ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով 2012թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հնչող կանխատեսումներին, ասել է.
«ՀՀԿ տարբեր գործիչներ հայտարարում են, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններում ունենալու են 50 տոկոսից ավելի ձայն, եւ բաշխում են մյուս ձայները: Սա անընդունելի գործելաոճ է, հարիր չէ մի երկրի, որը հայտարարում է, թե ժողովրդավարության ուղին է բռնել»: Ըստ նրա` ընտրությունները «փոցխ են, որի վրա հինգ տարին մեկ կանգնում ենք, դեռ կկանգնենք, եթե չկայանանք որպես հասարակություն»: Ա. Արզումանյանի խոսքով` իշխանությունն անում է ամեն ինչ, որ ապահովի իր մեծամասնությունն ապագա խորհրդարանում, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչպես: «Դա կանի կոալիցիոն փոքրիկ գործընկերների՞, թե՞ հաճախորդների միջոցով, ցույց կտա ժամանակը: Իշխանությունն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար եւ ցանկանում է ամբողջովին իր ձեռքը վերցնել ընտրությունների անցկացման գործընթացը»,- նկատել է նա: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությանը, ապա Ա. Արզումանյանը կարծում է, որ, որպես կանոն, առանց ֆորսմաժորային իրավիճակների` նախկին ԽՍՀՄ երկրներում արտահերթ նախագահական ընտրություններ չեն անցկացվում. «Տեր-Պետրոսյանն ասում է, որ երկիրը կործանման եզրին է, դրանից լավ ֆորսմաժո՞ր»: Ա. Արզումանյանը որեւէ առաջխաղացում չի ակնկալում ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում: Նա որեւէ լուրջ սպասելիք չունի նաեւ Աստանայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումից: Ինչ վերաբերում է Աստրախանում կայացած եռակողմ հանդիպմանը, ապա, թեեւ հումանիտար բովանդակությամբ շատ կարեւոր համաձայնագիր է ստորագրվել, բայց Արզումանյանի կարծիքով՝ գերիներին վերադարձնելը եւ դիակների հանձնումը նախատեսված է մի շարք միջազգային պայմանագրերով, իսկ հանդիպման նպատակն էլ, ըստ նրա` մեկն էր. «ՌԴ-ն ընդամենը պատգամ ուղարկեց միջազգային հանրությանը, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում իր դերն առանցքային է, եւ ԼՂ հակամարտության լուծման բանալին իր ձեռքում է»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի դերակատարության խորացմանը եւ նաեւ ԼՂՀ հարցում Թուրքիայի ակտիվացմանը, ապա սրա մեղավորը, Ա. Արզումանյանի դիտարկմամբ` եւս ՀՀ իշխանությունն է` իր նախաձեռնողական քաղաքականությամբ եւ ֆուտբոլային դիվանագիտությամբ։ «Արդյունքում մեծացավ Թուրքիայի դերակատարությունը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբում, այլեւ տարածաշրջանում: Թուրքիայի ակտիվացումն էլ բերել է նրան, որ այսօր հայ հասարակությունը, պարզ պատճառներով, շատ զգայուն է դարձել եւ մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի հետ կապված ցանկացած զարգացման: Մի երկու քաղաքական գործիչ գալիս են Հայաստան, ամբողջ մամուլը առավոտից երեկո դրա մասին է խոսում: Դրա մեղավորն էլ մենք ենք, որ նման դերի բարձրացում առաջարկեցինք թուրքերին»,- ասել է նա: