Վերջին օրերին քաղաքական կուլիսներում ավելի հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ իշխանության վերնախավում որոշում են կայացրել իրավական լուծումներ գտնել քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է ԱԺ ներկայացնել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մի օրինագիծ, որով մեղմացվելու են մի շարք հոդվածներով նախատեսված պատժաչափերը: Ըստ խորհրդարանական շրջանակներում քննարկվող խոսակցությունների, դրանց թվում են լինելու նաեւ այն հոդվածները, որոնց հիման վրա մեղադրանք է առաջադրվել քաղբանտարկյալներին: Ավելին, մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե հնարավոր է` այդ նախագծի արդյունքում ազատ արձակվի մոտ 1000 կալանավոր: Բնականաբար, նա չի ասել, թե դրանց թվում կլինեն նաեւ քաղբանտարկյալները: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւս հաստատել է, որ նման օրինագիծ է քննարկվում: Հնարավոր է համարվում, որ այս օրինագիծն ԱԺ ներկայացվի հաջորդ քառօրյայից առաջ` մինչեւ նոյեմբերի կեսը: Այսինքն` բազմաթիվ գործոնների ազդեցության արդյունքում (օր օրի ավելացող միջազգային ճնշումներն իշխանությունների նկատմամբ, ԵԽ ԽՎ-ում առաջիկայում «քաղբանտարկյալներ» հասկացության շուրջ սպասվող քննարկումները, մոտեցող ընտրությունները, եւ այլն)՝ իշխանություններն, այնուամենայնիվ, ստիպված են գնալ այն քայլին, որը եթե կատարվեր երկու տարի առաջ, Հայաստանը չէր լինի այն վիճակում, որում հայտնվել է այսօր: Անկախ ամեն ինչից, առանց բացառության բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը կարող է նախադրյալ դառնալ 2008 թվականից հետո ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար: Քանի որ որեւէ երկրում չի կարող զարգացման մասին նույնիսկ խոսք լինել, եթե առնվազն մեկ տասնյակից ավելի մարդիկ քաղաքական պատճառներով գտնվում են բանտերում: