Վրաստանի ՆԳՆ-ն երեկ հրապարակել է օրեր առաջ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով ձերբակալված անձանց անունները: Ձերբակալվածների թվում են Վրաստանի քաղաքացիներ Գլոբալիզացիայի ինստիտուտի հիմնադիր Բակուր Կիգուրաձեն, գործարար Վյաչեսլավ Կլուժնիկովը, ռազմաօդային ուժերի օդաչուներ Գաբրիել Ուստալիշվիլին, Գելա Կակաբաձեն, Գոչա Դիասամիձեն, Տարիել Աբաշիձեն, գործարար Ռուսլան Գալոգրեն, նավաստի, ռադիոմասնագետ Էդուարդ Աբդուլաեւը, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացիներ, «Saybolt» ընկերության վրացական մասնաճյուղի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը, նրա տեղակալ Ռուբեն Խիկոյանը, գործարար Պետրե Դեւրիշաձեն եւ Յուրի Սկրիլպրնիկովը, ով, ենթադրվում է, որ կապ է ունեցել ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի հետ: Ըստ վրաց իրավապահների` իրենց կողմից բացահայտված լրտեսական ցանցը գործել է հենց ՌԴ զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության հովանու ներքո: Ի դեպ, դադարեցվել է «Saybolt»-ի գործունեությունը: Գեւորգյանը եւ Խիկոյանը մեղադրվում են Վրաստանի ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով (լրտեսություն): ՌԴ ԱԳՆ-ն Թբիլիսիի հայտարարությունն անվանել է սադրանք եւ քարոզչական հնարք։ «Սահակաշվիլին տառապում է հակառուսական հողի վրա քրոնիկ լրտեսամոլությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ: