Ո՞ւմ կպաշտպանի կառավարությունը

06/11/2010

Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրապարակել է Սոդքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն, անցած երեք տարիներին մեր ոսկու հանքերը կոնցեսիոն կառավարմամբ օգտագործող, կասկածելի ծագում ունեցող այս կազմակերպությունը պետությանը պատճառել է առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս, գործել է օրենսդրական խախտումներով եւ բազմաթիվ խոշոր չարաշահումներ է իրականացրել: ՎՊ նախագահն այս նյութերն ուղարկել է կառավարություն` առաջարկելով քննարկել նշված հանքավայրերի շահագործման նպատակահարմարությունը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից, այսինքն` լիցենզիայից զրկելու հարցը: Այն, որ Հայաստանի հանքարդյունահանման ոլորտում իսկապես խայտառակ վիճակ է, հայտնի է գրեթե բոլորին, եւ Ի. Զաքարյանի երեկվա հայտարարությունից հետո մնում էր ենթադրել, որ «Գեոպրոմայնինգ Գոլդն» ուղղակի կփոխհատուցի պետությանը պատճառված վնասները ոչ միայն հետագա քաշքշուկից խուսափելու, այլեւ այն պատճառով, որ անցած տարիներին այդ ընկերության կողմից ստվերային ճանապարհով աշխատած գումարների համեմատ վճարելիք հնարավոր տույժը չնչին մաս կարող է կազմել: Սակայն երեկ օրվա երկրորդ կեսին «Գեոպրոմայնինգ Գոլդը» տարածեց հաղորդագրություն, որով ոչ միայն համաձայն չէ ՎՊ ուսումնասիրության արդյունքների հետ, այլեւ մտադիր է դիմել դատարան` ընդդեմ ՎՊ-ի: Այս կապակցությամբ մեր հարցին ՎՊ մամուլի ծառայությունից պատասխանեցին. «Դա իրենց Սահմանադրական իրավունքն է, որը մենք հարգում ենք: Ամենայն հանգստությամբ կարող են դիմել դատարան, հետագա ընթացքը, կարծում ենք, ավելի հետաքրքիր կլինի»: Թե ինչո՞վ կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը: Տեղեկացնենք միայն, որ ՎՊ-ն ուսումնասիրության արդյունքները տրամադրել է կառավարությանը` առաջարկելով քննարկել Սոդքի ու Մեղրաձորի հանքերը «Գեոպրոմայնինգ Գոլդի» կողմից շահագործելու նպատակահարմարության հարցը: Նշենք նաեւ, որ «Գեոպրոմայնինգ Գոլդը» մեկն է այն ընկերություններից, որոնք գրանցվում են անհայտ սեփականատերերի կողմից` օֆշորային գոտիներում, կոնկրետ այս դեպքում` Կայմանյան կղզիներում: Ընդ որում, նման գործարքները ժամանակին իշխանությունների կողմից ներկայացվել են որպես ՀՀ-ում օտարերկրյա կապիտալի ներդրման հաջողված օրինակներ: