Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: Ե՛վ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը ակտիվորեն պատրաստվում են դրանց:
Ընդդիմությունը «նարնջագույն» սցենարի հույս ունի` ակնկալելով թե՛ երկրի ներսում իր կողմնակիցների, թե՛ արեւմտյան քաղաքական ուժերի աջակցությունը:
Նախագահ Ալիեւի առջեւ մի քանի կարեւոր խնդիր է դրված` երկրի ներսում կայունություն պահպանել եւ հաշվի առնել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի դիրքորոշումները, որոնք երբեմն հակասում են իրար: Ռուսաստանի դեպքում խնդիրն ավելի հեշտ է. Մոսկվան մտադիր չէ Ադրբեջանի իշխանություններին ժողովրդավարության դասեր տալու: Սակայն մյուս կողմից` Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի տարածքում չհայտնվեն արեւմտյան պետությունների ռազմաբազաներ:
Եթե 2003-ի նախագահական ընտրություններում եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Արեւմուտքը շահագրգռված էին, որ Ալիեւ-կրտսերը գա իշխանության` նավթային երկրում ցնցումներ թույլ չտալու համար, ապա այժմ արեւմտյան երկրներն ամեն կերպ հասկացնում են Ադրբեջանին, որ իրենց վերաբերմունքն այդ երկրի նկատմամբ կախված է կայանալիք ընտրությունների արդյունքից, թե որքանո՞վ դրանք արդար կլինեն: Միաժամանակ Արեւմուտքին ձեռք չի տա երկրում անկայուն իրավիճակը:
Եվ Ալիեւը ստիպված է որոշ զիջումների գնալ: Ընտրություններին մասնակցելու հնարավորություն է տրված բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` երկրի առաջին նախագահ Այազ Մութալիբովին ու խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւին, որը ժամանակին մեղադրվում էր կոռուպցիայի մեջ:
Այսպիսով, նախընտրական պայքարը թեժանում է: Ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը մտադիր չեն նահանջելու: Այժմ շատ բան է կախված նրանից, թե կկարողանա՞ արդյոք Իլհամ Ալիեւը վերահսկել իրավիճակը` միաժամանակ սահմանները չանցնելով:
Ալեքսեյ ՄԱԿԱԿԻՆ
Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն