«Շփման գծում շատ հաճախ են լինում միջադեպեր, մենք վճռական ենք Մինսկի գործընթացի միջոցով կարգավորման հասնելու հարցում, որի բացակայությունը մշտապես մտահոգիչ վիճակ է ստեղծելու: Դա կհանգեցնի երկու երկրների մեկուսացմանը այն դեպքում, երբ նրանք պետք է տնտեսության եւ դիվանագիտության առումով համագործակցեն: Դա կստեղծի բախման հնարավորություն, ուստի մենք իսկապես շատ ենք զբաղվում այդ հարցով»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Հարցին, թե Հայաստանում կարծիք կա, որ Ռուսաստանն է ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ կազմակերպելու եւ միջնորդելու առաջնորդի դերը, արդյո՞ք դա նշանակում է, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան հօգուտ Ռուսաստանի նվազեցնում են իրենց դերակատարությունը Մինսկի գործընթացում, Գորդոնը պատասխանել է. «Կարծում եմ, դա նորություն կլինի պետքարտուղարի համար, ով չափազանց կենտրոնացած է այդ խնդրի վրա եւ բավական ժամանակ է տրամադրել դրա լուծմանը` աշխատելով Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ՝ հակամարտող կողմերի հետ, եւ հուլիսին այցելելով այդ երկու երկրները: Դա նորություն կլինի Մինսկի խմբում մեր բանագնաց դեսպան Ռոբերտ Բրադկեի համար, ով իր ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ հսկայական ժամանակ է հատկացրել` այցելելով այդ երկրները: Դա նորություն կլինի ինձ եւ այստեղ` Պետական դեպարտամենտում ուրիշների համար, որովհետեւ ԱՄՆ-ը` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, բայց նաեւ՝ որպես Կովկասում կարեւոր խաղացող` մեծ դեր է կատարում: Եվ մենք շատ կենտրոնացած ենք այդ խնդրի վրա, որովհետեւ դա վտանգավոր կացություն է»: