Մեր կյանքում, առօրյայում այլեւս այնքան շատ են մանր ու մեծ խնդիրները, աներեւակայելի պատմություններն ու դեպքերը, իրադարձությունները, որ օր օրի` կորցնում ենք նաեւ զարմանալու մեր հատկությունը: Հոկտեմբերի սկզբին Երեւանի Պարարվեստի ուսումնարանում մի դեպք է տեղի ունեցել, որը, որպես երեւույթ, ցնցել է ուսումնարանի ուսանողներին, նրանց ծնողներին: Բանն այն է, որ հայկական ժողովրդական պարերի բաժնի, ինչպես նշեցին՝ զրո կուրսի 14-15-ամյա ուսանող-աղջիկներն իրենց կուրսընկերուհու ծննդյան օրը բացառիկ նվեր էին պատրաստել` բանան, որի վրա պահպանակ (պրեզերվատիվ) էին հագցրել: Աղջիկներն իրենց այս նախաձեռնության մասին հայտնել էին դասական պարերի բաժնի 3-րդ կուրսի ուսանողներին՝ խնդրելով իրենց օգնել պահպանակ գնելու հարցում: Ընդ որում, այս հայտարարությունը նրանք արել էին հրապարակավ: Ավագ կուրսեցիներից որեւէ մեկն ուղղակի համարձակություն չէր ունեցել այդ հարցով մտնել դեղատուն, եւ տղաներից միայն մեկը` Ադոլֆն է հայտարարել, որ որեւէ խնդիր չի տեսնում, եւ կարող է իրենց ընդառաջել: Ադոլֆը գնել էր 3 պահպանակ, որոնցից մեկը տվել էր կրտսեր կուրսի աղջիկներին, իսկ երկուսը` իր համակուրսեցի տղաներին: Վերջիններս հետո պատմել էին, թե պահպանակներն աղբարկղ էին նետել: Ինչեւէ, 14-ամյա աղջիկները բանանով պահպանակը նվիրեցին համակուրսեցի աղջկան` չպատկերացնելով այն հոգեկան ապրումները, որ պատճառեցին իրենց ընկերուհուն: Մեր տեղեկություններով` աղջկա մայրը սա տեսնելով` սաստիկ վրդովված վերցրել էր «նվերն» ու գնացել ուսումնարանի տնօրենի մոտ: Տնօրենն, իր հերթին, սպառնացել էր մեղավոր-ուսանողներին հեռացնել ուսումնարանից: Ընդ որում, հեռացվողների շարքում է հայտնվում նաեւ տղան, ով դեղատնից գնել էր պահպանակը: Սակայն երեխաների բախտի վրա «քար» չգցելու բարեսրտությունից ելնելով՝ ուսումնարանի տնօրենը ծնողներին առաջարկել է պարզապես դիմում գրել՝ երեխաներին ուսումնարանից սեփական նախաձեռնությամբ հանելու մասին: «Սա սենսացիա չի, եւ մեր ազգի համար հարիր չէ, ու ասեմ Ձեզ, որ չենք ուզի, որ սա թերթերում գրվի, աղմուկ բարձրանա»,- դեպքի առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Արմեն Գրիգորյանը՝ նկատելով, որ հոդվածի հրապարակմամբ մենք վնասում ենք այդ աղջիկներին: Այս դեպքը եւս մեկ անգամ բնութագրում է ուսումնարանում տիրող բարքերը, որոնց մասին տարբեր առիթներով լսել էինք: Արդյոք նորմա՞լ է մշակութային կրթօջախում սովորող 14-ամյա անչափահաս աղջիկների կողմից իրենց ընկերուհու նկատմամբ արված այս կատակը: «Ճիշտ է, ես իրավապաշտպան չեմ, բայց այն, ինչ կատարվում է իմ քոլեջում, ես կարողանում եմ լուծումներ տալ»,- ասաց ուսումնարանի տնօրենը: Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն էր իր արձագանքը, ինչպե՞ս պատժեց ուսանողներին, Ա. Գրիգորյանը նկատեց. «Ես պատժող չեմ: Ես ավելի շուտ լուծում տվող եմ: Այն, որ այդպիսի երեւույթ չի կարող այստեղ շարունակություն ունենալ` դա միանշանակ է: Ես ինքս աղջիկ երեխա ունեմ, ու եթե իմ երեխային այդպիսի նվեր տային, ես լրիվ ուրիշ լուծումներ կտայի: Ես կարողացա այդ ծնողների դեմն ինչ-որ ձեւով առնել: Նույն դասարանի մնացած ծնողներին էլ կանչեցի՝ էս ամեն ինչին վերջ դնելու համար, հասկանալու համար, որ էստեղ արվեստագետներ են մեծանում»: Տնօրենի հավաստմամբ՝ ինքը սկզբից ուզում էր հեռացնել երեխաներին, բայց հետո, երեխաների հետագա ճակատագրերի հետ չխաղալու համար, ծնողներին խորհուրդ է տվել իրենց երեխաներին կամավոր սկզբունքով հանել ուսումնարանից: «Ծնողները գրեցին իրենց դիմումները եւ վերցրեցին երեխաներին: Սա ամենաճիշտ լուծումն էր` ըստ իս: Երեխաները չհեռացվեցին, ծնողները դիմում գրեցին, որ իրենց երեխաներին տանեն այստեղից»,- ասաց Ա. Գրիգորյանը, ով 1984թ. դասավանդում է ուսումնարանում, իսկ արդեն 1 տարի է` ստանձնել է տնօրենի պաշտոնը: Այս պահին ուսումնարանից իրենց կամքով դուրս են եկել այն 4 ուսանողները, ովքեր նախաձեռնել էին այս շոուն: Տնօրենի փոխանցմամբ՝ իրենց ուսումնարանում կատարվածը լավ նյութ է ռուսական հայտնի թոք-շոուի՝ Անդրեյ Մալախովի «Պուստ գովորյատ» հաղորդման համար: Իսկ եթե հետեւենք այն լուրերին, որոնք շրջանառվում են այս ուսումնարանի շուրջ, ուսումնարանի մանկավարժական կոլեկտիվում տիրող հիվանդ մթնոլորտի, պառակտությունների մասին, ապա 85 տարվա պատմություն ունեցող պարարվեստի ուսումնարանը շատ հանգիստ կարող է հայտնվել BBC World news-ի թեժ եթերում: Ի դեպ, երբ տնօրենի հետ զրույցում ասացինք, որ ուսումնարանից սպասելի էր նման դեպքը, նա զարմացավ, նույնիսկ պահանջեց, որ քաղաքում ամեն անկյան տակ բարձրաձայն կամ շշուկով փոխանցվող լուրերն իրեն ասենք, որ գոնե իրենք էլ իմանան:
Շոուն շարունակվում է
Ինչեւէ, եթե ոմանց թվում է, թե բանանով պահպանակի շոուն ավարտվել է, ապա շտապենք հիասթափեցնել. կրքերը, ինչպես ասում են, դեռ նոր են շիկանում: Երեկ մենք հանդիպեցինք նաեւ այն տղայի հոր հետ, ով համարձակվել էր գնել պահպանակը: Պարզվեց, որ գործը «ջարդել» են տղայի վրա` իբրեւ կատարվածի մասնակից: Ուսումնարանի տնօրենը սկզբում բանավոր կերպով հայտնել էր տղային հեռացնելու իր որոշման մասին: Հաջորդ օրը, սակայն, բոլորովին այլ ռազմավարություն էր ընտրել. ծնողին խորհուրդ է տվել դիմում գրել սեփական ցանկությամբ երեխային ուսումնարանից հանելու մասին: «Հոկտեմբերի 11-ին ուսումնարանի տնօրենը զանգահարեց ինձ, ասաց, որ շատ վատ բան է պատահել: Այդ ժամանակ ես դասի էի: Զանգահարեցի տղայիս, ով այդ օրը հիվանդ էր եւ դասի չէր գնացել, հարցրեցի, թե ի՞նչ է կատարվել: Ուսումնարան գնալու ճանապարհին տղաս որոշակի բաներ ասաց, թեեւ նա բնավորությամբ փոքր-ինչ գաղտնապահ է: Տնօրենի սենյակում նստած` ինձ լրիվ ուրիշ ձեւով բացատրեցին, ամբողջ մեղքը բարդեցին տղայիս վրա: Տղաս էլ ձայն չհանեց: Դրանից 2 օր անց ամեն ինչ պարզվեց, իսկ տղաս ուղղակի ընկերներին չէր ցանկացել մատնել, կոպիտ ասած՝ «վառել»,- նկատեց Ադոլֆ Շահվերդյանի հայրը` Վլադիմիր Շահվերդյանը, ով դասավանդում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում: «Այդ դեպքից հետո տղաս ընկերներից նամակներ էր ստացել, որտեղ ընկերներն ասում էին, որ ուղղակի ամաչում են, չեն ներում իրենց, որ Ադոլֆի կողքին չեն եղել, լռել են: Տղաս արդեն 8 տարի է` սովորում է այդ ուսումնարանում: Իսկ հիմա ուզում են հեռացնել` ասելով, որ ավելի հարմար է, որ ծնողը դիմում գրի երեխային հանելու մասին»,- մեզ հետ զրույցում պատմեց տղայի հայրը: Ըստ Վլ. Շահվերդյանի` տղային ուսումնարանից հեռացնելու որոշումը տնօրինությունն ուղղակի չի կարող կատարել, քանի որ տղան որեւէ, այսպես ասած, հանցանք չի գործել, եւ տնօրինությունն ուղղակի հեռացնելու հիմնավոր պատճառ չունի: «Ես զարմանում եմ` դպրոցն ինչո՞վ է զբաղվում, երբ ինչ-որ մեկը վատ արարք է կատարում, նրան պետք է հանե՞լ: Բա մանկավարժն ինչի՞ համար է»,- նկատեց զրուցակիցս: «Ինձ ասում են, որ այդ 4 աղջիկներն ու իմ տղան հեռացվել են: Ես կարող եմ հասկանալ այդ աղջիկների ծնողներին, որոնց երեխաները դեռ դպրոցական են, բայց իմ տղան արդեն ավարտել է միջնակարգ դպրոցն, ունի ավարտական ատեստատ, եւ եթե անգամ հեռացնեն, ապա նա կարող է հաջորդ տարի դիմել բուհ: Ես տնօրինությանն ասել եմ, որ դիմում չեմ գրելու, ասել են՝ հեռացնելու ենք` թող հեռացնեն: Եթե ես դիմում գրեմ, նրանք ուղղակի մաքուր դուրս կգան այս իրավիճակից, եւ լրագողներին էլ կասեն՝ ծնողը դիմում է գրել երեխային հանելու համար: Եվ վերջ՝ գործը փակվեց: Այնպես որ, ես սպասում եմ այդ հեռացման հրամանին»,- վճռականորեն ավելացրեց Վլ. Շահվերդյանը, ով շատ լավ ծանոթ էր ուսումնարանում տիրող մթնոլորտին եւ անցուդարձին: Ի դեպ, նշենք, որ Ադոլֆը կատարվածից հետո այլեւս դասի չի գնում: