Սոդքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը խոշոր չարաշահումներ եւ օրենսդրական խախտումներ է թույլ տվել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն հանքերը շահագործել է նաեւ պայմանագրային պարտավորությունների խախտմամբ` պետությանը հասցնելով միլիոնավոր դոլարների վնաս: «2008թ. փետրվարի 29-ին կնքված Գեղարքունիքի մարզի Սոդքի, ինչպես նաեւ՝ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերից արդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման թիվ 368 եւ թիվ 369 լիցենզային պայմանագրերը կնքվել են ոլորտը կանոնակարգող օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ: Լիցենզառու «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից սկսված 2004թ. հուլիսի 1-ից մինչեւ 2008թ փետրվարի 29-ը Սոդքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործումն ու հանքարդյունահանումը կատարվել է առանց ուժի մեջ մտած լիցենզիաների, որն, ըստ էության, նշանակում է՝ ապօրինի գործունեություն»,- երեկ հայտարարեց Ի. Զաքարյանը: ՎՊ նախագահը նաեւ ավելացրեց, թե «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի ֆինանսական խնդիրներն իրենք չեն ստուգել, ընդամենը վերլուծել են հանքերի շահագործման համար այդ ընկերության եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ կնքված պայմանագրում առկա պարտավորությունների կատարումն ու արձանագրել, որ ընկերությունը չի կատարել ոչ պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, ոչ էլ այն ամենը, ինչը նախատեսում է ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Պայմանագրի համաձայն` Սոդքի հանքավայրից ընկերությունը յուրաքանչյուր տարի պետք է արդյունահաներ 600 հազար տոննա հանքաքար, մինչդեռ անցած երեք տարիներին արդյունահանել է ընդամենը 366 հազար 445 տոննա հանքանյութ: Գրեթե նույն պատկերն է նաեւ Սոդքի հանքում: Բացի այդ, այս երկու հանքերը արդյունահանելու համար ընկերությունը միայն որպես կոնցեսիոն վճար կուտակել է 24 մլն 160 հազար դրամ պարտք: Ավելի քան 366 հազար տոննա ոսկու հանքաքար արդյունահանելու դեպքում էլ այս ընկերությունը ՀՀ Պետեկամուտների կոմիտեին ներկայացրել է, որ վնասով է աշխատել: Այն դեպքում, երբ յուրաքանչյուր շաբաթ վիճակագրություն է հրապարակվում, թե օր օրի ոսկին որքան է թանկանում միջազգային շուկայում: ՎՊ ներկայացրած տվյալների համաձայն՝ 2007-ից ոսկու 1 գրամը 21,12 դոլարից 2010թ. երրորդ եռամսյակում կրկնակի բարձրացել ու հասել է 40,88 դոլարի: Փորձագիտական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տոննա հանքանյութի մեջ կա ավելի քան 6 գրամ ոսկի: Այսինքն` այս մի քանի տարիներին «Գեոպրոմայնինգ Գոլդը» միայն Սոդքում արդյունահանել է ավելի քան 2 տոննա եւ 198 կգ ոսկի պարունակող հանքանյութ: Մոտավոր հաշվարկներով՝ ընկերությունն այս հանքից արդյունահանել է մոտ 70 մլն դոլար արժողությամբ ոսկի պարունակող հանքանյութ, սակայն ներկայացրել է, թե վնասով է աշխատել: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի տրամադրած տվյալների համաձայն՝ «Գեոպրոմայնինգ Գոլդը» 2007, 2008 եւ 2009 թվականներին ունեցել է համապատասխանաբար 15,6 մլրդ, 17,2 մլրդ եւ 11,6 մլրդ դրամի վնաս: Սակայն ՎՊ-ն նաեւ պարզել է, որ ընկերությունն ընդհանրապես չի կատարել իր ներդրումային պարտականությունները: Այդ դեպքում միայն Սոդքից 70 մլն դոլար եկամուտ ունեցող ընկերությունը որտե՞ղ եւ ինչպե՞ս է ծախսել այդ գումարները, որ դեռ վնասներ է գրանցել: Այս բոլոր տարիներին արդյո՞ք ոսկու հանքանյութ արդյունահանող այս ընկերության վնասով աշխատելու հարցը չի հետաքրքրել հարկային ծառայություններին՝ այն դեպքում, երբ ապօրինի արտադրված մի քանի արկղ փքաբլիթ կամ ոգելից խմիչք հայտնաբերելու դեպքում հատուկ ռեպորտաժներ են պատրաստվում եւ բոլոր հեռուստաընկերություններով ցուցադրվում: Բայց չէ՞ որ «Գեոպրոմայնինգ Գոլդը» ոսկու հանքերի է տնօրինում, իսկ ընդերքը հանդիսանում է ՀՀ սեփականությունը: Իսկ այդ ընկերության չարաշահումները միայն այսքանով չեն սահմանափակվում: Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը 250 մլն դոլար վարկի դիմաց գրավ է դրված ՎՏԲ բանկի անգլիական մասնաճյուղի` «ՎՏԲ կապիտալ Փի-Էլ-Սի» բանկում` ի շահ ինչ-որ «Կառլոու Բիվի» ընկերության: Այս վարկային գործարքը կայացել է այս տարվա հունիսին, սակայն մինչեւ օրս այդ 250 մլն դոլարից Հայաստանում որեւէ ցենտի ներդրում չի արվել: Իսկ այդ «Կառլոու Բիվին» հսկա ընկերություն է, որի մեջ մտնում են հայաստանյան Սոդքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այս ընկերության կազմում են նաեւ վրացական 2 եւ ռուսական մի քանի ընկերություններ: Այս բոլոր ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում, հիմնականում` Կայմանյան կղզիներում: Եվ եթե «Կառլոու Բիվին» չվճարի այդ գրավը, վարկատու բանկն իրավասու է վաճառել նրա կազմի մեջ մտնող, այդ թվում՝ նաեւ հայաստանյան ընկերությունները:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը ուսումնասիրության այս նյութերն ու եզրակացությունն արդեն ուղարկել է ՀՀ կառավարություն` առաջարկելով քննարկել նշված հանքավայրերի շահագործման նպատակահարմարությունը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից, այսինքն` այս ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը: Ինչպես նաեւ՝ բարձրացվել է համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդյոք այդ պաշտոնյաների շարքում, բացի այդ ընկերության ղեկավարներից, կլինե՞ն հայաստանյան համապատասխան ծաառայությունների` իրենց վերահսկողական գործը թերի կատարած ներկայացուցիչներ, կպարզվի ապագայում: Ի. Զաքարյանն այդ նյութերը Գլխավոր դատախազությանը չի տրամադրել, բայց չբացառեց, որ ապագայում կտրամադրի: ՎՊ նախագահը չցանկացավ նշել, թե ովքե՞ր են հայաստանյան հանքավայրերի իրական տերերը, եւ թե արդյոք նրանց թվում ՀՀ պաշտոնյաներ կա՞ն: «Ինձ մի տարեք սուբյեկտիվ դաշտ»,- ասաց Ի. Զաքարյանը` միաժամանակ ավելացնելով, թե իրենք միամիտ չեն, որպեսզի չհասկանան, որ այդ հանքավայրերի հետեւում որոշակի անձեր կան: Նշենք միայն, որ Սոդքի ու Մեղրաձորի հանքավայրերի արտոնագրերը «Գեոպրոմայնինգ Գոլդին» են տրվել 2008թ. փետրվարի 29-ին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀ նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Հիշեցնենք նաեւ, որ դաժան պատահականությամբ այդ օրը նաեւ մարտի 1-ի արյունոտ դեպքերի նախօրեն էր: Իսկ Քոչարյանի օրոք նման մասշտաբի հանքի լիցենզիա տրամադրելն առանց կոնկրետ շահագրգռվածության անհնար է պատկերացնել: Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների տարբեր հրապարակումներում գրվել է նաեւ, թե Ռ. Քոչարյանին է պատկանում նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենայինը:
«Գեոպրոմայնինգը» դատի է տալիս ՎՊ-ին
ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ) սխալ եզրակացություններ է արել եւ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Այդ մասին ասված է «Գեոպրոմայնինգ» ընկերության` երեկ երեկոյան տարածած հայտարարության մեջ, որում ՍՊԸ-ն հերքում է իր հասցեին ՎՊ-ի ներկայացրած բոլոր մեղադրանքները: «2010թ. ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել «Գեոպրոմայնինգ Գոլդ» (ԳՊՄ Գոլդ) ընկերությունում եւ հաշվետվություն կազմել, որի շատ դրույթներ սխալներ եւ ոչ ճիշտ եզրակացություններ են պարունակում: Չնայած, որ սահմանված ժամկետում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր դիտողություններն ու պարզաբանումները, դրանք ի գիտություն չեն ընդունվել եւ, ավելին, ամբողջությամբ արհամարհվել են, ինչը ՀՀ Սահմանադրության եւ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի խախտում է: ԳՊՄ Գոլդ ընկերության հետ աշխատանքի ընթացքում նա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, Պալատին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ տեղեկատվական նյութերին, ինչը չէր մտնում հանձնաժողովի ստուգումների թեմատիկայի մեջ: Ընկերությունում համարում են, որ ՀՀ ՎՊ մարդկային նյութական ռեսուրսները ակնհայտորեն անբավարար են ԳՊՄ Գոլդ-ի պես լայն, մասնագիտացված արտադրության օբյեկտիվ վերլուծության համար, այսինքն` ստուգումներն իրականացվել են ոչ կոմպետենտ մասնագետների կողմից, եւ նրանց ենթադրությունները բացահայտ կեղծ բնույթ են կրում: Համարում ենք, որ ՎՊ հաշվետվությունը, որի եզրակացությունների հետ ընկերությունը կտրականապես համաձայն չէ, վնաս է հասցնում ընկերության վարկին եւ միջազգային հեղինակությանը, ինչի կապակցությամբ ԳՊՄ Գոլդ ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ մտադիր է դիմել դատական ատյաններին` Վերահսկիչ պալատի ապօրինի գործողությունների դեմ հայցով»,- ասված է հայտարարության մեջ: Այս կապակցությամբ երեկ ՎՊ մամուլի ծառայությունից հայտնեցին. «Դա իրենց Սահմանադրական իրավունքն է, որը մենք հարգում ենք: Ամենայն հանգստությամբ կարող են դիմել դատարան, հետագա ընթացքը, կարծում ենք, ավելի հետաքրքիր կլինի»:
Խախտումներ մասնավոր բուհերում
ՀՀ Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է նաեւ Հայաստանի 16 մասնավոր, պետական բուհերի եւ քոլեջների գործունեությունը եւ պարզել, որ մի շարք մասնավոր բուհերում բացակայում են կրթական գործընթացը կազմակերպելու համար օրենսդրությամբ նախատեսված պայմանները: Նույնիսկ հայտնաբերել է, որ Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանն ընդհանրապես ապօրինի է գործել, քանի որ Կրթության եւ գիտության նախարարության կողմից տրվող արտոնագիր չի ունեցել: Իսկ պետականորեն սահմանված չափորոշիչների համար ցանկացած բուհ արտոնագիր ստանալու համար պետք է ապահովի 1 ուսանողի համար 8,2 քմ տարածք, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի 50 տոկոսը պետք է ունենա գիտական կոչում կամ գիտական աստիճան, նույն կազմի 50 տոկոսը պետք է լինի տվյալ բուհի հիմնական աշխատողները, բուհի առաստաղների նվազագույն բարձրությունը պետք է լինի 3 մ, բուհը պետք է ունենա գրադարան եւ մարզադահլիճ: ՎՊ-ն պարզել է, որ իր ուսումնասիրած բուհերում նշված ոչ բոլոր նորմերն են պահպանվել: ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մասնավոր բուհերից շատերում օրենսդրությամբ սահմանված ոչ բոլոր նորմերն են պահպանվում. կամ այդ բուհը փոքր տարածքում է գործել, կամ պրոֆեսորադասախոսական կազմում գիտական կոչումներ ունեցողների թիվը բավարար չի եղել, կամ էլ` լսարանների առաստաղը երկու մետր է եղել։ «Պատկերացնո՞ւմ եք, եթե 2 մետր հասակ ունեցող մարդը մտնի 2մ բարձրություն ունեցող լսարան»,- ասաց Ի. Զաքարյանը:
ՀՀ ՎՊ նախագահ Ի. Զաքարյանն այս ուսումնասիրության արդյունքներն էլ ուղարկել է ՀՀ ԿԳ նախարարին: Բացի այդ, ԿԳ նախարարն իր հերթին Ի.Զաքարյանին նամակ է ուղարկել` տեղեկացնելով իրենց ուսումնասիրությունների մասին, որոնց արդյունքում մի շարք մասնավոր բուհեր զրկվել են արտոնագրերից: