Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության, Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ գործում են թվով 11 ապահովագրական ընկերություններ՝ շուրջ 11 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով։ Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 1.38 միլիարդ դրամ։ Ապահովագրավճարների ընդհանուր մեծությունը 6.5 միլիարդ դրամ է, որից 3 միլիարդը փոխանցվել է վերաապահովագրող ընկերություններին։ Իսկ ապահովագրական հատուցումների համախառն մեծությունը կազմում է 1.324 միլիարդ դրամ։ Նշենք, որ ըստ հաշվարկների, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մեխանիզմի ներդրման արդյունքում միայն ավտոապահովագրման շուկայի ծավալը կկազմի 10-12 միլիարդ դրամ։ Փաստորեն՝ պետությունը օրենքի ուժով գրեթե եռապատկելու է ապահովագրական շուկայի շրջանառությունը։ Հանրապետությունում կա կես միլիոն ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրի համար կնքվելու է առանձին պայմանագիր։ ԿԲ տեղեկանքի համաձայն, այս պահի դրությամբ գործող բոլոր ապահովագրական պայմանագրերի թիվը (այդ թվում՝ ավտոապահովագրման) 60 հազար հատից պակաս է։