– Հայաստանում շարունակվում է նույն արխաիկ մեթոդը` գիտական աստիճանների, ակադեմիկոսների տիտղոսների շնորհում` առանց իսկական գիտության մեջ որեւէ ներդրման: Բազմիցս նշել եք, որ գիտությունը նախեւառաջ քաղաքականություն է, զենք` ճշգրտելու յուրաքանչյուր պետության դերն ու տեղը արեւի տակ:
– Չունենալ այսօր գիտություն, նույնն է թե՝ չունենալ զենք ու զինամթերք ռազմի դաշտում: Թեեւ գիտությունը շահարկվում է եւ առաջին հերթին` քաղաքական շրջանակների կողմից: Սառը պատերազմի տարիներին, իսկ այն, իմ կարծիքով, շարունակվում է նաեւ այսօր, մեծ տերությունները հատուկ գիտական ուղղություններ էին ստեղծում` ի սկզբանե փակուղային: Նպատակը մրցակից երկրներին ճիշտ ուղուց շեղելն էր. թշնամի երկիրը մեծ էներգիայով նետվում էր այդ ուղղության վրա, սկսում հետազոտել, գումարներ ծախսել, եւ ոչ մի արդյունք չէր ստանում: Հիմա էլ համաշխարհային գիտության մեջ կա մի միջին մակարդակ, ուր ներգրավված են օժտված շատ գիտնականներ: Նրանց աշխատանքը վերահսկվում է խոշոր պետությունների շահագրգիռ կենտրոնների կողմից: Խոսքը, նախեւառաջ, երրորդ աշխարհի երկրների գիտնականների մասին է: Այդ թվում` Հայաստանի: ՍՍՀՄ-ի քայքայվելուց հետո գիտական ներուժի զգալի մասը տեղափոխվեց Արեւմուտք եւ այդ երկրներին զարգացման աննախադեպ հզոր իմպուլս հաղորդեց: Նրանց, ովքեր չհեռացան իրենց երկրից, Արեւմուտքը ներգրավեց տարբեր դրամաշնորհային ծրագրերում` գիտական միտքը վերահսկելու եւ թույլ չտալու, որ այդ գիտնականներն ավանդ ունենան իրենց երկրի զարգացման գործում: Օրինակ, եթե Հայաստանի գիտական ներուժն օգտագործվեր այլընտրանքային էներգետիկայի զարգացման ոլորտում, այսօր ստիպված չէինք լինի ընտանեկան բյուջեի 50-60%-ը հատկացնել «ՀայՌուսգազարդին»: Որոշ մասնագետների գնահատմամբ` Հայաստանի էներգետիկայի խնդիրները կարելի էր շատ ավելի արդյունավետ լուծել` առանց գազի ներկրման, տեղական տեխնոլոգիաների եւ նյութական բազայի հիման վրա: Իսկ թե ինչո՞ւ դա չարվեց եւ չի արվում, դա արդեն քաղաքական հարց է: Այդ դեպքում չէր ծնվի «ՀայՌուսգազարդ» գործիքը, որը պետք է կլաներ ահռելի ֆինանսական միջոցներ հայ հասարակությունից եւ իրականացներ Հայաստանի նեոգաղութացման ծրագիրը…
– Ստացվում է` փոքր պետությունները դատապարտվա՞ծ են եւ չե՞ն կարող հավակնել գիտական հաջողությունների:
– Ինչպես ցույց է տալիս մարդկային քաղաքակրթությունների պատմությունը` պատմական քիչ թե շատ նշանակալի ժամանակահատվածում փոքրերը կարող են դառնալ մեծ, թույլերը` ուժեղ, նայած, թե հարցերն ինչպիսի լրջությամբ կդրվեն եւ ինչ հետեւողականությամբ կիրագործվեն: Մեր ժամանակներում դա կապված է գիտական մտքի զարգացման, նրա արդյունավետ օգտագործման հետ: Գիտությունը շատ չի լինում, այն միշտ քիչ է: Վերջերս իմ լավ ընկերոջից մի հետաքրքիր միտք լսեցի` «Չկա ոչինչ, որ չկա կամ չի լինելու»: Եթե հասարակությունն իսկապես ցանկանա զարգացնել իրական գիտությունը, որի նպատակը կլինի հասարակության կենսական եւ հոգեւոր պահանջների բավարարումը, մենք դա կանենք, եւ մեր մրցակիցների բոլոր խոչընդոտները մեզ միայն կկոփեն:
– Ուզում եք ասել` հասարակությո՞ւնը չի ցանկանում: Սակայն իրական լծակներն իշխանությունների ձեռքին են:
– Միանշանակ: Փոքր երկրների գաղութացման ամենաարդյունավետ միջոցը սա է` ստեղծել քաղաքական էլիտա, որն իրենից ազդեցության գործակալների բազմաշերտ համույթ է ներկայացնում: Այդ դեպքում հատուկ ցուցումներ պետք չեն` ինչպես խոչընդոտել երկրի զարգացմանը: Բավական է ասել` դու կարող ես անարգել թալանել երկիրդ, եւ բոլոր հարցերը լուծվում են: Մեր երկրում ամբողջ քաղաքական էլիտան բաղկացած է ազդեցության եւ ուղիղ գործակալներից, եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այդ մարդիկ ստանձնում են հետեւյալ գործառույթը` խոչընդոտել երկրի զարգացմանը, դրա դիմաց որպես վարձ ստանալով թույլտվություն` երկիրը կեղեքելու, ֆինանսական եւ այլ արժեքները որոշ մեծ երկրներ տեղափոխելու հնարավորություն: Իշխանություններն այնքան արդյունավետ են իրենց քայքայիչ գործը կատարում, որ ամեն երկու տարին մեկ ՀՀ-ում սոխի գինը դառնում է՝ 500, սխտորինը` 1800 դրամ, իսկ հասարակությունը բախվում է սովամահության վտանգի հետ: Դա աբսուրդ է: Հայաստանի բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս զարգացնել շատ արդյունավետ եւ կայուն գյուղատնտեսություն շատ ավելի մեծ բնակչության համար, քան այսօր ՀՀ բնակչությունն է: Իհարկե, դրա համար ժամանակակից գիտական միտք եւ քաղաքական կամք է անհրաժեշտ: Երկրի առաջին դեմքերը զբաղված են հասարակությանն ապատեղեկացնելով, այսինքն` երբեւիցե չիրականացվող ծրագրերի մասին խոսելով: Այս անձինք նաեւ երկրի ստվերային տնտեսության իրական հովանավորներն են, որը, տարբեր գնահատականներով, կազմում է 70-75%:
– «Ազդեցության գործակալներ, քայքայիչ քաղաքականություն». իսկ երկրի ղեկին ազգայնականներն են` ՀՀԿ-ն:
– Ամենավտանգավորն այն մարդիկ են, ովքեր խոսում են ազգայնական գաղափարներից, նժդեհականությունից, բայց թույլ են տալիս Եհովայի վկաներին եւ մյուս աղանդներին ներմուծվել մեր հասարակություն: Թույլ են տալիս, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայ մարդկանց ամբողջ գյուղերով տեղափոխի Ռուսաստան: Այս տարի խոսում են 25.000 ընտանիքներից` առնվազն 100.000 մարդուց: Խոսում են ազգայինից եւ փորձում են փոփոխել «Լեզվի մասին» օրենքը եւ հայ երեխային տալ օտարալեզու դպրոց: Եթե ցանկանում եք բարձրացնել հայ մարդու մրցունակությունը, հայկական դպրոցներում բարձրացրեք օտար լեզուների դասավանդման մակարդակը: Եվ, նախեւառաջ, հայոց լեզվի մակարդակը: Այլ հարց է, եթե ուզում եք հայ մարդուց ուրիշ տեսակի ու հոգեկերտվածքի մարդ վերասերել: Եվրոպայում ամենալավ կրթված եւ բարեկեցիկ հասարակությունը համարվում է Ֆինլանդիայի հասարակությունը, ուր ուսումը ֆիններեն է….
– Ուզում եք ասել, որ օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը եւ՞ս դրսից է թելադրված, եւ մեր իշխանությունները պարզապես, օգտվեմ Ձեր տերմինոլոգիայից, ազդեցության գործակալնե՞ր են:
– Եթե այդ ազդեցության գործակալների հետ մտերմիկ, անձնական զրույց ունենաս, նրանք սկզբից կդիմադրեն` ես ի՞նչ գործակալ, հայ մարդ եմ, ծնողներս այսինչ գյուղից են եւ այլն, բայց երբ փաստեր ես բերում, թե ինչպես են նրանք ղեկավարում ոլորտը եւ ինչպես են նրանք հարստության տեր դարձել, որը համարժեք է որոշակի թվով հայ մարդկանց արտագաղթին, չծնվելուն, նրանք ստիպված ձեռքերը վեր են բարձրացնում:
– Գիտակցաբա՞ր են վնասում երկրին, թե՞ ենթագիտակցաբար:
– Կան մարդիկ, որ գիտակցաբար են դա անում, իսկ ոմանք էլ` չհասկանալով: Իշխանական համակարգում ընչաքաղց մարդիկ են: Հայաստանի «էլիտան» ազգի համար նոր մարգարե է կարգել` Փողը, հասկանալի է` դրսի արհեստավարժների թելադրանքով: Անազնիվ, այլասերման ճանապարհով կուտակված միջոցները բարուն ծառայել չեն կարող: Մի օրինակ բերեմ. վերջերս Վանում մի քուրդ իր հողամասում մեծ քանակությամբ հայի թաքցրած ոսկի էր գտել: Այսինքն, Վանում եղել են միջոցներ` հզորացնելու ազգը, բայց հարուստ մարդիկ նախընտրել են փողը ներդնել ոչ թե հայ ժողովրդի հզորացման ու անվտանգության համար, այլ կուտակել են, եւ վերջում իրենք էլ են կործանվել, իրենց փողն էլ, գույքն էլ, այդ ամենն անցել է թշնամուն: Դրա ապացույցն է վենեսուելացի գնդապետ Նոգելասի գիրքը, ով մասնակցել է Վանի կռիվներին, եղել է թուրքական բանակի հրամանատարներից: Նա պարզ նշում է` եթե վանեցիները համախմբվեին եւ հարձակվեին, մեզնից հետք չէր մնա: Բայց պարտվել ենք: Այն, որ այսօր այսպիսի դժվարությունների ենք դիմակայում, անհասկանալի է ու անտրամաբանական: Սա ոչ մի շրջափակումով հնարավոր չէ բացատրել ու արդարացնել: Սա հետեւանք է մտքի եւ բարոյականության պակասի, կամքի բացակայության:
– Եվ որպես հետեւանք` ՀՀ-ում արտագաղթը նոր ալիք է ստացել: Հեռանում են անգամ այնպիսի մարդիկ, ովքեր 1-2 տարի առաջ երդվում էին, որ նման քայլի երբեւէ չեն դիմի:
– Դա եւս միտումնավոր է արվում. ՀՀ իշխանությունները կատարում են խնդիրը: Այն է` ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տա հայ մարդուն մնալ իր հայրենիքում: Արդիական քաղաքական տեխնոլոգիաները չեն ենթադրում անմիջապես տաք պատերազմ. ստեղծվում են պայմաններ, եւ բնակչությունը կամաց-կամաց վերանում է, հեռանում, ձուլվում: Տարածքը դատարկվում է: Մենք այդ փուլում ենք: Հայ ժողովուրդն` իր խնդիրներով, բարոյական մեծ պրոբլեմ է համաշխարհային հասարակության համար: Մեզ կոտորել են, մեր տարածքները գրավել են, եւ դա գիտեն բոլորը: Կա 2 լուծում` կամ միջազգային հանրությունը պետք է լինի բարոյական եւ լուծի հայերի հարցը: Ասենք` ի կատար ածի Վուդրո Վիլսոնի ծրագիրը, կամ` պետք է ամեն ինչ անի, որ հայերը վերանան, եւ այդ դեպքում կվերանա նաեւ խնդիրը: Թեեւ, կրկնեմ, մեծ ջանքեր պետք չեն` հայ իշխանավորների միջոցով «Հայաստանն` առանց հայերի» ծրագրի հաջող իրականացման համար: Իշխանությունները, օլիգարխիկ այս համակարգն այնպես են այլասերում մեր հասարակությունը, որ խնդիրը լուծվում է ինքնաբերաբար: Այսօրվա իշխանությունները` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ, անշուշտ, չքմեղացած ՀՅԴ-ն, նշված տեխնոլոգիաների իրականացնողներն են ՀՀ-ում:
– Իշխանափոխությունը կարո՞ղ է լուծել այլասերման կանխման, ահագնացող արտագաղթի խնդիրը:
– Չեմ բացառում իշխանափոխության միջոցով խնդրի լուծման տարբերակը: Պարզապես, պետք է իշխանության գա քաղաքական կամքով օժտված մարդկանց խումբ, որը պետք է ունենա ժողովրդի քվեն եւ ծրագիր: Բոլոր տիպի իշխանությունները համախմբվում են մի քանի առանցքային անձանց շուրջ: Եթե այդ առանցքային մարդիկ եւ առաջին հերթին` ՀՀ նախագահը, օժտված լինի մարդկային բարձր հատկություններով` լինի մտածող եւ իր անձնական շահերը ստորադասի երկրի եւ հասարակության շահերին, ապա, բնական է, իշխանություններն այդպիսին կլինեն: Իսկ ինչպես ցույց տվեց Ղարաբաղի ազատամարտը, նման մարդիկ քիչ չեն: Բայց մեզ ամեն օր սուտ են հրամցնում մեր վճարած հարկերով աշխատող ԶԼՄ-ները: Խոսում է ՀՀԿ-ն ստեղծողի կինը եւ ասում. «Իմ ամուսինը մի հրաշք արեց` ստեղծելով Հանրապետական կուսակցությունը»: Ուզում եմ այդ տիկնոջը հարցնել. «Իսկ Դուք չե՞ք տեսնում այս կյանքը, չե՞ք տեսնում` ՀՀԿ-ականներն ինչով են զբաղված: Ես էլ ասում եմ` Ձեր ամուսինը մի հրեշ է ստեղծել, մի պատուհաս հայ ազգի գլխին»: Այս միտքը կիսում է հանրապետության սթափ մտածող մարդկանց բացարձակ մեծամասնությունը:
– Մարդիկ, ովքեր հեռանում են ՀՀ-ից, հուսահատված են եւ այս սրընթաց բարոյական գահավիժումը կասեցնելու ճանապարհը չեն տեսնում: Նրանք, ովքեր հեռանալու տրամադրություն չունեն, եւս դժվարանում են թունելի վերջում լույս տեսնել:
– Բարոյական պատասխանատվության ժամանակը, միեւնույն է, գալու է: Եթե ազգովի ցանկանանք մեզ փրկել, ապա կանենք դա: Կա ճանապարհ. նախ` պետք է յուրաքանչյուրս խստապահանջ լինենք ինքներս մեր հանդեպ եւ թույլ տանք, որ մեր միջի խելացին, կարողը դուրս գա ասպարեզ` բոլոր բնագավառներում, եւ նա՛ առաջնորդի, ղեկավարի: Թե չէ, ստացվում է` Չարենցի «Պատմության քառուղիների» բոլոր փուլերը նորից կրկնվում են: Առաջ են եկել մարդիկ, ովքեր որեւէ բանի ընդունակ չեն, բայց ղեկավարում են երկրի համար ռազմավարական նշանակության ոլորտները:
– Բարոյական անկման մասին խոսելիս, հետաքրքիր է, որ լուծումների մեջ որեւէ դերակատարություն Հայ Առաքելական եկեղեցուն չեք վերապահում:
– Բայց մեր եկեղեցին բացարձակապես իր դերի մեջ չէ, եւ ես ճիշտ չեմ համարում լռելը: Ինչպես քաղաքական վերնախավն է ենթակա մաքրման, այնպես էլ՝ եկեղեցու վերնախավը: Եկեղեցու առաջնորդն ինքն անհավատ է, իր գործունեությամբ որեւէ կապ չունի հավատքի հետ, ի՞նչ պետք է ակնկալել այդ եկեղեցուց: Մեր եկեղեցին այսօր շատ բացասական դեր է կատարում. ինքն է պատճառը, որ այսքան աղանդներ են առաջացել, որ պատահական, անհավատ մարդիկ են լցվել մեր եկեղեցին: Ինքը խառնվել է աշխարհիկ կյանքին եւ վայելում է բոլոր հաճույքները: Դա ես բարոյական չեմ համարում:
– Նույն ձեւակերպումները, կարծում եմ, չեք խնայի նաեւ մտավորականների մասին խոսելիս:
– Այո, ազգի մտավորականությանը մեծ դեր է վերապահված: Իշխանություններն ամեն ինչ անում են մտավորականությանն այլասերելու համար: Մտավորականը, մի կողմից, ուժեղ կատալիզատոր է, ինքը կարող է հասարակությանը համախմբել: Մյուս կողմից նրա անկազմակերպ, անսկզբունք ու ծախու լինելը բարոյալքում է հասարակությանը եւ ազգին: Այդուհանդերձ, սպասել, թե նոր մտավորականություն կձեւավորվի գյուղացիության միջից` միամտություն է: Մնում է հուսալ, որ իսկապես կա իրական մտավորականություն, որն, ամեն դեպքում, կմիավորվի ու կհամախմբվի, որովհետեւ արդեն պահն է:
– Հեռահար ծրագրեր կան` «Հայաստան-2020», անգամ` «Հայաստան-2050»: Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը կամ, ավելի ստույգ, տեսնո՞ւմ եք Հայաստանն այդ թվականներին:
– Շատ իրարամերժ զգացողություններ են. մի կողմից` կցանկանայի տեսնել զարգացման ճանապարհը բռնած Հայաստան, սակայն իրականությունը լավատեսության հիմքեր գրեթե չի թողնում: Տեսնում եմ, որ արագացված տեմպերով քայքայվում ենք: Պատճառը մի խումբ ընտանիքներն են, որոնք տիրել են Հայաստանը եւ անում են այնպես, որ գյուղացին չի կարողանում իր հանդում բխող ջուրը օգտագործել իր դաշտը ջրելու համար: Ջուրը հոսում, գնում է Արաքս, հետո թափվում Կասպից ծով, իսկ իր ցանքսը ոչնչանում է:
– Օլիգարխներն արդեն խոշոր ֆեոդալներ են` ավատատերեր, ովքեր գյուղացիներից գնում են հողերը, իսկ նրանց աշխատեցնում այդ հողերում` որպես բատրակների:
– Ո՛ր օլիգարխին խոսեցնես` կասի` ինչպե՜ս, ես հայրենասեր տղա եմ, իմ խոսքը գործ է, բայց իր ամենօրյա աշխատանքով ծառայում է մի ռեժիմի, որը կործանարար է մեզ համար:
Այս տարին համեմատում եմ 1991-92թթ. հետ, չկա մի ոլորտ, որը բարվոք վիճակում լինի: Այս աննախադեպ թանկացումների հիմքում էներգետիկայի ոլորտն է: Լույսը, գազը թանկանում են, թանկանում է ամեն ինչ: Առանց հասկանալու կամ, ավելի ճիշտ, շատ լավ հասկանալով` էներգիա արտադրող կայանների 80%-ը հանձնեցին ռուսներին, ընդ որում, շատ տարօրինակ գներով: Օրինակ` Սեւան-Հրազդան կասկադը 20 միլիոն դոլարով է վաճառվել, իսկ նրա նոմինալ գինը պետք է լիներ 550-600 միլիոն դոլար: Ինչի՞ էր պետք, որ 2 միլիարդից ավելի փող ծախսեինք գազիֆիկացիայի վրա (ընդ որում, այդ գումարը ծախսել է հասարակությունը` գազի խողովակներ եւ այլն), երբ գազի միջազգային գինը բարձրանում է: Եթե այդ գումարները դրվեին այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման ուղղությամբ, ապա մեր խնդիրներին լիարժեք լուծումներ կտայինք: Ոչ ոք գիտության առջեւ խնդիր չի դրել` ինչպես, ելնելով մեր պայմաններից, ՀՀ-ում օպտիմալ կյանք ստեղծել: Իսկ օպտիմալ կյանքը հնարավոր է ապահովել հայ մարդու համար իր երկրում, բայց դա բավական գիտատար է:
– Աշխարհում ընդունված կարգ է` նախեւառաջ գիտնականները պետք է որոշեն, հաշվարկեն` ինչպե՞ս օգտագործել ջրերը, էներգիան, բնական ռեսուրսները: Սակայն այդ խնդիրները մեզ մոտ լուծվում են չինովնիկների աշխատասենյակներում:
– Մեր չինովնիկներն ուղղակի պատուհաս են մեր երկրի համար: Անկեղծ ասած` չեմ հավատում, որ նրանց մեջ կա գեթ մեկ ազնիվ մարդ: Տեսեք` ի՞նչ է կատարվում երկրի ընդերքի օգտագործման ոլորտում: Ունենալով Քաջարանի նման հզոր, զարգացման մեծ պոտենցիալ ունեցող պղնձամոլիբդենային կոմբինատ, իշխանությունները կանաչ լույս են տալիս Թեղուտի հանքի բացմանը, որն իրենից մեծ աղետ է ներկայացնում: Հանքավայրը շահագործելուց, սպառելուց հետո մեծ պրոբլեմներ են առաջանալու` կախված թափոնների ապահով պահեստավորման հետ: Դրանք չի կարելի լուծել անգամ այն գումարով, որը, որպես հարկ, վճարվելու է պետությանը: Այսինքն` մեր չինովնիկները մեզ թողնելու են հերթական բնապահպանական աղետը: Հայտարարված տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս ծրագրի բացահայտ թալանչիական բնույթը, բայց հասարակությունը` իր գոյատեւման պրոբլեմների մեջ, ուժ չի գտնում վճռականորեն կանգնեցնելու այն: Խոսում են ուրանի հանքերից: Շատ լավ է, որ ունենք ուրանի հանքեր, բայց պարզ է, որ եթե շահագործումը կատարվի այս որակի իշխանությունների օրոք, դա կբերի Զանգեզուրի լիակատար ամայացմանը: Եթե ցանկանում ենք Հայաստանի ու հայ ժողովրդի զարգացումը, պատմական Հայաստանի վերականգնումը, անհրաժեշտ են բարոյականություն, խելք եւ քաղաքական կամք` ցանկացած հերթականությամբ: