Օրերս Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) ազգային անվտանգության ռազմավարության մեջ ուղղումներ է մտցրել: Անկարայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, Իրանը: Ենթադրվում էր, որ դրանց շարքում կհայտնվի նաեւ Ռուսաստանը: Սակայն հակառակ կանխատեսումներին` Թուրքիան համարել է, որ դեռ վաղ է Ռուսաստանին իրենց բարեկամ կամ չեզոք վերաբերվող երկրների ցանկում ընդգրկելը: Առաջին անգամ 1949թ. ի վեր Անկարայի «կարմիր ցուցակի» մեջ էր ընդգրկվել Իսրայելը, ինչն անսպասելի չէր` հաշվի առնելով վերջին ժամանակների թուրք-իսրայելական բարդ հարաբերությունները: «Կարմիր ցուցակի» հաջորդ վերանայումը տեղի կունենա հինգ տարի հետո: Հետխորհրդային երկրների նկատմամբ թուրքական դոկտրինայի փոփոխությունների մասին «168 Ժամի» թղթակցին իր տեսակետն է ներկայացնում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության նախկին պետ, ՌԴ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:
– Լեոնիդ Գրիգորեւիչ, բացարձակապես անհասկանալի է, թե ինչո՞ւ էր մինչեւ հիմա Վրաստանը դասվում Թուրքիայի թշնամիների շարքը: Պաշտոնական Թբիլիսին Անկարային վաղուց է ընդգրկել իր ռազմավարական դաշնակիցների ցուցակում: Միասին մասնակցում են խոշոր նախագծերին, փոխվստահության մակարդակը բավական բարձր է: Թուրքական կապիտալի ներկայությունը Վրաստանի տնտեսության մեջ զգալի է: Պետությունների ղեկավարները խոսում են երկու երկրների միջեւ թափանցիկ կամ նույնիսկ պայմանական սահմանների մասին. արդեն աշխատում են համատեղ հսկիչ-անցակետերն ու մաքսակետերը: Եվ հանկարծ պարզվում է` Վրաստանը մինչեւ երեկ Թուրքիայի համար վտանգ էր ներկայացնում: Սա ի՞նչ պարադոքս է:
– Դե, հենց Վրաստանի հարցում ամեն ինչ բավական պարզ է: Վրաստանը Թուրքիայի թշնամիների ցուցակում է հայտնվել դեռ ԽՍՀՄ ժամանակներից: ԽՍՀՄ փլուզումից հետո Թբիլիսին աչքի էր ընկնում արտաքին քաղաքական կուրսի անկայունությամբ, թեեւ Անկարայի հետ միանգամից մտերիմ հարաբերություններ հաստատեց: Այդուհանդերձ, Թուրքիային ակնհայտորեն շփոթեցնում էին Վրաստանի տարուբերումները, եւ այլեւս վստահություն չկար նրա նկատմամբ: Չէ՞ որ Վրաստանը մեկ մտնում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեջ, մեկ էլ` 1999թ. որոշում չերկարացնել Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը: Մեկ Էդուարդ Շեւարդնաձեի օրոք մտավ ԱՊՀ կազմի մեջ, մեկ սպառնում էր դուրս գալ այդ Համերաշխությունից: Մեկ` նետվում էր Մոսկվայի գիրկը, մեկ` երես էր թեքում նրանից եւ շրջվում դեպի Վաշինգտոնը: Դե, Թուրքիան էլ սպասում էր` մինչեւ Վրաստանը վերջապես կողմնորոշվի: Այսօր Թբիլիսին հստակ կողմնորոշում ունի` թշնամական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, լիակատար ուղղվածություն դեպի Արեւմուտք եւ ձգտում դեպի ՆԱՏՕ: Այդ պատճառով թուրքերը նրանց գլուխը շոյեցին` պաշտոնապես հանելով իրենց սպառնացող երկրների ցուցակից:
– Սպասվում էր, որ Թուրքիայի «կարմիր ցուցակից» կհանվի նաեւ Ռուսաստանը` հատկապես հաշվի առնելով ամենաբարձր մակարդակով դրական հանդիպումները, տնտեսական հզոր նախագծերը եւ ընդհանրապես` միջպետական հարաբերությունների վերջին ժամանակների ընդհանուր դրական զարգացումը: Սակայն դա տեղի չունեցավ. Ռուսաստանը մնաց ոչ բարեկամ երկրների ցուցակում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ այդպես եղավ:
– Ես մի քանի հանգամանքներ կնշեի: Տեղի ունեցածը վկայում է Ռուսաստանի դիվանագիտության եւ, ընդհանուր առմամբ, դեպի հարավ ռազմավարական ուղղությամբ մեր արտաքին քաղաքականության թուլության մասին: Թերեւս հնարավոր էր ինչ-որ ձեւով աշխատել թուրքական կողմի հետ, որպեսզի մեզ հանեին թշնամի երկրների ցուցակից: Ակնհայտ է, որ մերոնք թերացել են: Երկրորդ` պետք է հաշվի առնել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի նկատմամբ նման որոշում կայացնելիս Թուրքիան ԱՄՆ-ի կողմից հզոր ճնշման տակ է գտնվել: Կարծում եմ` որոշակի փոխանակում է տեղի ունեցել. Իսրայելն ընդգրկվել է թշնամիների ցանկում, իսկ թուրք հասարակության մեջ Իսրայելն իրոք իբրեւ թշնամի է ընկալվում, եւ Անկարայի նման քայլը որոշակիորեն կարող է թելադրված լինել պոպուլիստական նկատառումներով, սակայն դրա փոխարեն՝ Վաշինգտոնը կարող էր պահանջել «կարմիր ցուցակի» մեջ թողնել Ռուսաստանին: Ամենայն հավանականությամբ, այստեղ նման մի առեւտուր է տեղի ունեցել: Սակայն, այդուհանդերձ, պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ Հարավային Կովկասում եւ ողջ տարածաշրջանում Ռուսաստանն ու Թուրքիան առայժմ հանդես են գալիս իբրեւ մրցակիցներ: Ենթադրում եմ, որ Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարության հաջորդ վերանայումը մի փոքր այլ կլինի` արդեն հօգուտ մեզ. հավանաբար Ռուսաստանը կհանվի այդ ցուցակից: Դրա համար նախադրյալներ կան: Այսօր Թուրքիան անցումային փուլում է: Նա դեռ ամբողջովին դուրս չի վռնդվել Եվրոպայից. նրան պահում են ՆԱՏՕ-ի կազմում, սակայն Եվրամիություն չեն թողնում: Թուրքիան շրջվում է կամ արդեն շրջվել է իսլամական աշխարհի կողմը: Սակայն այսօր բոլոր խաղացողներն իրենց այնպես են պահում, ասես Թուրքիան դեռեւս չի հանդիսանում իսլամական աշխարհի դաշնակիցը: Նրան գործընկերներ են հարկավոր: Չեմ բացառում եւս մի բան. ինձ, չգիտես ինչու, թվում է, որ Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ սեպտեմբերի 6-ին ստորագրված ռազմական համագործակցության մասին պայմանագիրը կարող էր վերջին պահին թուրք փորձագետներին մղել այն բանին, որ Ռուսաստանին թողնեն թշնամի երկրների ցուցակում: Մենք ո՞ւմ դեմ պիտի համագործակցենք եւ ինֆորմացիա փոխանակենք Իսրայելի հետ: Այսինքն` ռազմական համագործակցությունը դեռեւս միություն չէ, բայց արդեն համագործակցություն է ինչ-որ մեկի դեմ. սա արդեն հայտնի է: Արդեն հստակ երեւում է, որ Ռուսաստանն ըստ էության համաձայնել է եւ՛ ինֆորմացիա հայթայթել, եւ՛ Իսրայելին ինչ-որ բան տրամադրել՝ հենց ընդդեմ իսլամական աշխարհի: Ի պատասխան սրա՝ մենք ստացանք այն, ինչ ստացանք:
– Թուրքիան իր «կարմիր ցուցակից» հանել է Հայաստանին: Պարզ է, որ այս երկրներն անհամեմատելի են իրենց հզորությամբ, սակայն Հայաստանում է գտնվում ռուսական ռազմակայանը, որը երաշխավորում է երկրի անվտանգությունը…
– Այստեղ ներքին գործընթացներ են տեղի ունենում: Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում տերուտնօրեն լինել: Եվ նա պարզապես մեր եւ Հայաստանի հետ, այսպես ասած, խաղ է խաղում. թե` ահա տեսեք, մենք Ռուսաստանին թողել ենք թշնամի երկրների ցուցակում, իսկ ձեզ (Հայաստանին) մոտեցրել ենք մեզ: Անկարայի գործողությունները նման են Հայաստանին Ռուսաստանից պոկելու, իր թեւի տակ քաշելու փորձերի: Այսպես ասենք. ինչ-որ մեկը, թուլացնելով հայ-ռուսական դիրքերն ու կապերը, փորձում է Հայաստանին քաշել դեպի ՆԱՏՕ: Ինձ թվում է, որ տվյալ դեպքում Հայաստանին «կարմիր ցուցակից» հանելով եւ Ռուսաստանի՝ այդ ցուցակում մնալը երկարաձգելով` Մոսկվայի դեմ կորպորատիվ խաղ է տարվում: Չէ՞ որ այսօր Հայաստանն ինքն էլ է երկընտրանքի առջեւ. եւ՛ ուզում է Ռուսաստանի հետ լինել, քանի որ Ռուսաստանը նրա անվտանգության երաշխավորն է, եւ՛, իհարկե, ձգվում է դեպի Արեւմուտք: Նույնիսկ դեպի Թուրքիայի կողմն է ձգվում: Իմ կարծիքով` սա հետեւանքն է այն բանի, որ Ռուսաստանն իր հարավային աշխարհաքաղաքական ուղղությամբ հզոր, ամբողջական ռազմավարություն չունի: Եվ սա ամորֆ է դարձնում նաեւ մեր դաշնակիցներին: Մեր դաշնակիցներին, այդ թվում եւ՝ Հայաստանին, զրկում է վստահությունից եւ համոզվածությունից, թե դժվարին իրավիճակում Ռուսաստանը կաջակցի իրենց: