Ինչպե՞ս է ծախսվել 84,4 միլիոնը

21/10/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպական եւ եվրասիական գործերի վարչությունը վերջերս հրապարակել է «ԱՄՆ աջակցությունը Հայաստանին 2005 ֆիսկալ տարվա ընթացքում» անունը կրող փաստաթուղթ, ուր մանրամասն ներկայացված է 2004-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2005-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված ամերիկյան աջակցությունը:

Փաստաթղթում նշված է նաեւ, թե որ ծրագիրը կոնկրետ ինչ նպատակով է ֆինանսավորվել: Համաձայն այդ փաստաթղթի, նշված ժամանակահատվածում Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է 84,4 մլն դոլար, որի առյուծի բաժինը՝ 43,5 մլն դոլար, հատկացվել է տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար: Փաստաթղթում նշված է, որ Հայաստանի տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներում նշանակալի առաջընթաց է գրանցվել եւ որպես ասվածի ապացույց` նշվում է, որ Հայաստանը բավարարում է 2005 ֆիսկալ տարում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում դրամաշնորհ ստանալու պայմաններին: Փաստվում է նաեւ, որ «չնայած որոշ ոլորտներում գրանցված ակնառու տնտեսական աճին՝ բնակչության մեծամասնությունը դեռ շարունակում է զգալի աջակցության կարիք զգալ»: Նշված է նաեւ, որ ժողովրդավարական, տնտեսական ու իրավապահ ոլորտին ուղղված ծրագրերը միտված են ժողովրդավարական կառույցների եւ հիմքերի ամրապնդմանը Հայաստանում ու տարածաշրջանային անվտանգության ու կայունության սատարմանը: Ըստ Պետքարտուղարության ներկայացրած փաստաթղթի, վերոնշյալ ժամանակահատվածում ԱՄՆ-ը 11,4 մլն դոլար է հատկացրել մեր երկրում ժողովրդավարական ծրագրեր իրականացնելու համար, որոնք նպատակաուղղված են եղել պետական կառավարման հարցերում քաղաքացիական ակտիվության մեծացմանը, Ազգային ժողովի հզորությունների ձեւավորմանը, տեղական եւ կենտրոնական կառավարման կատարելագործմանը եւ անկախ լրատվամիջոցների խթանմանը: Անցկացվել են զանազան սեմինարներ, դասընթացներ եւ այլն: «ԱՄՆ կառավարության խորհրդատուները սարքավորումներով, ուսումնական նյութերով ու տեխնիկական խորհրդատվությամբ սատարում են ֆինանսաբյուջետային ուսումնական կենտրոնին»,- ասված է փաստաթղթում, որտեղ նշված է նաեւ, որ 2005 ֆիսկալ տարում Հայաստանի անվտանգության եւ իրավապահ ոլորտներին ԱՄՆ կողմից հատկացվել է 19,1 մլն դոլար, ինչը ծախսվել է տարբեր ծրագրերի վրա, որոնք նպատակ են ունեցել ամրապնդել կայունությունը Հայաստանում եւ տարածաշրջանում, մեծացնել մեր երկրի ներգրավվածությունն ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարում: Փաստաթղթում ասված է նաեւ, որ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ փոխգործակցությունը խթանելու նպատակով` արտաքին ռազմական ֆինանսավորման, միջազգային զինվորական կրթության եւ ուսուցման, համատեղ վարժանքների ու նահանգային համագործակցության շրջանակներում հնարավոր կլինի ձեռք բերել պրոֆեսիոնալ զինվորական կրթություն, ձեւավորել խաղաղապահ հզորություններ եւ արդիականացնել ռազմական կապի միջոցները: «ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանի` վերջինիս հետ հարաբերություններին` փորձելով ապահովել տարածաշրջանային կայունություն եւ նպաստել հակամարտությունների կարգավորմանը»,- ասված է փաստաթղթում, սակայն նշված չէ, թե այդ նպատակով կոնկրետ ինչ ծրագրեր են ֆինանսավորվել: Պետքարտուղարության հրապարակած փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ անվտանգության եւ իրավապահ ոլորտին հատկացված գումարի մի մասն էլ ծախսվել է զենքի ու զինամթերքի տարածման դեմ պայքարի, այդ թվում եւ` քիմիկոսների ու կենսաբանների համատեղ հետազոտական աշխատանքների վրա: ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորել է գիտական կենտրոններ, քիմիա-կենսաբանական հետազոտություններ, կենսաբանական արդյունաբերության նախաձեռնություններ: Զենքերի ու զինամթերքի դեմ պայքարի շրջանակներում աջակցություն է ցուցաբերել Քաղաքացիական հետազոտությունների ու զարգացման հիմնադրամին: «Միացյալ Նահանգները շարունակում է ֆինանսավորել Մեծամորի ատոմակայանի անվտանգությանն ուղղված միջոցառումներն ու աջակցել Հայաստանի ատոմային ոլորտը կանոնակարգող մարմնին»,- շեշտված է ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած փաստաթղթում: Այդ փաստաթղթից տեղեկանում ենք, որ միջոլորտային ձեռնարկներ իրականացնելու համար, վերջին մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին հատկացրել է 8,9 մլն ԱՄՆ դոլար: Փաստաթղթի համաձայն` ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորել է մի շարք ծրագրեր, որոնք նպաստել են ՀՀ իրավապահ եւ դատական համակարգի բարեփոխումներին: Այդ ծրագրերի շրջանակներում իրավապահ մարմինների աշխատողների ուսուցման համար ստեղծվել են համակարգչային լսարաններ, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում օգնություն է ցուցաբերվել ՀՀ կառավարությանը, եւ այլն: Վերոնշյալ փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ 2005 ֆիսկալ տարում ԱՄՆ կառավարությունը ՀՀ-ին հատկացրել է 1,5 մլն դոլարի մարդասիրական օգնություն, որի շրջանակներում նվիրաբերված ապրանքների արժեքը սակայն հասնում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի եւ ներառում է դեղորայք, բժշկական պարագաներ, հագուստ եւ սնունդ: Վերոնշյալ ապրանքները հանրապետության տարբեր քաղաքներում ու գյուղերում բաժանվել են ամենաաղքատ ու կարիքավոր մարդկանց: ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերել նաեւ աղետի գոտու վերականգնման աշխատանքներին: Այդ ծրագրի շրջանակներում մինչեւ 2005 թվականի վերջը, երբ կավարտվի ծրագրի իրականացումը, վկայագրերի կամ դրամաշնորհների տրամադրման ճանապարհով մոտ 6500 հոգի կապահովվեն բնակարաններով: