Երգեր, որոնք նախապատմություն ունեն

09/11/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Պերճ Թյուրաբյանն այն մարդկանցից է, ում կյանքը մի անվերջ ճամփորդության է նման։ Տարբեր լեզուների, մշակույթների, հասարակարգերի միջով անցնելով` նա կյանքի մեծ փորձ ու կյանքը գնահատելու ձիրք է ձեռք բերել։ Եգիպտոսում ծնված Պ. Թյուրաբյանն իր պատանեկությունն անցկացրել է Երեւանում, ու համալսարանում ֆրանսերեն լեզու է դասավանդել: Այնուհետեւ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ շատ հետաքրքիր մի աշխատանք է կատարում՝ համաշխարհային գրադարանային ցանցում գրքերի կատալոգինգ՝ տեսակավորում է անում։ Իր կյանքի ողջ ընթացքում Պերճ Թյուրաբյանը երգեր է գրում, որոնցից շատերը, ցավոք, հայաստանցի ունկնդրին անծանոթ են։ Նա 5 ձայներիզ է թողարկել, որտեղ բացի իր հեղինակային տեքստերից՝ կատարում է նաեւ Չարենցի, Զահրատի, Խրախունու, Թեքեյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծած երգերը։ Պ. Թյուրաբյանը նաեւ զարմանալի նուրբ, սահուն ու երգեցիկ կերպով թարգմանել ու կատարել է հայտնի ֆրանսիացի շանսոնյեների՝ Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի ու Շառլ Ազնավուրի երգերը։ Օրեր առաջ վերջապես լույս տեսավ երկար սպասված «Ազնավուրը՝ հայերեն» ձայներիզը, որի մեջ ընդգրկվել են մեր բոլորի կողմից պաշտելի անձ, բայց իրականում՝ անհայտ արվեստագետ մնացած Շառլ Ազնավուրի 13 երգերի հայերեն տարբերակները։ CD-ի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 16-ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում, իսկ հետո Պ. Թյուրաբյանն ու դերասան Վարդան Պետրոսյանը (որդու հետ) կամերային ֆորմատի 2 համերգ կկազմակերպեն «Գաֆէսճեան» թանգարանի դահլիճում։

Պ. Թյուրաբյանի համար այս ձայներիզի ծնունդը տանջալի է եղել։ Շառլ Ազնավուրին նա սկսել է թարգմանել դեռ պատանեկության տարիներին եւ տարիների ընթացքում շարունակել է մշակել ու հղկել հայերեն տեքստերը՝ ցանկանալով ցույց տալ հայերեն լեզվի հնարավորությունները: Գրագետ կառուցվածքի միջոցով փորձել է փոխանցել տեքստերի մեջ կոդավորված զգացմունքներն ու ասելիքը։ Եվ ամենակարեւորն այն է, որ Ազնավուրի երգերը հայերեն լեզվով շատ ներդաշնակ ու գեղեցիկ են հնչում։ «Ինչ»-ն ու «ինչպես»-ը նույնացել են ու հայախոս ունկնդրին հնարավորություն տվել միաժամանակ հիանալ մեղեդիով, բառերով ու էմոցիաներով։

– Պարոն Թյուրաբյան, «Ազնավուրը՝ հայերեն» ձայներիզի գաղափարը ծնվել է 2007թ., երբ Ֆրանսիայում Հայաստանի տարին էր անցկացվում։ Ի՞նչն էր պատճառը, որ աշխատանքը ձգձգվեց։

– Այդ ժամանակ ցանկություն կար հայաստանցիներին թարգմանաբար ներկայացնել հայտնի ֆրանսիացի երգիչների՝ Ազնավուրի, Բրելի, Բրասենսի երգերը։ Երգեր թարգմանելու իմ ցանկությունը, ինչպես ասում են, հնուց է գալիս. նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանում էի ապրում ու երգեր էի գրում, հաճախ նաեւ թարգմանում էի։ Իսկ ձգձգման պատճառը շատ պարզ է՝ հովանավորներ չկային։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խոստացավ աջակցել CD-ի ստեղծմանն ու համերգների կազմակերպմանը։ Բայց դա չեղավ։ Գիտեք, շատ կարեւոր խնդիր էր հեղինակային իրավունքների ձեռքբերումը։ Ի վերջո, ժամանակները փոխվել են, եւ պետք է երգերի հեղինակների հետ պայմանավորվածություն ձեռք բերել։ Միգուցե, եթե ես Հայաստանում ապրեի, այդ հարցին մեծ ուշադրություն չդարձնեի, բայց եթե ես երգ եմ թարգմանում ու երգում եմ, ուրեմն պարտավոր եմ տեքստերի հրատարակիչների հետ պայմանագրեր կնքել։ Երեւանցի իմ նախկին ուսանող Վահագն Աթաբեկյանի (Ֆրանսիայում ՀՀ նախկին դեսպանի առաջին խորհրդական, այժմ` ՀՀ Արտգործնախարարի ավագ խորհրդական.- Ն.Հ.) շնորհիվ մենք կարողացանք բոլոր փաստաթղթային հարցերը լուծել ու իրավունքները ձեռք բերել։

– Որքան հիշում եմ` նաեւ ցանկություն կար Ազնավուրի երգերը հայ երգիչների միջոցով ներկայացնել Հայաստանում։ Դե՞մ էիք, որ Ձեր երգերը թարգմանություններով նաեւ հայ «աստղերը» կատարեին։

– Ես դեմ չէի, որ հայ «աստղերը» կատարեին երգերը (եւ ոչ միայն Ազնավուրի), բայց այդ դեպքում ձայներիզի թողարկումն էր կասեցվում։ Իհարկե, ես առանձնապես հիացած չեմ իմ ձայնային տվյալներով (իմ արածին միշտ էլ կասկածանքով եմ նայում), բայց գիտեմ, որ այս երգերը չի կարելի հենց այնպես վերցնել ու երգել։ Դա պարզապես չի ստացվի, քանի որ երգերից յուրաքանչյուրն իր նախապատմությունն ունի։ Այնպես որ, այդ համերգը ձախողվեց, եւ բոլոր այդ անիմաստ քաշքշուկները շատ ազդեցին ինձ վրա, քանի որ ես կարծում էի, որ համերգը միայն ձայներիզը թողարկելու առիթ էր։

– Ինչպես ասում են` համերգներն անցնում-գնում են, իսկ ձայներիզները մնում են։

– Եվ հետո ես մտածեցի, որ եթե ոչ բոլոր ֆրանսիացի շանսոնյեների, ապա գոնե միայն Ազնավուրի երգերը կարելի է ձայներիզով ներկայացնել։ Իրականում ես կարծում էի, որ հովանավոր գտնելը պետք է բավական հեշտ գործ լինի, քանի որ շատերն էին այդ գաղափարով ոգեւորվել ու իրենց աջակցությունը խոստացել (Հայաստանում, Հունաստանում, Պոլսում)։ Ի դեպ, մենք նաեւ փորձ արեցինք ՀՀ Մշակույթի նախարարության միջոցով դիմել հեղինակներին՝ թարգմանության իրավունքը ձեռք բերելուն միտված նամակներ կազմելու համար։ Բայց նախարարը պատասխանեց, որ անձամբ Պերճը դա ավելի լավ կանի, քան իրենք։ Ճիշտն ասած, բոլոր այդ խնդիրները շատ ազդող ու ճնշող էին։ Իրականում այդ հարցերը ոչ թե արվեստի հարցեր էին, այլ արվեստի շուրջ տեղի ունեցող խաղեր։

– Իսկ անձամբ Շառլ Ազնավուրի հետ խոսե՞լ եք։

– Ժամանակին ես բավական սերտ կապեր ունեի Ազնավուրի հետ (մի քանի անգամ հանդիպել, ճաշել եմ իր հետ), բայց հիմա նա սարսափելի անառիկ է դարձել։ Վերջերս իր 85-ամյակի կապակցությամբ նա համերգ ունեցավ Նյու Յորքում, եւ ես ուզեցի անձամբ իրեն ներկայացնել իմ արած աշխատանքը, բայց ոչ մի կերպ չկարողացա դա անել։ Նա իրոք անհասանելի է։

– Ստացվում է, որ Ազնավուրը չգիտի՞ այս ձայներիզի մասին։

– Ձայներիզն իրեն, իհարկե, ուղարկել եմ, բայց ստացե՞լ է, թե՞ ոչ՝ չգիտեմ։ Հայտնի է, որ մինչ իրեն հասնելը ցանկացած բան նրա մտերիմների ձեռքի տակով է անցնում, ու մեծ մասը աղբամանն է նետվում։ Երեւի շատերն են դիմում Ազնավուրին, եւ նա խուսափում է շփումներից։ Կարող եմ նաեւ ասել, որ Ազնավուրը հայերին չի էլ օգնում։ Ֆրանսիայում, օրինակ, ազգությամբ հայ շատ երգիչներ կան, եւ երբեք չեմ լսել, որ Ազնավուրը որեւէ ձեւով սատար կանգնի նրանցից որեւէ մեկին։ Արաբ, հրեա երգիչներ կան, որոնց Ազնավուրը օգնում է, իսկ հայերին՝ ոչ։ Ընդ որում, պետք չէ մոռանալ, որ Ազնավուրն օգնությունը ոչ թե իր գրպանից է տալիս, այլ հորդորում է, որ ուրիշները գումար ներդնեն երաժշտության մեջ։ Ազնավուրն ու իր պրոդյուսեր Լեւոն Սայանը Ֆրանսիայում հայտնի են որպես բավական ժլատ մարդիկ։ Ինչեւէ։

– Եվ հիմա Դուք որոշել եք Երեւանում մի քանի «փոքր»՝ կամերային ֆորմատի համերգներ կազմակերպել։

– Այո, եւ շատ երջանիկ եմ, որ համերգները մեծ դահլիճում չեն լինելու։ Այդպես ավելի լավ է։

– Ազնավուրը վաղուց արդեն հայ ժողովրդի միջազգային այցեքարտն է դարձել։ Մենք Ազնավուրին շատ ենք սիրում, սակայն, վերջիվերջո, այդպես էլ չգիտենք, թե ինչի՞ մասին է նա երգում, քանի որ ֆրանսերեն լեզուն հասու չէ շատերին։

– Հենց այդ խնդիրը հաշվի առնելով էլ՝ թարգմանել եմ նրա երգերը։ Այն մարդիկ, որոնք իրականում հետաքրքրված են Ազնավուրի արվեստով, միգուցե կարդացել են 20 տարի առաջ կատարած Աբրահամ Ալեքյանի թարգմանությունները, բայց իմ կարծիքով՝ այդ տեքստերը երգեցիկ չեն։ Իմ ընկեր, դերասան Ժիրայր Փափազյանը Ազնավուրի մի քանի երգեր փորձել է հայերեն երգել, սակայն դրանք մի տեսակ «լղոզված» են ստացվել։ Իսկ Հայաստանում այս վերջին տարիներին իսկական ազնավուրապաշտություն է սկսվել։ Ազնավուրի երգերն ամեն տեղ հնչում են (նույնիսկ ռեստորաններում ու խաշարաններում), արձաններ են կառուցվում, բայց ոչ ոք չգիտի, թե Ազնավուրն իր երգերով ի՞նչ է ասում։ Ամերիկացիները, իտալացիներն ու իսպանացիները գիտեն Ազնավուրի երգերի բովանդակությունը, քանի որ երգերը վաղուց արդեն թարգմանված են այդ լեզուներով, իսկ հայ ազգը չգիտի։ Ազնավուրն, օրինակ, մի շատ գեղեցիկ երգ ունի, որը միասեռականի սիրո մասին է պատմում։ Այդ երգը մեծ հաջողություն ունի Ամերիկայում, եւ ամեն անգամ բուռն ծափահարություններով է ուղեկցվում։ Փաստորեն, ստացվում է, որ Ազնավուրը առաջին մարդն էր, ով միասեռական սիրո թեմայի մասին երգ է կատարել։ Չգիտեմ, թե որքանով է այդ երգը մեր մշակույթի համար կարեւոր…

– Իմանալը միշտ էլ կարեւոր է։

– Իհարկե։ Իմ բուն նպատակը երգի տեքստի կառուցվածքը երգեցիկ ներկայացնելն է եղել։

– Հայաստանում հեղինակային երգը մի տեսակ դիսիդենտական, մարգինալ երանգ ունի։ Այդ իրողությունը, սկիզբ առնելով խորհրդային տարիներին, այդպես էլ չի ավարտվել։

– Նկատելի է, որ Հայաստանում հեղինակային երգը լուրջ խնդիրների առջեւ է կանգնած։ Ես հասցրել եմ մի քանի համերգներ հաճախել ու համոզվել եմ, որ հեղինակային երգի ժանրում թեեւ տեքստեր գրվում են, սակայն դրանք երգ չեն դառնում։ Հայկական հեղինակային երգեր կատարողների 90%-ը հերիք չէ, որ ընդօրինակում են Ռուբիկ Հախվերդյանի ու Արթուր Մեսչյանի ոճը, այլեւ՝ հենց նրանց ձայներով են փորձում երգել։ Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է երգ գրել ու երգել Մեսչյանի ձայնով։ Ստացվում է, որ քո մտքերը դու ուրիշի ձայնով ես ցանկանում փոխանցել։ Մինչդեռ աշխարհում հեղինակային երգի հազարավոր տեսակներ, ոճեր ու ձայներ կան։ Շատ եմ ուզում, որ հայերենով հնչեն հատկապես ֆրանսիական երգի «սուրբ երրորդությունը» համարվող Ժակ Բրելի, Լեո Ֆերեի եւ Ժորժ Բրասենսի երգերը։ Ես մեկ ձայներիզ եմ նաեւ պատրաստել (բայց դեռ չեմ թողարկել), որի մեջ յուրաքանչյուրից հինգական երգ է ընտրված։ Այդ ձայներիզից նույնիսկ հանեցի Շառլ Տրենեին ու Էդիտ Պիաֆին, քանի որ ուզում էի միայն այդ մաքրամաքուր եռյակին ներկայացնել։

– Ինտերնետում լսելով Ձեր թարգմանած երգերը, ուղղակի հիանալ կարելի է տեքստերի սահուն ու մաքուր հայերենով։ Իսկ ի՞նչ կասեք մեր այսօրվա երգերի լեզվի մասին։

– Վերջերս խոսում են Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու մասին, ինչն, իրոք, մեծ պրոբլեմ է։ Բայց իմ կարծիքով՝ ավելի սարսափելի պրոբլեմ են այն երգերը, որոնք օրնիբուն հնչում են հեռուստատեսությամբ։ Դա լեզվի «կոտորածի» է նման։ Ազգը վարկաբեկող ավելի վատ բան պարզապես լինել չի կարող, չէ՞ որ մեդիայի զարգացման, ինտերնետի տարածման պայմաններում այդ երգերը լսում են բոլորը։ Սովետական տարիներին էլ գոյություն ունեին այդ «ռաբիս» երգերը, բայց դրանք հնչում էին միայն ռեստորանների ու դուքանների տարածքներում եւ երբեք չէին կարող, ասենք, ռադիո կամ հեռուստաէկրան մուտք գործել։ Տարօրինակ է նաեւ, որ հիմա բոլորն ուզում են Երեւանի մասին երգ գրել։ Դա պարզապես անհասկանալի է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այսօրվա Երեւանը, որ ուզում եք երգ գրել Երեւանի մասին։

– Իրականում դա արվում է, որպեսզի տարբեր միջոցառումների, քարոզարշավների ժամանակ երգելու բան լինի։ Եվ հանգավորվի «օրրանի» հետ։

– Բայց այսօրվա Երեւանը շատ անհանգիստ քաղաք է, որը տարբեր տարօրինակ կույտերով՝ խանութներով, ցուցատախտակներով ու գովազդներով է լցված։ Երեւանը ոչ միայն անհանգիստ, այլեւ անհանգստացնող քաղաք է։ Եվ Երեւանի մասին երգում են հիմնականում նրանք, ովքեր երգելու այլ թեմաներ չունեն։

– Դուք հեռացել եք Հայաստանից սովետական տարիներին, իսկ հիմա ինչպե՞ս եք տեսնում անկախ ու ազատ մեր երկիրը։ Չե՞ք զգում սովետականության «հոտը»։

– Իհարկե, զգում եմ, տպավորություն է, որ Սովետը շարունակվում է։ Բայց այս անգամ գալով Հայաստան, ես եզրակացրեցի, որ հիմա այնպիսի քաղաքական մթնոլորտ է ստեղծվել, որ ամեն ոք Հայաստանում ամենակարողն ու, միեւնույն ժամանակ, ամենաանկարողն է։ Յուրաքանչյուր մարդ համոզված է, որ ցանկացած վերափոխում կարող է անել՝ առաջ գալ իր պատշգամբով, ձեւախեղել Թամանյանի կառուցած շենքերն ու աղճատել ճարտարապետական ամբողջականությունը, քանի որ ցանկանում է, ասենք, ամեն օր իր բուխարու մեջ խորոված սարքել։ Եվ այդ մարդը, չլինելով մի երեւելի անձ, իրեն ամենակարող է համարում։ Իսկ այն մարդիկ, որոնք լիազորված են կասեցնել այդ խայտառակությունը, իրականում անկարող են որեւէ բան անել։ Ահա այսպիսի պարադոքս է։

– Հիմա Հայաստանում արտագաղթի նոր ալիք է սկսվել։ Ձեր կարծիքով, որպես հակադարձ, ներգաղթի ալիք կարո՞ղ է սկսվել։

– Վերջիվերջո մեր բոլորիս հոգու մեջ Հայաստան վերադառնալու մտադրությունը կա։ Անձամբ ես սպասում եմ, որ թոշակի անցնելու ժամանակը գա, որպեսզի կարողանամ Հայաստան վերադառնալ։ Օտարության մեջ մարդկային շփման ահավոր «սով» կա։ Հայաստանում են ապրում իմ սիրելի մարդիկ, որոնց հետ ուզում եմ ամեն օր հանդիպել, զրուցել, բայց միեւնույն ժամանակ այդ մարդկանց կողքին այնպիսի արարածների եմ տեսնում, որ ուզում եմ աչքերս փակել ու չտեսնել նրանց։ Ինֆորմացիայի պակասը շատ է խանգարում հայաստանցիներին։ Նկատվում է, որ շատերը տեղեկություն ձեռք բերելու մասին չեն մտահոգվում ու մեծամտաբար կարծում են, որ նոր բան իմանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ արդեն գիտեն։ Եվ ամեն նոր բանին միանգամից «Ոչ» են պատասխանում։ Կարծում եմ նաեւ, որ կգտնվեն այնպիսիները, ովքեր Ազնավուրին հայերեն լսել չեն էլ փորձի՝ մտածելով, որ թարգմանությունները միայն «կփչացնեն» իրենց կարծրացած պատկերացումները Ազնավուրի մասին։

– Հուսանք, որ Դուք այս հարցում սխալվում եք, եւ Ազնավուրի երգերի հայերեն տարբերակները միայն կօգնեն մեզ հասկանալ նրա կերպարը։ Եվ վայելել լավ երգերը։

– Հուսանք։