Ինչո՞ւ Աբրամովիչը վաճառեց «Սիբնավթը»

21/10/2005 Պատրաստեց Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԸ

Գործարքը լայն արձագանք գտավ աշխարհում։ Հնչեցին տարբեր մեկնաբանություններ, որոնք վերաբերում էին Աբրամովիչի կողմից «Սիբնավթը» ձեռք բերելու ժամանակներին, վաճառելու պատճառներին ու հետեւանքներին։ Ոմանք գտնում են, որ Կրեմլն այդպիսով ուժեղացնում է իր իշխանությունը, ոմանք գոհ են, որ ամենաշահութաբեր ոլորտի հսկաներից մեկը վերադարձավ պետությանը, ասել է թե՝ ժողովրդին, սակայն դժգոհում են, որ վճարվել է շատ մեծ գումար։

Պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է սկսել նախապատմությունից։

Մ. Խոդորկովսկուն պատկանող ՅՈՒԿՕՍ-ը եւ Աբրամովիչի «Սիբնավթը» ստեղծվել են գրեթե միաժամանակ՝ 1996թ. նախագահական ընտրությունների նախաշեմին։ Օլիգարխներն այս ընկերություններում մասնաբաժին ստացան՝ Կրեմլին տրամադրած փոխառությունների դիմաց։ 1995թ., երբ պետությունը թույլ էր, եւ վտանգ կար, որ կոմունիստները կարող են վերստին գալ իշխանության, կառավարությունը գնաց զիջումների։ Յոթ գործարարներ, այդ թվում` եւ Աբրամովիչը, 1,12 միլիարդ դոլար պարտք առաջարկեցին պետությանը, ինչի դիմաց նրանց հսկողության տակ անցան պետական 44 կոնգլոմերատներ, այդ թվում՝ նիկելի արտադրությամբ զբաղվող աշխարհի ամենախոշոր ընկերությունը։ Դա յուրահատուկ վարձատրություն էր Բորիս Ելցինի կողմից՝ իր ընտրարշավի ֆինանսավորման դիմաց։

Շատերին ամենից շատ զայրացնում է այն փաստը, որ ժամանակին «Սիբնավթը» մասնավորեցվել էր ընդամենը 100 մլն դոլարով։ Իրական շահույթը, որն այս գործարքից ստացավ Աբրամովիչն, անհայտ է։ Բանն այն է, որ 38-ամյա գործարարն ընկերությունը ձեռք էր բերել իր գործընկեր Բորիս Բերեզովսկու հետ միասին։ Տարիներ անց Աբրամովիչը գնեց նաեւ Բերեզովսկու մասնաբաժինը, սակայն գործարքի գումարը գաղտնի է պահվում։ Թեեւ, դատելով այն հանգամանքից, որ Բերեզովսկին պատրաստվում է դատի տալ Աբրամովիչին, քանի որ նա իրեն համոզել է վաճառել ընկերությունը չափազանց ցածր գնով՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը Կրեմլի գործադրած ճնշմամբ, կարելի է եզրակացնել, որ տարբերությունը փոքր չէ։

Իսկ ինչո՞ւ Աբրամովիչն, այնուամենայնիվ, վաճառեց «Սիբնավթը»։

Ռուսական օլիգարխիայի մյուս հայտնի ներկայացուցիչների ճակատագիրը հայտնի է. Բերեզովսկին գտնվում է փաստացի վտարանդիության մեջ, իսկ Ռուսաստանի նախկին ամենահարուստ մարդը՝ Միխայիլ Խոդորկովսկին, զրկվել է իր միլիարդներից եւ 8 տարի կանցկացնի ճաղերի ետեւում։ Ինչպե՞ս Աբրամովիչին հաջողվեց խույս տալ իր գործընկերների ճակատագրից, չէ՞ որ նրա եւ նույն Խոդորկովսկու գործելաոճերն էականորեն չէին տարբերվում։

Էական տարբերությունն այս երկուսի միջեւ այն է, որ Աբրամովիչն, ի տարբերություն Խոդորկովսկու, ավելի ճկուն անդրկուլիսային քաղաքականություն էր վարում։ Եթե ՅՈՒԿՕՍ-ի տերը բացիեբաց քննադատում էր Կրեմլին, ապա Աբրամովիչն առավել խոհեմ էր։ Վլ. Պուտինի իշխանության գալու ժամանակ նա, ըստ էության, Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր, սակայն գերադասեց հրաժարվել Կրեմլում իր ունեցած իշխանությունից եւ գործունեություն ծավալել գերազանցապես տնտեսական ոլորտում՝ լավ հարաբերություններ պահպանելով պետական ապարատի հետ եւ, միեւնույն ժամանակ, չկորցնելով զգոնությունը։ 2003թ., երբ գործարարը ցանկանում էր գործարք կնքել ՅՈՒԿՕՍ-ի հետ, որի արդյունքում երկու ընկերությունները պետք է միաձուլվեին եւ ստեղծվեր մեկ շատ հզոր ընկերություն, ժամանակին կանգ առավ եւ Խոդորկովսկու ձերբակալությունից հետո արագորեն սկսեց հակառակ գործընթացը։

Դրանից հետո Աբրամովիչը սկսեց վաճառել տարբեր ոլորտներում իր ունեցած մասնաբաժինները եւ փողերը տեղափոխել արտասահման։ Որպես վառ օրինակ կարելի է բերել անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի ձեռքբերումը, որն արտասահմանյան թերթերից մեկի գնահատմամբ՝ նրա կողմից կյանքի յուրօրինակ ապահովագրություն էր. չէ՞ որ այժմ Եվրոպայում ցանկացած ֆուտբոլասեր երեխա դեմքով գիտի ռուս օլիգարխին։

Ինչեւէ, վերջին ժամանակներում ռուսական տարբեր տրամաչափի պետական չինովնիկներն անդրկուլիսային իրադարձությունների մասին խոսելիս սկսել են ավելի ու ավելի հաճախ հիշատակել Աբրամովիչի անունը։ Ու թերեւս հենց սա հուշեց Աբրամովիչին, որ ժամանակն է վաճառել «Սիբնավթը»։

Արտասահմանյան մասնագետների կարծիքով, ՅՈՒԿՕՍ-ի փլուզումից հետո Կրեմլն ի սկզբանե որոշել էր, որ գնորդը չի կարող լինել օտարերկրյա ընկերություն, եւ ընտրությունը պետք է կատարվեր «Գազպրոմի» ու «Ռուսնավթի» միջեւ։ Այն, ի վերջո, կանգ առավ ավելի քան 50%-ով պետությանը պատկանող «Գազպրոմի» վրա, որը ՌԴ բնական ռեսուրսների նախարար Յուրի Տուրտնեւի խոսքով` «…Այս գործարքի արդյունքում դարձավ համաշխարհային շուկայի կարեւորագույն խաղացողներից մեկը»։

Մասնագետների գնահատմամբ, «Սիբնավթի» գործարքից հետո Ռուսաստանի տարածքում արդյունահանվող նավթի 1/3 մասն անցավ պետության ձեռքը։ Հաշվի առնելով նավթի եւ գազի ոլորտը, ինչպես նաեւ՝ «Ռուսնավթ» պետական ընկերության կշիռը նավթի շուկայում, «ՌԻԱ նովոստին» պնդում է, որ ներկայումս ՌԴ էներգետիկ սեկտորի 57,4%-ը պատկանում է Կրեմլին։

Շատերի կարծիքով, սրանով ռուսական պետությունն ուղղեց տարիներ առաջ թույլ տված սխալը՝ վերադարձնելով ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի վերահսկողությունը։ Հիմնական դժգոհությունը, ինչպես արդեն նշվեց, այն է, որ պետությունը դրա դիմաց վճարեց չափազանց բարձր գին։ Պուտինի վարչախմբի արդարացումն այն է, որ պետությունը վերադարձրեց այն, ինչն իրավամբ պատկանում էր իրեն։ Իսկ այլ կերպ վարվելը միգուցե վատ հետեւանքներ ունենար երկրի համար, հաշվի առնելով, որ Արեւմուտքում Խոդորկովսկու ձերբակալությունն ընդունված է քաղաքական համարել։

Նշենք, որ որոշ մասնագետների գնահատմամբ՝ «Սիբնավթի» դիմաց Աբրամովիչը կարող էր ստանալ շատ ավելի մեծ գումար, եթե նրան թույլ տային ընկերությունը վաճառել արտասահմանցիներին։ Թեեւ կան մասնագետներ, ովքեր այլ կարծիքի են։ Օրինակ, «UBS Brunswick» ընկերության գլխավոր ստրատեգ Էլ Բրիչը գտնում է, որ սրանով վերջ դրվեց Ռուսաստանի պատմության մեջ մասնավորեցման ամենավիճահարույց գործընթացին։ «Գազպրոմը» վճարեց ընկերության շուկայական գինը, եւ դա շուկայի համար լավ նորություն է»,- ասում է Էլ Բրիչը։

Դժգոհությունների առիթ է հանդիսանում նաեւ այն փաստը, որ վաճառողը «Millhouse Capital» ընկերությունն է։ Այն ղեկավարվում է Աբրամովիչի կողմից, սակայն մյուս բաժնետերերի անունները գաղտնի են պահվում, այսինքն` պարզ չէ, թե ում գրպանն է գնացել ռուսական փողերի մի մասը։

Ինչեւէ, գործարքն արդեն կատարված է, եւ շատերը փորձում են գուշակել, թե ինչպես կվարվի Աբրամովիչը։ Շատերը կարծում են, որ նա վերջնականապես կտեղափոխվի Անգլիա։ Սակայն նա դեռեւս Չուկոտկայի նահանգապետն է, եւ վերջերս հաստատեց Պուտինի հավաստիացումները, որ ինքը չի մեկնի ՌԴ-ից՝ հայտարարելով, որ պատրաստվում է վերընտրվել այդ պաշտոնում։

Աբրամովիչ-պետություն գործարքը, սակայն, չի երաշխավորում, որ Աբրամովիչը գլուխն ազատել է հետագա անախորժություններից։ Բորիս Բերեզովսկուց բացի, Աբրամովիչի եւ «Millhouse Capital» ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել «Sibir Energy» ընկերությունը, որը պնդում է, որ «Սիբնավթը» գողացել է «Սիբնավթ-Յուգրա» համատեղ ընկերության 50% բաժնետոմսերը։ Գործն այժմ քննվում է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Լրատվամիջոցներին հուզում է նաեւ այն հարցը, թե ինչ է անելու Աբրամովիչն իր միլիարդների հետ։ 38-ամյա տղամարդու սովորական մտահոգություններն են` ունենալ լավ տուն, լավ աշխատանք, ապահովել ընտանիքի կարիքները եւ մտածել բարեկեցիկ ծերության մասին։ Աբրամովիչն այս հարցերը լուծել է։ Նա թանկարժեք տներ ունի Լոնդոնում, Մոսկվայում եւ ֆրանսիական Ռիվիերայում, իսկ ունեցած միլիարդներով շատ դժվար է պատկերացնել ոչ բարեկեցիկ ծերություն։ Թեեւ այդ մասին էլ նրա փոխարեն պատրաստ են մտածել ուրիշները։ Օրինակ՝ ֆինանսական պլանավորմամբ զբաղվող «John Scott & Partners» անկախ ընկերության մասնագետ Պատրիկ Կոննոլլին ասում է, որ իրենք պատրաստ են Աբրամովիչի համար մշակել հարմար ներդրումային ստրատեգիա։ Չնայած, մյուս կողմից, եթե նա իր 13 միլիարդ դոլարը պարզապես ներդնի որեւէ վստահելի բանկում, ապա այնքան եկամուտ կստանա, որ միայն հարկավոր կլինի մտածել, թե ինչպես դրանք ծախսել։

Կեսկատակ, կեսլուրջ կարծիքներ են հնչում նաեւ այն մասին, որ ամենաշատն անհանգստացել են «Չելսիի» մրցակիցները։ Աբրամովիչն արդեն հարյուրավոր միլիոն դոլարներ է ծախսել թիմի կազմն ուժեղացնելու համար եւ այժմ կարող է նոր թափով լծվել այդ գործին՝ շատ ավելի մեծ գումարներ առաջարկելով, օրինակ, Անդրեյ Շեւչենկոյի կամ Ռոնալդինոյի համար։

«Չելսիի» երկրպագուներին այս փաստն, անշուշտ, ուրախացնում է, սակայն Ռուսաստանում այնքան էլ ոգեւորված չեն եւ կարծում են, որ «Չելսին» բարգավաճում է Ռուսաստանի հաշվին։