Հանձնաժողովը կպարզի

06/11/2010

Ստեղծվել է 10 պրոֆեսորներից բաղկացած նոր հանձնաժողով` Վարդենիսի զորամասերից մեկում 2007թ. օգոստոսին մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան իրական պատճառը բացահայտելու համար: «Ա1+»-ի հետ զրույցում Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանն ասել է, որ նախօրեի երեկոյան կայացած նիստի ժամանակ իրենք հանձնաժողովին խնդրել են գիտականորեն ապացուցել, թե ի վերջո իրենց որդին էլեկտրահարումի՞ց է մահացել (ինչը նախկինում ՊՆ Քննչական վարչության ավագ դատախազ Հարություն Հարությունյանն էր պնդում, որը, սակայն, բացառել է Վերաքննիչ քրեական դատարանը), թե՞ նրան սպանել են: «Գործում երկու կարեւոր հակասություն կա. մեկն այն է, որ տվել էր դիահերձող բժիշկ Վիգեն Ադամյանը, որ մահը վրա է հասել տեղում էլեկտրահարումից, իսկ ՊՈԱԿ-ի ազգային բյուրոյի փորձագիտական կենտրոնի հանձնաժողովը հերքել է հոսանքի ելքը` հիմնվելով առաջին դատաբժշկական եզրակացության հիստոլոգների հիման վրա»,- ասել է Գոհար Սարգսյանը: Փորձագետները հիմնվելու են առկա դատաբժշկական եզրակացության վրա, ինչպես նաեւ հաշվի կառնվեն գործում առկա տեսաերիզներն ու նկարները` որպես եզրակացությունը հիմնական կասկածի տակ դնող ապացույցներ: Գոհար Սարգսյանը նշել է նաեւ, որ փորձագետները պահանջել են, որպեսզի հաջորդ անգամ կայանալիք հանդիպմանը ներկա գտնվի դիահերձող բժիշկը` Վիգեն Ադամյանը: Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին: