Թռիր վերեւ, իջիր ցած

06/11/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Գաղտնիք չէ, որ մեր իշխանությունները շատ են սիրում գովասանքի խոսքեր լսել։ Եվ առավել շատ են սիրում, երբ այդ խոսքերը հնչում են «ուրիշներից», հատկապես՝ միջազգային կառույցներից։

Երկրի տնտեսական կյանքի պատասխանատուներին հետաքրքրում է ոչ այնքան տնտեսության իրական վիճակը, այլ այդ վիճակի վերաբերյալ դրսի գնահատականը։ Այդ գնահատականների մեջ առանձնանում էր հատկապես Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցը, որն ամեն տարի «չափում» է մեր երկրում գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը։

Նախորդ տարիներին «Doing Business»-ը ուրախանալու քիչ առիթներ չի տվել մեր կառավարությանը։ Տարբեր չափանիշների հիման վրա կատարվող գնահատումը մեզ դասում էր այնպիսի երկրների շարքը, որ չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ հակառակը։ Ընդ որում, 183 երկրների շարքում բարձրանում ու բարձրանում էինք, եւ այդ կերպ պատասխանում կոռուպցիայից, հարկային բեռից ու անբարեխիղճ մրցակցությունից դժգոհող մեր գործարարներին։

Ուշագրավն այն է, որ որքան վեր էինք բարձրանում այդ ցուցակում, այնքան ավելին էինք ուզում։ Օրինակ, մեկ տարի առաջ, երբ քննարկվում էր «Doing Business 2010»-ը, վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի բարձրացումը 7 տեղով գոհացուցիչ չէր համարել, եւ նշել էր, որ անելիքներ կան։ Չգիտենք՝ ինչ նկատի ուներ` «անելիքներ» ասելով, բայց արդյունքը եղավ այն, որ 2011թ. զեկույցում նահանջեցինք 4 տեղով. 44-րդ հորիզոնականից իջանք 48-րդ-ը։ Ընդ որում, նահանջ է արձանագրվել գնահատման համար օգտագործվող 9 չափանիշներից 8-ի գծով։

Փաստորեն՝ մինչ մեր ղեկավարները աշխարհի հայերին (եւ ոչ միայն) կոչ են անում գալ եւ ներդրումներ անել Հայաստանում, Համաշխարհային բանկը հիշեցնում է, որ մենք ներդրողներին լավ չենք պաշտպանում, եւ փոխանակ առաջ գնանք՝ նահանջում ենք։ Նույնը՝ վարկերի մասով։ Պակաս մտահոգիչ չէ հարկերի վճարումը. մեզանում ամենից շատ խոսվում է հենց հարկային վարչարարության, բարեփոխումների անհրաժեշտության մասին, սակայն 157-րդ տեղից դեռ մի բան էլ նահանջել ենք։ Ուշագրավ է նաեւ այն, որ մեր երկրում բիզնես սկսելն ավելի հեշտ է, քան բիզնեսը փակելը։ Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը՝ էշ նստելը մի բան է, էշից իջնելը՝ մեկ այլ բան։ Մեզանում «էշից իջնելն» ավելի դժվար է, քանի որ ձախողված գործարարը, իր դարդերը մի կողմ դրած, պետք է անցնի սարսափելի բյուրոկրատական քաշքշուկի միջով, մինչեւ պետության հետ իր հաշիվները մաքրի։

Միակ ուղղությունը, որտեղ առաջընթաց է արձանագրվել, արտաքին առեւտուրն է։ Դա հիմնականում արձանագրվել է մաքսային որոշ ընթացակարգերի պարզեցման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ։

Ինչեւէ, եթե նախորդ զեկույցում 7 հորիզոնականով վեր բարձրանալը գոհացուցիչ չէր իշխանությունների համար, ապա այս անգամ 4 հորիզոնականով նահանջելը պետք է որ խայտառակություն համարվի։ Միգուցե եւ համարում են, սակայն համոզված ենք, որ այս զեկույցի մասին կփորձեն որքան հնարավոր է քիչ խոսել։ Իսկ մասնավոր զրույցներում կանկեղծանան, թե՝ միջազգային կառույցներն ի՞նչ գիտեն, թե այստեղ վիճակն ինչպիսին է, եւ որ պետք չէ նրանց գնահատականները հալած յուղի տեղ ընդունել։

Իհարկե, միջազգային կառույցների գնահատականներին ամենամեծ տեղը տալիս են հենց իրենք՝ իշխանությունները, մանավանդ՝ երբ դրանք ունենում են դրական երանգներ։ Սակայն չհամաձայնել իշխանությունների հետ մի հարցում՝ դժվար է. չի կարելի անվերապահորեն հավատալ այս զեկույցին։ Օրինակ, այս զեկույցի համաձայն, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար ավելի բարենպաստ պայմաններ են գործում, քան, ասենք, Իսպանիայում, Բուլղարիայում կամ Ռումինիայում։ Սա արդեն նորություն է։

Նկատենք, սակայն, որ զեկույցի հեղինակներն իրենք էլ որոշակի զգուշավորություն են ցուցաբերում ձեւակերպումների հարցում։ Օրինակ՝ արտաքին առեւտրի գնահատման համար օգտագործվում են մի քանի ինդիկատորներ, որոնց թվում՝ ներմուծման տեւողությունն է (time to import)։ Այսինքն՝ զեկույցի հեղինակները հաշվի են առնում, թե քանի՞ օր է անհրաժեշտ՝ ներմուծման համար բոլոր ընթացակարգերն անցնելու համար։ Հայաստանի համար նշված է՝ 18 օր։ Սակայն «Doing Business»-ի պաշտոնական կայքում տեղադրված աղյուսակում այս ցուցանիշի կողքին մի ուշագրավ ծանոթություն կա. նշվում է` «ընտրված է ամենաարագ օրինական ճանապարհը»։

Այսինքն՝ «Doing Business»-ն իր գնահատականները կազմում է միայն օրինական ընթացակարգերի հիման վրա՝ ըստ տարբեր օրենքների եւ նորմատիվների։ Իսկ մեր երկրում կա՞ մի այնպիսի ոլորտ, որտեղ միայն օրինական ճանապարհով են գործերը կարգավորվում։ Եթե այո, ապա կարող ենք հավատալ այս զեկույցին եւ տխրել ու ուրախանալ ցուցակի մեջ մեր վայրիվերումներով: Կառավարության հետ միասին։