ, թե այդ ինչ նպաստավոր պայմանների մասին է խոսքը` միգուցե սուրճի հյուրասիրություն, փափուկ բազմոցներ, միգուցե մերսում՝ ստուգմանը զուգահեռ, որպեսզի լիազոր մարմնի ներկայացուցչի մկանները չպրկվենգ Ընդհանուր առմամբ, հերթական անգամ աուդիտորական գործունեության որակի բարձրացման նպատակով (ինչի կարիքն, իմ կարծիքով, իսկապես կա) փորձ է արվում լուծելու ոչ թե պատճառը, այլ հետեւանքը: Դրանով իսկ, լուծվում են մի շարք այլ խնդիրներ: Իրականում, Հայաստանում մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի խնդիրն առկա է ոչ այն պատճառով, որ աուդիտորական գործունեության լիցենզիա ներկայում տրվում է նաեւ անհատ աուդիտորներին (ինչն առաջարկվում է վերացնել), կամ ոչ այն պատճառով, որ կազմակերպությունն ունի երկու, այլ ոչ թե տասը որակավորված աուդիտոր, կամ որ չունի ինտերնետային կայք եւ այլն: Ակնհայտ է, որ որեւէ ձեռնարկության իրավակազմակերպչական ձեւն ինքնին չի ենթադրում որակի բարձրացում, ինչպես պնդում են օրինագծի հեղինակները: Աուդիտորական գործունեության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի հետ կապված խնդրի պատճառը կարծես թե ընդհանուր առմամբ հայտնի է: Ընդամենը պետք է հասկանալ, որ որակյալ աուդիտ մեր տնտեսական միջավայրում շատ քիչ տնտեսվարողների է անհրաժեշտ: Կլինի պահանջարկ որակյալ աուդիտորական ծառայությունների` կլինեն նաեւ այդպիսիք մատուցող կազմակերպություններ եւ անհատ աուդիտորներ:
Թե չէ, այժմ ինչ է ստացվում, իմաստուն մի օրենքի փոփոխությամբ պարտադիր աուդիտի են ենթակա, օրինակ, մեկ միլիարդից ավելի իրացման շրջանառությամբ կազմակերպությունները: Հիմա պատկերացնենք բացառապես թանկարժեք քարերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող հաջողակ մի կազմակերպություն (ի դեպ, այդպիսիք քիչ չեն ՀՀ-ում), որը բիզնեսի նորմալ ընթացքի դեպքում մեկ տարվա ընթացքում կդառնա ենթակա պարտադիր աուդիտի: Հիմա ասացեք խնդրեմ, թե աուդիտորից ինչպիսի բարձր որակավորում է պահանջվում նման կազմակերպության աուդիտ անցկացնելու համար: Օրինագծի հարգարժան հեղինակներ, եթե գործարարին, ձեռնարկատիրոջը պետք լինի իր բիզնեսի որակյալ աուդիտ, հավատացեք, նա կգտնի ամենալավ, ՀՄԴ որակի վերահսկողության պահանջներին համապատասխանող, ամենապատշաճ ու հավուր, միգուցե նաեւ հավուր ու պատշաճ ղեկավար ունեցողգ ամենա ամենա աուդիտորին: Իսկ եթե դա նրան պետք չէ, ապա ուզում եք օրենքով ամրագրեք նրա ամենալավ ու բարձրորակ աուդիտորին գտնելու պարտականությունը, միեւնույն է, ելքը կգտնվի, ֆիկտիվ կամ ձեւական աուդիտ կանցկացվի, իսկ ծառայությունները կմնան նույն որակի, թեկուզ եւ խոշոր աուդիտորական կազմակերպություններով: Վերջապես, պետք է գնալ ոլորտի բնական զարգացման ճանապարհով, ինչի համար անհրաժեշտ է բարելավել տնտեսական միջավայրը եւ այդպիսով հեշտացնել տնտեսվարողների մուտքը շուկա (ոչ միայն աուդիտորական ծառայությունների), եւ որակն ինքն իրեն կգա, շատերի համար գուցե անսպասելի արագությամբ:
Էդգար ԲԱԼԱՅԱՆ
Ձեռնարկատեր
Հ.Գ. Վերջերս խոսակցություններ կան արդեն հաշվապահական խորհրդատվության ոլորտի լիցենզավորման անհրաժեշտության մասին: Ինչպես ասում են` ՀԱՍԱՆՔ: Հետաքրքիր է, թե ում է դա ձեռնտու, բացի ոլորտի խոշոր սուբյեկտներից (ում մոտ, ի դեպ, որակի առկայությունն այնքան էլ միանշանակ չէ), հարկային մարմնից եւ կառավարությունից: