Անպատասխան թողնել պետք չէ

04/11/2010

«Ադրբեջանը չի սովորել պահել իր խոստումները. այն օրը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կնքվում էր գերիների եւ դիակների փոխանակման մասին համաձայնագիրը, այդ երկրի զինվորականները չէին դադարում կրակել սահմանում: Այնպես որ, համաձայնագիրն Ադրբեջանը կարող է ի կատար ածել մասամբ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Նաեւ հավելել է, թե ադրբեջանցիներն ամեն օր կրակում են Ղարաբաղի ուղղությամբ, իսկ «մերոնք հրամայում են չկրակել»: «Զուտ մարդկային առումով մենք ճիշտ ենք, սակայն ադրբեջանցիներին համարժեք պատասխան տալ է պետք: Դաժանությանը պետք է դաժանությամբ պատասխանել: Իսկ մենք ամբողջ ժամանակ լռում ենք»,- ասել է Կոմանդոսը: Խոսելով դեկտեմբերի 1-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից ունեցած իր ակնկալիքների մասին՝ նա նշել է, թե ղարաբաղյան հակամարտության մասով ինքը որեւէ առաջընթաց այդ հանդիպումից չի ակնկալում. «Պետք է մի բախում լինի, որպեսզի երկու կողմերը սկսեն հասկանալ միմյանց: Այժմ ամեն մեկը հասկանում է այն, ինչ ուզում է հասկանալ: Սակայն բանակցություններն, ամեն դեպքում, ավելի լավ են, քան պատերազմը: Իսկ Աստրախանում կայանալիք հանդիպումը եւ ձեռքսեղմումները հերթականն են լինելու»: Անդրադառնալով «Ճանապարհային քարտեզի» ընդունման հավանականության մասին խոսակցություններին, Կոմանդոսն ասել է. «Ճանապարհային քարտեզի» մասին խոսում են արդեն երկու տարի: Սակայն տարբերակներից ոչ մեկը կողմերին չի գոհացնում: Նա, ով «Ճանապարհային քարտեզ» է առաջարկում, ձգտում է որոշակի առաջխաղացման, ինչը, սակայն, չի ստացվում»: Անդրադառնալով «Ժառանգության» ներկայացրած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» նախագծին, նա ասել է, թե ճանաչելուց առաջ նախ՝ պետք է հստակեցնել, թե որոնք են Արցախի սահմանները. «Դուք գիտե՞ք Արցախի սահմանները: Մենք ուզում ենք ճանաչել Արցախը, սակայն Արցախը պետք է ունենա իր սահմանները: 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախը Անկախության հռչակագիր ընդունեց: 1994թ. մայիսին ստորագրվեց հրադադարի արձանագրությունը, որով սահմանվում է, որ Արցախի սահմաններն այն տարածքներն են, որոնք մենք ազատագրել ենք: Այսօր հայտնի չէ, թե ի՞նչ սահմաններ նկատի ունեն, ի՞նչ զիջումների են գնում: Նախկինում Հայաստանն ու Արցախը միասին էին ներկայացվում, այսօր՝ Հայաստանն առանձին, Արցախն առանձին են ներկայացնում»: Ըստ նրա` պետք է լուծել Արցախի սահմանների հարցը, հետո` մյուսները. «Ես կողմ եմ Արցախի ճանաչմանը, բայց չգիտեմ` ինչի՞ն կողմ լինեմ` 1991թ., թե՞ 1994թ. դրույթներին: Ես չեմ հասկանում՝ ո՞րն է Արցախը: Մենք չենք կարող Արցախը պատկերացնել առանց Քելբաջարի, առանց Լաչինի: Դրանք տարածքներ են, որոնց վերադարձի շուրջ կարծես խոսակցություններ կան»: Նա նաեւ հայտարարել է, թե կարեւորում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը, քանի որ դա հնարավորություն կտա, որպեսզի բարեկամ պետությունները, ինչպիսիք են, օրինակ, Հունաստանը, Սիրիան, Լիբանանը, նույնպես ճանաչեն Արցախը. «Եթե մենք չենք ճանաչել, ինչո՞ւ պետք է նրանք ճանաչեն»:

Նա անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` ասելով, որ թեեւ նշվում է, որ ԼՂՀ հիմնախնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, սակայն Մինսկի խումբը տարեցտարի անում է նոր հայտարարություններ, որոնք Հայաստանին ձեռնտու չեն: Ըստ նրա` նախկինում երբեք չէր հնչել «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, Ստեփանակերտը Խանքենդի չէին ասել, ուստի նա այսօր այլեւս չի պատկերացնում, թե ինչ ճանապարհով կլուծվի հիմնախնդիրը: Ի դեպ, Ա. Տեր-Թադեւոսյանի ասելով` պատերազմ վերսկսելու առումով այսօր Ադրբեջանի համար ամենանպաստավոր ժամանակաշրջանն է. «Մենք տեսնում ենք, որ Մինսկի խումբը կարծես «կանաչ լույս» է տվել: Սակայն ադրբեջանցիներն այդ քայլին չեն գնա` շատ լավ իմանալով հայ ազգին: Նրանք մեզ հետ ապրել են, 500.000 հայ է ապրել Բաքվում: Նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ է նշանակում՝ հայ, որը սիրում է իր երկիրը, հողը, պատրաստ է մեռնել հանուն հայրենիքի: Մենք այսօր պետք է հասկանանք ամենակարեւորը, թե ինչո՞ւ այնուամենայնիվ պատերազմ չի լինի: Ադրբեջանը երբեք չի որոշի պատերազմի գնալ, քանի որ մեր բանակը, ուժեղ բանակը, որն այսօր աջից ու ձախից քննադատության ենք ենթարկում, եւ մեր ազգը ուժեղ են: Մեր ազգն ու բանակը պատերազմի չվերսկսման երաշխիքն են»: