Վիտամին E
Առողջության, երիտասարդության, երկարակեցության աղբյուր
Վիտամին E-ն երկար ժամանակ բժշկության կողմից համարվում էր քրոնիկ պարապ վիտամին: Վերջին տասնամյակում, սակայն, կատարված հսկայածավալ ուսումնասիրությունների շնորհիվ, պարզ դարձավ այս վիտամինի անփոխարինելի դերը մարդու կյանքում: Այն ճարպերը հալեցնող անտիօքսիդանտ է, որը բջջաթաղանթի կազմի մեջ պարունակվող ճարպերը (լիպիդները) եւ բջիջների մեջ եղած տարբեր միացությունները պաշտպանում է ազատ ռադիկալների կողմից քայքայումից: Այս հայտնագործությունն առաջին անգամ արվել է 1922թ.: Կարմիր պալմայի բուսական յուղի մեջ վիտամին E-ն բնական խառնուրդներով է հանդես գալիս` 4 տոկոֆերոլներով (ալֆա-, բետա-, գամմա-, դելտա-տոկոֆերոլ) եւ 4 տոկոտրիենոլներով (ալֆա-, բետա-, գամմա-, դելտա-տոկոտրիենոլ): Ալֆա ձեւը առավել ակտիվ է: Վերջին ուսումնասիրություններով` տոկոտրիենոլները 40-60 անգամ ավելի արդյունավետ են կանխում քաղցկեղի, տարբեր բորբոքումների ռիսկայնությունը, քան տոկոֆերոլները: Տոկոտրիենոլ ամենաշատը պարունակում են պալմայի, գարու բուսական յուղերը, որոնք ալֆա-տոկոֆերոլի լավագույն աղբյուրն են: Եթե մարդը մի քանի ամիս շարունակ ամեն օր առնվազն 10մգ վիտամին E ընդունի, ապա հետագայում նրա օրգանիզմում կարող է դրա պակաս առաջանալ, որը կարող է արտահայտվել մկանային անհանգստություններով, անեմիայով, տեսողության վատացմամբ, ռեֆլեկտոր ֆունկցիաների թուլացմամբ: E-ն ակտիվացնում է սեռական գեղձերի եւ առհասարակ էնդոկրին համակարգի աշխատանքը, նպաստում է բազմացմանը, ծնելիությանը: Տոկոֆերոլի հիմնական սպասարկողն է (առաջացել է հունարեն TOCOS-ժառանգականություն, PHENO-արտադրող բառերից) վիտամին E-ն, որը ծնելիությանը նպաստող վիտամին է: Այս վիտամինի բացակայության պայմաններում անհնար է սպերմատոզոիդների նորմալ զարգացումը, նորմալ հղիությունը, ժառանգականության ապահովումը` երեխայի կերակրումը եւ կենսագործունեության ապահովումը: Վիտամին E-ի պակասը հղի կանանց վիժումների է հանգեցնում: E-ն խթանում է մկանների աշխատանքը, ֆիզիկական աշխատունակությունն է բարձրացնում, օրգանիզմը ամրացնում է: Անեմիայի` սակավարյունության վտանգը կանխարգելում է` թույլ չտալով հեմոգլոբինի մեջ պարունակվող արյան կարմիր գնդիկների տարրալուծումը: Ամենաանհրաժեշտ վիտամիններից է, որը երիտասարդության հոմանիշ է, իրականացնում է anti-age բոլոր թերապիաները: Կարգավորում է բջջաթաղանթը` թույլ չտալով լիպիդների թթվայնացումը: Այսօր արդեն այս վիտամինը համարվում է ամենահզոր վիտամիններից առաջնայինը, որը բոլոր դեղամիջոցներից ամենալավն է պայքարում քաղաքակիրթ աշխարհում տարածված` սրտային մի շարք հիվանդությունների դեմ. նվազեցնում է սրտային սուր նոպաների հաճախականությունը, ինչպես նաեւ` նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդություններից մահացությունների քանակը` անոթները պաշտպանելով հնարավոր վնասվածքներից, պաշտպանում է աթերոսկլերոզից: Որքան հաճախ օգտագործեք E վիտամինը, այնքան ձեզ կապահովագրեք սրտամկանային մի շարք հիվանդություններից: Վիտամին E-ն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի քանակությունը, ինչպես նաեւ կանխում է դրա կուտակումը զարկերակների պատերին, որը խցանում է արյան շրջանառությունը: Միեւնույն ժամանակ` ավելացնում է «լավ» խոլեստերինի քանակը, որը մաքրում է զարկերակը: Արյունը մաքրելով վնասակար ճարպերից, E-ն լավացնում է արյան շրջանառությունը, եւ զգալիորեն նվազեցնում է տրոմբոցիտների խցանումները: Արյան թրոմբները, խցանվելով զարկերակների մեջ, թույլ չեն տալիս օրգանիզմում արյան շրջանառությունը` սրտի սուր նոպաների պատճառ դառնալով, իսկ եթե վնասված են լինում ուղեղի արյունատար անոթները, ապա մարդու մոտ ինսուլտ է տեղի ունենում:
Հատկապես շաքարախտով հիվանդների համար վիտամին E-ի պակասը չափազանց վտանգավոր է, քանի որ բարձր է թրոմբների առաջացման հավանականությունը: 3-4 ամիս շարունակ վիտամին E-ի օգտագործումը կարգավորում է ածխածնային եւ ճարպային փոխանակությունների հնարավոր խախտումները` հյուսվածքները պաշտպանելով վնասվածքներից:
Հիշեք նաեւ, որ վիտամին E-ն
– նվազեցնում է ինսուլինի մակարդակը եւ սիրտը փրկում է այնպիսի վնասվածքներից, որոնք կապված են մագնիումի դեֆիցիտի եւ կամ թթվածնի անբավարարության հետ:
– Վիտամին E-ի եւ քաղցկեղի տարբեր տեսակների միջեւ փոխհարաբերությունների մասին հարյուրավոր ուսումնասիրություններ կան: Եզրակացությունը հետեւյալն է. այն հիվանդները, որոնց արյան մեջ E վիտամինի քանակությունը ցածր է, նրանց օրգանիզմներն ավելի շատ են հակված չարորակ բոլոր տեսակի ուռուցքների առաջացմանն ու զարգացմանը: Վիտամին E-ի էֆեկտիվությունը բարձրանում է սնուցող այլ նյութերի` անտիօքսիդանտների առկայությամբ: E վիտամինի հակաուռուցքային պաշտպանողական դերակատարումը հատկապես արդյունավետ են դարձնում վիտամին C-ն, կարոտինը եւ սելենը (լուսնածին):
– Վիտամին E-ն կարեւորագույն դերակատարում ունի հատկապես նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ, պրոֆիլակտիկ հրաշալի միջոց է: Դա ապացուցվել է բժշկական տարբեր փորձագիտական հետազոտությունների ժամանակ: Ավելին, այն, վիտամին C-ի հետ, դանդաղեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացումը:
– Շնչառական համակարգի խանգարումների սիմպտոմների ժամանակ լավագույնս օգնում է E վիտամինի ճիշտ քանակությամբ կանոնավոր եւ ամենօրյա օգտագործումը:
– Հոդերի բորբոքմամբ` արտրիտով տառապող մարդիկ E վիտամինի օգտագործմամբ զգալիորեն կմեղմեն հոդացավերը:
– Ի դեպ, E վիտամինի պակասը կարող է հանգեցնել նաեւ աչքի կատարակտի, տեսողության զգալի վատացման, նույնիսկ կարող է կուրացման պատճառ դառնալ:
– E վիտամինի ամենօրյա օգտագործումը հրաշալիորեն ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը: Պաշտպանում է հնարավոր բացիլներից, ինֆեկցիաներից, ինչպես նաեւ՝ տարիքային այլ հիվանդություններից:
Վիտամին E պարունակվում է.
Բուսական յուղերի (արեւածաղկի, եգիպտացորենի, պալմայի, եւն), մարգարինի որոշ տեսակների, նուշի, գետնընկույզի` արախիսի, ցորենի եւ նրա սերմի, ձվի դեղնուցի, լյարդի, հնդկաձավարի (գրեչկա), վարսակաձավարի (օվսյանկա), չափազանց օգտակար` ցորենի թեփի, թարմ կանաչ ոլոռի, թարմ սպանախի եւ բրոկկոլի կաղամբի, լոլիկի, ընկուզեղենի, սաղմոն ձկան (լոսոս), հացահատիկային բույսերի սաղմնային հատիկների, մսի, ավոկադոյի, կանաչեղենի, կաթի, կարագի մեջ: Այս վիտամինից չի պարունակվում գազարի, սոխի, կարտոֆիլի, վարունգի, հացի, մակարոնեղենի մեջ: Վիտամին E-ի հրաշագործ հատկություններին ավելի ամբողջական կանդրադառնանք մեր թերթի հաջորդ համարում:
Առողջ եղեք: