Օջալանը սպառնում է Էրդողանին

06/11/2010

Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով զգուշացրել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որ այս զինադադարը նրանց վերջին շանսն է: Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` Օջալանը հայտնել է, թե քուրդ ժողովուրդն առանձին պետություն ստեղծելու մտադրություն չունի. «Մենք կողմ ենք, որ ապրենք Թուրքիայի կազմում, մեր պահանջած ժողովրդավարական արժեքների ստեղծմամբ: Թող թուրք հասարակությունը սրա մասին իմանա»: Օջալանը նշել է, թե ինքն այս անգամ էլ է շանս տալիս կուսակցությանը. «Ես արդեն 8 տարի է՝ շանս եմ տալիս Էրդողանի կուսակցությանը: Սա արդեն 5-րդ ընտրությունն է: Ամեն անգամ եկել են մոտս եւ ասել. «Թող այս ընտրությունն անցնի», կամ՝ «սպասեք մինչ մյուս ընտրություն»: Հիմա եւս ասում են, որ սպասենք մինչ ընտրությունները: Ներկայումս թուրքական պետության հետ երկխոսությունը դառնում է բանակցություններ: Ինձ մոտ լուրջ պաշտոնյաներ են եկել»,- նշել է Օջալանը՝ սպառնալով, որ եթե իշխող կուսակցությունն այս մի շանսն էլ չօգտագործի, ներքին բախումներ կլինեն: Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխուժացել են թուրքական պետության եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ բանակցությունները, որի արդյունքում Օջալանը հրահանգել է PKK-ին՝ երկարացնել զինադադարը եւ հեռանալ Թուրքիայից, որպեսզի զինադադարի ժամանակահատվածում որոշ շրջանակների կողմից բախումներ չհրահրվեն: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Կոսովո մեկնելուց առաջ հաստատել է լուրերը, որ Օջալանի հետ բանակցություններ վարվել են թե՛ նախկինում, թե՛ ներկայումս. «Դա պետության համար է արվում»: