Այնուամենայնիվ, ինչո՞ւ թանկացավ պանիրը

04/11/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այս հարցն արդեն երկու շաբաթ հուզում է շարքային հայաստանցիներին։ Իսկ համոզիչ պատասխան այդպես էլ չի հնչում։ Թանկացումից անմիջապես հետո եղան ամենատարբեր մեկնաբանություններ, եւ ի վերջո Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշեց պատասխանել։ Պատասխանը, մասնավորապես, հետեւյալն էր՝ կաթը թանկացել է 20%-ով, դրա համար պանիրն էլ է թանկացել։ Ընդ որում, հանձնաժողովը նշել էր, որ պանրի շուկայում հակամրցակցային համաձայնություն չի կարող լինել, գործում են մի քանի տասնյակ սուբյեկտներ։

Այս հայտարարությունից հետո արձագանքները ավելի բուռն դարձան։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ուղղակի մեղադրեց հանձնաժողովին՝ գյուղատնտեսական անգրագիտության մեջ։ «Կաթը պանրի վերածելու գործընթացը տեւում է 4 ամիս, իսկ 4 ամիս առաջ մեկ լիտր կաթն արժեր 80 դրամ: Հետեւաբար՝ կաթի գնի ներկայիս բարձրացումը չէր կարող եւ չպետք է ազդեր այն պանրի գների բարձրացման վրա, որը պատրաստվել է լիտրը 80 դրամ արժողությամբ կաթից»,- իրավացիորեն նշել էր պատգամավորը։

Հետո թեմային անդրադարձավ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ ղեկավար Աբգար Եղոյանը՝ նշելով, որ պանրի եւ կաթնամթերքի թանկացումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է փաստով, որ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները վերջին շրջանում գյուղացիներից կաթը ձեռք են բերում 30-35 դրամ թանկ գնով, քան նախկինում: Մի կողմից՝ համաձայնելով ՏՄՊՊՀ տեսակետին՝ Եղոյանը մյուս կողմից` կասկած էր հայտնել. «Եթե, սակայն, հաշվի առնենք, որ 1 կգ պանիր ստանում են 8 լ կաթից, ապա թանկացումը պետք է կազմեր առավելագույնը 250-350 դրամ: Բայց երբ պանիրը թանկանում է 800, տեղ-տեղ՝ նաեւ 1000 դրամով, ուրեմն այդտեղ ինչ-որ սխալ հաշվարկ կա: Կամ էլ ցանկություն կա մի քիչ ավելի թանկացնել, քան թե իրականում պատճառն էր»։ Սպառողների շահերով զբաղվող «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հ/կ ղեկավար Արմեն Պողոսյանն էլ ասել էր. «Պանրի թանկացումն օբյեկտիվ պատճառներով հիմնավորված չէ. բոլոր այն պատճառները, որոնք ազդում են գնագոյացման վրա, փոփոխություն չեն կրել»։ Երկու օր առաջ խնդրին անդրադարձել էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Պանրի թանկացումը նա պայմանավորել է այդ շուկան մենաշնորհայնացնելու փորձերով եւ ավելացրել, որ ոչ կառավարությունը, ոչ Պետեկամուտների կոմիտեն չեն ընդդիմանում այդ փորձերին:

Թերեւս քննադատությունների այս տարափն է ստիպել ՏՄՊՊՀ-ին, որ մեկ անգամ եւս անդրադառնա պանրի շուկային։ Հանձնաժողովը պաշտոնական հաղորդագրությամբ մեկ անգամ եւս հաստատել էր այն միտքը, որ այս շուկան խիստ ցածր կենտրոնացվածություն ունի, չկան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ, եւ ըստ ՊԵԿ-ի տվյալների, շուկայում գործում է 78 գրանցված սուբյեկտ` չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները: «Բայց հաշվի առնելով, որ պանրի գնի բարձրացումը մեծ սոցիալական արձագանք է ստացել, եւ մամուլում թանկացման վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվում, Հանձնաժողովը որոշեց սեփական ուսումնասիրությունն իրականացնել` պանրի գնի բարձրացման պատճառները բացահայտելու նպատակով»: Ընդ որում, հանձնաժողովի հաղորդագրությունը կարելի է ինքնարդարացման փորձ համարել. «Պանրի գների բարձրացման մասին մամուլի հրապարակումներից եւ Հանձնաժողովի պարբերական մոնիտորինգի արձանագրած գների աճից անմիջապես հետո` հոկտեմբերի 22-ին, Հանձնաժողով էին հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Նրանք պարզաբանել էին, որ պանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով, այլ հետեւանք է մթերվող կաթի գնի բարձրացման: Տնտեսվարողների այս պարզաբանումը նույն օրը Հանձնաժողովը նույնությամբ տրամադրել էր մամուլին եւ հասարակությանը»: Նկատենք, որ տնտեսվարողների պարզաբանումները լրագրողներն իրենք էլ կարող էին ստանալ, եւ հանձնաժողովից տվյալ դեպքում ուրիշ բան էին սպասում՝ ստուգել դրանց իսկությունը։ Ամեն դեպքում, գոնե լավ է, որ հանձնաժողովը չի փորձում չլսելու տալ դժգոհողներին։ Ավելին, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ. «Հանձնաժողովը խնդրում է մամուլում հանդես եկող բոլոր այն տնտեսագետներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, որոնք պանրի գնի բարձրացումը մեկնաբանում են մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներով, աջակցել Հանձնաժողովի ուսումնասիրությանը` ներկայացնելով խնդրին առնչվող կոնկրետ փաստեր եւ հանգամանքներ»:

Ինչ վերաբերում է տնտեսվարողների մեկնաբանություններին, ապա դրանք էլ չի կարելի միանշանակ ընդունել։ Պարզ է, որ ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չի ասի՝ ես փորձել եմ հարմար պահն օգտագործելով՝ գերշահույթ ստանալ։ Մենք փորձեցինք զրուցել մի քանի պանիր արտադրողների հետ, որոնք հիմնականում նույն բանն էին կրկնում՝ կաթը քիչ է, թանկացել է, մենք էլ պանիրն ենք թանկացրել։ Սակայն նրանցից երկուսը բավականին ուշագրավ բան ասացին. կաթնամթերք արտադրող հայկական խոշոր ընկերություններից մեկը վերջին շրջանում մի քանի անգամ մեծացրել է պանրի արտահանումը դեպի ԱՄՆ։ Արդյունքում՝ պանրի շուկայում ստեղծվել է դեֆիցիտ, ինչի արդյունքում էլ գները բարձրացել են։ Թե որ ընկերության մասին է խոսքը, մեր զրուցակիցները հրաժարվեցին նշել։ Նշենք, որ Մաքսային կոմիտեի տվյալներն անուղղակիորեն հաստատում են, որ այս տեղեկությունը, հնարավոր է, արժանահավատ լինի։ Այսպես՝ եթե 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 69 տոննա պանիր եւ կաթնաշոռ, ապա այս տարի այդ թիվը 2.3 անգամ աճել է՝ կազմելով 161 տոննա։ Իհարկե, տեղական պանրի շուկայում դա մեծ թիվ չի կազմում (հանրապետությունում այս տարվա առաջին 9 ամիսներին արտադրվել է շուրջ 13.5 հազար տոննա), սակայն եթե արտահանման ծավալները կտրուկ մեծանան շատ կարճ ժամանակահատվածում, դա կարող է գնային ցնցումներ առաջացնել։

Թե վերը նշված պատճառները որքանով կարող էին ազդել պանրի գնի թռիչքի վրա՝ չենք կարող ասել։ Հույս ունենք, որ զուտ մրցակցային գործոններին չհավատացող մասնագետները կանսան հանձնաժողովի կոչին, եւ «խնդրին առնչվող կոնկրետ փաստերով եւ հանգամանքներով» կօգնեն լույս սփռել պանրի թեմայի վրա։

Սակայն կա մի գործոն, որի վերաբերյալ դժվար է կոնկրետ փաստեր ու հանգամանքներ նշել։ Խոսքը վերաբերում է «Հայկական պանիր» ծրագրին։ Ավելի ճիշտ՝ վարչապետի խոսքերին՝ այդ ծրագրի վերաբերյալ։

Իսկ ի՞նչ է, ի վերջո, «Հայկական պանիրը»։ Միանշանակ դժվար է ասել, քանի որ վարչապետը շատ հպանցիկ է խոսել այդ մասին։ Ընդամենը նշվել է, որ «Հայկական պանիր» ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում եւ մաս է կազմում արտահանման խթանման միջոցառումների: Արտահանման խթանման տեսանկյունից՝ էական նշանակություն կունենա նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որը հնարավորություն կտա հայկական գյուղատնտեսական մթերքներն արտահանել եվրոպական եւ ամերիկյան շուկաներ: Ոչ թե պարզապես արտահանել, այլ «նվաճել աշխարհը այս բրենդով»։ Կարո՞ղ էր արդյոք այդ հայտարարությունը պանրի գնի թանկացում «սադրել»։ Տրամաբանությունը հուշում է, որ կարող էր։ Փորձենք պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է իրականացվել «Հայկական պանիր» ծրագիրը՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։ Հայաստանում կան մի քանի տասնյակ պանիր արտադրող ընկերություններ։ Տարբեր պատճառներով (ֆինանսական ռեսուրսների անբավարարություն, արտահանման փորձի պակաս, փաստաթղթային խնդիրներ եւ այլն) նրանց մեծ մասն ի վիճակի չէ իր արտադրանքը ինքնուրույն արտահանել, հատկապես եվրոպական շուկա։ Այս խնդիրը լուծելու համար՝ ստեղծվում է (կամ եղածների միջից ընտրվում է) մի կառույց, որը համակարգում է պանրագործների գործունեությունը։ Այսինքն՝ հավաքում է նրանց արտադրանքը, տեսակավորում, հետո մեկ միասնական բրենդի տակ արտահանում։ Հնարավոր է, որ պետությունն իր միջոցներով կատարի գովազդային որոշ ծախսեր, լուծի տարբեր փաստաթղթային խնդիրներ։ Մի խոսքով՝ սխեման հետեւյալն է. պանիր արտադրելը՝ ընկերություններից, իրացնելը՝ պետությունից։ Առաջին հայացքից վատ գաղափար չէ։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում ցանկացած նման գաղափար կարող է այնպես այլասերվել եւ շեղվել իր նախնական նպատակից, որ դժվար է պատկերացնել։ Ընդ որում, դա կարող է լինել ինքնաբուխ՝ առանց սկզբնական պլանավորման։

Ի՞նչ կլինի, եթե վերը նշված մեխանիզմը սկսի աշխատել՝ պետությունը որոշ աշխատանքներ տանի դրսում, գտնի մի քանի պոտենցիալ գնորդներ եւ սկսի հավաքել տեղական արտադրողների պանիրը։ Ճիշտ է՝ հանրապետությունում պանրի գները կբարձրանան (կրկին ստիպված ենք հղում անել ոչխարների տխրահռչակ փորձին)։ Գայթակղությանը դիմանալը այս դեպքում շատ դժվար է լինելու։ Սա նշանակում է, որ եթե անգամ արտահանումը չհաջողվի, պանրի գների թանկացումից հնարավոր կլինի գերշահույթներ ստանալ նաեւ տեղական շուկայում վաճառելով։ Եվ շատ հավանական է, որ «համն առնելով»՝ ոմանք փորձեն արհեստական դեֆիցիտ առաջացնել։ Այսինքն՝ գնալ մեծ բլեֆի։ Ընդ որում, հասարակ պանիր արտադրողները դրանից հնարավոր է շատ քիչ շահեն, եւ գերշահույթները գնան վերավաճառողներին։

Նշենք, որ զարգացած աշխարհում բիզնես-բլեֆները շատ ընդունված են։ Օրինակ՝ բոլորովին վերջերս արեւմտյան հեղինակավոր թերթերից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Apple ընկերությունը ցանկանում է գնել Sony-ն։ Արդյունքում՝ Sony-ի բաժնետոմսերը մեկ օրվա մեջ թանկացան 3-4%-ով։ Հետո հրապարակման հեղինակը խոստովանել էր, որ ինքն «օդից է» վերցրել այդ լուրը՝ փորձելով սադրել ֆինանսական շուկայի խաղացողներին։

Պարզապես՝ մի բան է, երբ նման «օյիններ» խաղում են անհատ մարդիկ կամ մասնավոր ընկերությունները, մեկ այլ բան՝ պետությունը։ Մեր դեպքում, մարդկանց շատ քիչ մասն է համոզված, որ պետությունը նման բլեֆի չի գնա։ Մարդիկ կառավարությունից ամեն ինչ սպասում են։ Եվ այս դեպքում՝ մեր պանրագործները որոշել են առաջ ընկնել։ Պատճառը կա՝ կաթը մի քիչ թանկացել է, մենք էլ, ինչպես Արմեն Պողոսյանն է ասում, ֆրանսիացիներ չենք, որ բողոքի ակցիաներ կազմակերպենք գների թանկացման դեմ։ Կխոսենք, կդժգոհենք, եւ ի վերջո՝ կհամակերպվենք. հայերն առանց պանրի, այսպես թե այնպես, չեն կարող յոլա գնալ։