Հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ ոչ մի հեղափոխական բան տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարել է Գլոբալիզացիայի եւ սոցիալական շարժումների Ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը: Նրա խոսքով, ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակման մասին համաձայնագրի ստորագրումը կոնկրետ նշանակություն ունի. այն ցուցադրում է այն փաստը, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում շարունակում է շատ բարձր մնալ: «Միաժամանակ, Մոսկվան շահագրգռված է, որպեսզի միանման ջերմ հարաբերություններ ունենա եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ: Եվ այստեղ նա հանդես է գալիս որպես հին հակամարտությունների մեղմման կողմնակից: Այդ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ մեկ ամսից կողմերը կարող են համաձայնեցնել ԼՂ հակամարտության հիմնարար սկզբունքները, դրա ավելորդ վկայությունն է: Ճիշտ է, մինչեւ հիմա պարզ չէ, թե կողմերին իսկապե՞ս կհաջողվի որեւէ համաձայնության գալ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին»,- ընդգծել է քաղաքագետը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի աճյունը: Նույն օրը Հայաստանն էլ վերադարձրել է Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիեւին: