Բրիտանական BBC ընկերության ավելի քան 4000 լրագրողներ երեկ 48-ժամյա գործադուլ են հայտարարել: Նրանց հաջորդ գործադուլը նախատեսվում է նոյեմբերի 15-16-ը: Բանն այն է, որ լրագրողները դժգոհ են ընկերության ղեկավարության կենսաթոշակային ֆոնդի ձեւավորման նոր սխեմայից: Ղեկավարության նոր նախագծերի համաձայն՝ 2011թ. ապրիլից ընկերության աշխատակիցների համար կենսաթոշակային հատկացումները կկրճատվեն 1 տոկոսով` 7-ից դառնալով 6 տոկոս: Բացի այդ, աշխատակիցների կենսաթոշակը կհաշվարկվի՝ ելնելով ողջ աշխատանքային գործունեության միջին աշխատավարձից: Աշխատակիցները նաեւ պետք է աշխատեն ոչ թե մինչեւ 60 տարեկանը, այլ` 65: Այս գործադուլից բացի,
BBC-ի աշխատակիցները որոշել են նոյեմբերի 7-ից նաեւ խստորեն հետեւել աշխատանքային պայմանագրերի դրույթներին՝ բացառապես աշխատել նվազագույն անհրաժեշտ աշխատաժամանակով, ընդմիջումների համար օգտագործել սահմանված ժամանակն ամբողջությամբ: Հեռուստաընկերության աշխատանքն այդուհանդերձ չի ընդհատվի, քանի որ մի քանի հազար տեխնիկական աշխատողներ արդեն իսկ ընդունել են ղեկավարության առաջարկը, եւ գործադուլի ժամանակ նյութերը կարող են եթեր հեռարձակվել տեխնիկական աշխատակիցների կողմից: