Թատրոնը կյանքի պարգեւն է

06/11/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կան մարդիկ, որոնց համար ճակատագիրը դաժան ուղի է նախանշում, իսկ նրանք ի հեճուկս ամենքի ու ամեն բանի` կյանքը գեղեցիկ նվեր են համարում: Եվ ներքուստ պատրաստ են դրական լիցքեր հաղորդել շրջապատին:

Արմինե Մելքոնյանի համար կյանքը ցավ ու կորուստ էր նախատեսել, 1988թ. ավերիչ երկրաշարժը սպիտակցի աշակերտուհուն մղձավանջի մեջ նետեց: Եվ այսօր էլ ժպտերես ու առույգ Արմինեն` հիշելով այդ օրը` միանգամից մթագնում է ու խուսափում է ծանր հուշերից: Արդեն մի քանի տարի է՝ նա Սպիտակում փոքր տիկնիկային թատրոն է հիմնել ու պատանի քաղաքացիների հետ ներկայացումներ է բեմադրում, տիկնիկներ է պատրաստում ու բեմական զգեստներ է կարում: Ամեն բան արվում է էնտուզիազմի շնորհիվ: Արմինեն իրոք «ապրում» է իր թատրոնով ու երազում է մանկական թատրոնի ներկայացումներով շրջել Հայաստանի քաղաքներով: Նրա ստեղծած թատրոնը մոբիլ կառուցվածք ունի, արագ հավաքվող բեմական «տուփը» թույլ է տալիս ցանկացած վայրում ներկայացում խաղալ: Միակ մտահոգությունը հմտության պակասն է: «Ես ինքնուս տիկնիկագործ եմ, խամաճիկներին շարժելու գործը հիմնականում սովորել եմ՝ նայելով տարբեր ներկայացումներն ու հեռուստահաղորդումները: Եվ երբ Երեւանի Տիկնիկային թատրոնի բեմադրություններն եմ դիտում, տեսնում եմ, որ դեռ շատ բան կա սովորելու»,- ասում է նա: Վստահաբար կարելի է ասել, որ այս թատրոնն, իր սիրողական մակարդակով հանդերձ` շատ որակյալ ներկայացումներ է անում: Եվ բավական մեծ խաղացանկ ունի` պարզ հեքիաթներից սկսած` խրատական առակների բեմականացումներով վերջացրած: Եվ երբ տիկնիկների հետ աշխատող սպիտակցի աղջիկների ու տղաների հետ ես խոսում, զգում ես` որքան մեծ է սիրելի գործով զբաղվելու նրանց ցանկությունը: Պատանի դերասանները նկատում են, որ Տիկնիկային թատրոնն իրենց քաղաքի ամենաուրախ ու բովանդակալից վայրերից մեկն է: Արմինե Մելքոնյանը կարողացել է «վարակել» նրանց թատրոնով, իսկ դա միշտ էլ հաջողության հասնելու առաջին քայլն է: «Եթե որեւէ տիկնիկային մասնագետ պարբերաբար աշխատի մեր երեխաների հետ, ես շատ ուրախ կլինեմ: Չէ՞ որ տիկնիկները գաղտնիքներ ունեն, եւ հիմա զգում եմ, որ այդ գաղտնիքները հասկանալու բանալիներն են մեզ պակասում»,- ասում է նա: Արմինեն ընդհանրապես որեւէ բանից չի բողոքում եւ ընդգծում է միայն լավը: Ու երազում է, որ իր հետ աշխատող երեխաները գոնե ժամանակ առ ժամանակ Երեւան այցելելու հնարավորություն ունենան: Ինչպես ասում են` մայրաքաղաքային կյանքը տեսնեն: 1988թ. դեկտեմբերի 7-ին Արմինե Մելքոնյանն իր հարազատ դպրոցի փլատակների տակ 18 ժամ է անցկացրել, տարբեր վնասվածքներ է ստացել ու կորցրել է աչքը: «Հիշում եմ միայն, որ հատակը ոտքերիս տակ բացվեց, ու ես երկրորդ հարկից ընկա դպրոցի նկուղը»,- պատմում է նա: Անգիտակից վիճակում աղջկան հիվանդանոց են հասցրել, սակայն բժիշկները կասկածում էին, որ աղջիկը կապաքինվի: Արմինեին օգնության են հասել դերասան Նարեկ Դուրյանի ընտանիքն ու ֆրանսիացի բժիշկները, որոնք նրան լիարժեք ապրելու երկրորդ շանսն են տվել: Եվ այժմ նա Սպիտակի մանկական թատրոնի դերասաններին առաջին հերթին կյանքը գնահատել է սովորեցնում: Կյանքի գինն այնքան մեծ է, որ չարժե այն վատնել անիմաստ բաների վրա: Կարելի է պարզապես աշխատել ու օգտակար լինել եւ քո քաղաքին, եւ քո համաքաղաքացիներին: