ԼՂ խնդրի կարգավորման հարցում ինչ-որ առաջընթացի կարելի է սպասել միայն դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Բեռլինի Բերտոլդ Բեյցի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Միաժամանակ, նա նշել է, թե դա, ամենայն հավանականությամբ, կլինի հռչակագրային հայտարարությունը, որը կողմերին կոչ կանի լուծում գտնել ԼՂ խնդրին, քանի որ միջազգային հանրությունը չի կարողանում կշեռքի նժարը թեքել այս կամ այն կողմը: «Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների Աստրախանի եռակողմ հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը հավատարիմ են խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն, սակայն, ցավոք, կողմերը պատրաստ չեն գնալ փոխզիջումների»,- նշել է փորձագետը` հավելելով, թե ներկայումս միջազգային հանրությունը հակված է պաշտպանել ԼՂ գոտում ստեղծված ստատուս-քվոն: Միաժամանակ Ռարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը Ղարաբաղին ինքնիշխանություն տալն է. «Բայց դժվար է ասել, թե երբ դա կլինի, քանի որ հիմա կողմերը փոխզիջումների պատրաստ չեն գնալ»: