Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ Ստամբուլում լրագրողների հետ զրույցում ասել է, թե դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը կարող է բեկումնային պահ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նա նաեւ տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս ծրագրում է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Աստրախանում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ԱԳՆ-ների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել բանակցային գործընթացը, եւ մոտ ժամանակներս նման հանդիպում կարող է կայանալ: Այդ հանդիպման ժամանակ ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Աստանայում կայանալիք գագաթաժողովին կողմերի նախապատրաստման ուղիները»,- ասել է նա: Մամեդյարովի խոսքով` հակամարտության կարգավորման «Ճանապարհային քարտեզը» պատրաստվել է Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնման նպատակով: Անդրադառնալով Արցախում Աղդամը Ակն վերանվանելու փաստին` Մամեդյարովը հայտարարել է. «Դա զավեշտալի իրադարձություն է: Անունը փոխելով ոչինչ չի փոխվելու: Միեւնույն ժամանակ այդ քայլը խոսում է այն մասին, որ ՀՀ-ում առկա են արմատական ուժեր, որոնք դեմ են, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները»: Ի դեպ, Է. Մամեդյարովը Թուրքիայում մասնակցում է Աֆղանստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության 4-րդ համաժողովին: Նա երեկ փակ դռների ետեւում առանձնազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, որտեղ քննարկել են երկկողմ խնդիրներ, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտությունը: Նշենք, որ երեկ Բաքվում հանդիպել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները: Հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կրկին հայտարարել է, որ եթե ԼՂ հարցում խաղաղ բանակցություններն արդյունք չտան` Ադրբեջանը այլ քայլերի կդիմի: